Ադրբեջանը սկսել է սեփական զենքերի արտադրությունը եւ այդ նպատակով առաջիկա տարիներին նախատեսում է բացել 17 նոր գործարաններ: Դրանցում կարտադրվի 435 տեսակի զենք ու զինամթերք: Ըստ թուրքական «Դունյաբուլթենի» թերթի, Ադրբեջանը մտադիր է իր ռազմարդյունաբերության գործարաններում արտադրել զրահապատ մեքենաներ, նռնակներ, ռումբեր եւ այլ տեսակի զենքեր, ինչի նպատակով Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Իտալիայից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ այլ երկրներից ներմուծել է 5000-ից ավելի տեխնոլոգիական սարքավորումներ: Ավելին` թերթի տվյալներով, Ադրբեջանում օրերս տեղի է ունեցել սեփական արտադրության «Մատադոր» կոչված զրահապատ մեքենայի շնորհանդեսը: «ԱՊՀ երկրներում նախադեպը չունեցող ադրբեջանական զրահապատ մեքենան համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին: BTR-70M մեքենաների արդիականացումը սկսած, Թուրքիայի հետ համագործակցող եւ դեկտեմբերին թուրքական Roketsan ընկերության հետ համաձայնագիր ստորագրած Ադրբեջանը մտադիր է մարտից սկսել հրթիռների արտադրություն»,- գրում է թերթը` ավելացնելով, որ Ադրբեջանում արտադրվող հրթիռների մասերը կհավաքվեն Թուրքիայում: Նշվում է նաեւ, որ արտադրվելիք TR-107 եւ TRB-107 հրթիռները կարող են վերացնել թիրախը մինչեւ 11 կմ հեռավորության վրա: Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը նախատեսում է մինչեւ 2016թ. սկսել արտադրել ինքնաթիռային ռումբեր, ուրվական ինքնաթիռներ եւ ռազմական ուղղաթիռներ: Թուրքական թերթի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ն եւ ՄԱԿ-ը բազմիցս հակազդել են Ադրբեջանին` սպառազինությունների ավելացման համար, ինչը Բաքուն արհամարհել է: «Ադրբեջանի ղեկավարության նոր մոտեցումը բանակը հզորացնելն ու այն հարկադրող ուժի վերածելն է: Ռուսաստանից եւ Իրանից հետո, զինվորների թվաքանակով ադրբեջանական բանակը տարածաշրջանում առաջին տեղում է»,- գրել է «Դունյաբուլթենի» թերթը: