«Այս ընտրություններին (Երեւանի քաղաքապետի` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին.- Հ.Մ.) մենք ցույց ենք տվել հնարավորինս կոռեկտ, այսպես կոչված, քաղաքագիտական հաշվարկի տեսակետից ճշգրիտ մոտեցում»,- երեկ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Ըստ նրա՝ իշխանությունների համար ցանկալի կլիներ, որ որքան հնարավոր է շատ ուժեր մասնակցեին Երեւանի ավագանու ընտրություններին, ընդ որում, ընդդիմադիր ուժերն էլ հանդես գային ոչ թե միասնական ցուցակով, այլ առանձին- առանձին: «Մեր խորին համոզմամբ, իշխանության եւ իշխանամետ ուժերի կողմնորոշումն ընտրությունների հետ կապված առավել բազմաճյուղ մասնակցությունն էր, որը հնարավորություն պետք է տար, ըստ այդ մանրակերտի, ըստ այդ մոդելի, մաքսիմալ ձայներ ստանալու»,- ասաց Վ. Խաչատրյանը: Ուստի, ըստ նրա, «Ժառանգությունը», գիտակցելով սա, փորձել է անել ամեն ինչ, որ ընդդիմությունը հանդես գա միասնական ցուցակով: «Մենք հակված էինք այն տեսակետին, որ անհրաժեշտ է միասնական ընդդիմադիր ցուցակ: Այսինքն՝ այդ բազմաճյուղ ընդդիմության ձայների վրա իշխանության` նորից խաղալու տարբերակը հնարավորինս կոտրել, հաղթահարել կարելի էր հավաքական ուժի գործունեության դեպքում, ինչը բազմիցս հայտարարել ենք, փորձել ենք իրականացնել բանակցությունների միջոցով»,- նշեց Վ. Խաչատրյանը: Սակայն միասնական ցուցակի ձեւավորումը չհաջողվեց, եւ ըստ Վ. Խաչատրյանի՝ այդ հաղթաքարտը չփոշիացնելու համար է, որ «Ժառանգությունը» գնաց այնպիսի ծայրահեղ միջոցի, ինչպիսին ընտրություններին չմասնակցելու որոշումն է: «Դրա համար հայցում ենք մեր ընտրողների ներողամտությունը»,- հայտարարեց Վ. Խաչատրյանը` հավաստիացնելով, որ սրանից հետո «Ժառանգությունը» մասնակցելու է բոլոր ընտրություններին, եւ որեւէ բացառություն այլեւս չի լինելու: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ հավելեց, որ «Ժառանգությունը» ամեն ինչ անելու է, «որպեսզի այս վերջին շաբաթվա իրադարձություններից հետո առաջացած որոշակի հուսահատությունը, ապատիան չեզոքացվի, վերանա ժողովրդի միջից»: «Ակտիվ մասնակցելու եւ ընդդիմությանը ձայնը տալու մեր կոչը հենց այդ տրամաբանության մեջ էր տեղավորվում»,- ասաց Հ. Խուրշուդյանը: Պատասխանելով այն հարցին, թե, ի վերջո, որո՞նք էին պատճառները, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» միասին հանդես չեկան, Հ. Խուրշուդյանը նշեց, որ այդ հարցը վերլուծության կարիք ունի, բայց այսօր այդ պահը չէ, քանի որ միասնության չկայացման մասին վերլուծություններն այսօր չեն նպաստի ընդդիմության ընդհանուր գործին: «Այսօր այլ խնդիր է դրված, խնդիրը ընդդիմության հաղթանակն է»,- ասաց կուսակցության մամուլի խոսնակը` հավելելով, որ ընտրություններում ՀԱԿ-ի հաղթելու շանսերը շատ բարձր է գնահատում: Նա նաեւ ափսոսանք հայտնեց, որ «Ժառանգությանը» սեւացնելու իշխանական ԶԼՄ-ների տարիներով շարունակվող տեւական ջանքերին միացան նաեւ որոշ ընդդիմադիր թերթեր: Լրագրողներից մեկի այն հարցին, թե այդ հրապարակումներն արդյոք ուղղորդվա՞ծ էին ՀԱԿ-ի կողմից, կուսակցության ներկայացուցիչները պատասխանեցին, թե «Ժառանգության» ու ՀԱԿ-ի միջեւ թշնամական հարաբերություններ կամ էլ լարվածություն չկա: «Ամեն դեպքում, ցավալի է, որ սա է մեր այսօրվա իրավիճակը: Բայց կարծում եմ՝ հասարակությունը երբեք հալած յուղի տեղ չի ընդունում այդ հրապարակումները, ավելի սթափ է դատում` ելնելով կուսակցությունների գործունեությունից ու հասկանալով, որ շատ դեպքերում նման հոդվածները պարզապես պատվեր են»,- նշեց Հ. Խուրշուդյանը: «Մենք հայրական մեծահոգությամբ ու ներողամտությամբ ենք մոտենում այս խնդրին, իսկ մեր կողմից այդ մակարդակի իջնելու որեւէ տարբերակ չի դիտարկվել»,- ավելացրեց Վ. Խաչատրյանը: Իսկ այդ հրապարակումներով եւ «Ժառանգության» առաջարկած տարբերակները մերժելով՝ Կոնգրեսն արդյոք «Ժառանգությանը» չեզոքացնելու նպատակ չի՞ հետապնդել: Պատասխանելով լրագրողների այս հարցին` Հ. Խուրշուդյանն ասաց. «Չենք ուզում հավատալ, որ նման միտում իսկապես եղել է»: «Իսկ ընդհանրապես «Ժառանգությանը» հնարավո՞ր է չեզոքացնել: Ես շատ դժվար եմ պատկերացնում, որովհետեւ ընտրազանգվածի տրամադրությունները, որի վերաբերյալ մենք ուսումնասիրություններ ենք կատարել, ցույց են տալիս, որ նման բան չի կարող լինել»,- նույն հարցին պատասխանելով՝ ասաց Վ. Խաչատրյանը: Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե «Ժառանգության» ներսում որոշակի դժգոհություններ են առաջացել ՀԱԿ-ի առաջարկը չընդունելու կապակցությամբ, Վ. Խաչատրյանը նշեց, որ իրենք երեք հանդիպում են ունեցել մայրաքաղաքի կուսակցական ակտիվի հետ, եւ նման բան չկա: «Միակ բանը, որ թերթերում չգրվեց, դա այն էր, որ հացադուլավորներ են նստել տարբեր տեղեր «Ժառանգություն» կուսակցությունից, եւ, որ որոշ մարդիկ ինքնասպան են եղել»,- փորձեց կատակել Վ. Խաչատրյանը: Իսկ արդյո՞ք անակնկալ էր իրենց համար այն, որ ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ միասնական ցուցակով հանդես գալ: «Մեր համար ավելի սպասելի կլիներ, եթե ցուցակի հետ կապված հարցերը լուծվեին քննարկման միջոցով: Այս առումով ինչ-որ չափով անակնկալ էր»,- պատասխանեց Վ. Խաչատրյանը: Անդրադառնալով իշխանական պատգամավորների կողմից ԱԺ-ի հայտարարությունների ժամանակ իրենց ուղղված պաշտպանական ելույթներին, «Ժառանգության» անդամները նշեցին, որ իրենք նման պաշտպանների ու դատապաշտպանների կարիք չունեն: «Ժառանգությունը բոլոր որոշումները կայացնում է ինքնուրույն, եւ արտաքին գործոնների, հատկապես` մամուլի ազդեցություն չկա»,- հայտարարեց Վ. Խաչատրյանը: