«Սասունցի Դավիթ» մուլտֆիլմն ամբողջությամբ պատրաստ կլինի այս տարեվերջին: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Ըստ նրա, արդեն ավարտվել են մուլտֆիլմի նկարահանման հիմնական աշխատանքները: Բոլոր 8 մասերը պատրաստ են, սակայն անհրաժեշտություն կա անդրադառնալ նկարահանված առաջին 3 սերիաներին, որոնք որակական առումով չեն համապատասխանում այսօրվա չափանիշներին:
Գ. Գեւորգյանի տեղեկացմամբ, եթե դրանց պատկերներն ինչ-որ առումով հնարավոր է շտկել, ապա ձայնը` ոչ, ուստի ստիպված են կրկին ձայնագրել այդ սերիաները: Մուլտֆիլմի նկարահանումները սկսվել են 2002-ին. ժամանակին զուգընթաց զարգանում է տեխնոլոգիան, փոխվում են մոտեցումները, ձայնային, որակական չափանիշները եւ այլն: Բացի սերիաների` որակական առումով միմյանց չհամապատասխանությանը, բոլոր մասերը մեկ ֆիլմում ներկայացնելու համար անհրաժեշտություն կա եւս 5 րոպե նյութ նկարահանել: «Հիմա այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: Սերիաներն առանձին ցուցադրելն այն ազդեցությունը չէր ունենա, ինչ ամբողջությամբ: Այդ պատճառով որոշեցինք այն հասարակությանը ներկայացնել ամբողջապես պատրաստ լինելուն պես»,- ասել է Գ. Գեւորգյանը: