Նախօրեին Վիեննայում մեկնարկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված հայ-ադրբեջանական հասարակական ֆորումը, որի կազմակերպիչը բրիտանական «Ինթերնեշնլ ալերթ» կազմակերպությունն է: Ֆորումին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասյեն: Վերջինս մասնավորապես հայտարարել է, որ փոխզիջումը դիրքերի նահանջ չէ, այլ խնդրի լուծում` առանց պարտվածների: Նա նշել է, որ նոր պատերազմի կարող է բերել ինչպես Ղարաբաղի անկախության ճանաչումը, ինչին չի գնում անգամ Հայաստանը, այնպես էլ այն Ադրբեջանին վերադարձնելու փորձերը: Ֆասյեն ասել է նաեւ, որ, իհարկե, մադրիդյան սկզբունքները իդեալական չեն, սակայն ոչ իդեալական փոխզիջումը իդեալական պատերազմից լավ է: «Համեմատաբար իրատեսական տարբերակը ներկայումս հայ զինվորականների կողմից վերահսկվող տարածքները Ադրբեջանին վերադարձնելն է, եւ անվտանգության երաշխիքները հաշվի առնելով՝ ԼՂ ժամանակավոր կարգավիճակի մշակումը, որն ընդունելի կլինի Բաքվի ու Երեւանի համար: Խնդրի լուծման մյուս մասն այսօր անլուծելի է եւ միայն 5-10 կամ 15 տարի հետո` ադրբեջանական համայնքի վերադառնալուց հետո հնարավոր է ԼՂ բնակչության ինքնորոշումը»,- հայտարարել է նա: Իսկ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է. «Ես չգիտեմ, որքանով են Սարգսյանն ու Ալիեւը սիրում եւ հարգում միմյանց, բայց ինձ թվում է, որ նրանց միջեւ կա փոխադարձ վստահություն: Սակայն հասարակությունները մնում են իրենց նախկին դիրքորոշումներում»: Բրայզան ասել է նաեւ, թե հասկանում է ԼՂ հայերի մտավախությունը, որոնք անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեն ցանկանում վերադարձնել իրենց կողմից վերահսկվող տարածքները: «Սակայն դա տեղի է ունենալու միջազգային երաշխիքների, ոչ թե միայն Ադրբեջանի երաշխիքների ներքո»,- նշել է նա: