Ճգնաժամ

27/03/2009

Օբաման դեմ է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դոլարի դիրքերը համարում է «չափազանց ուժեղ» եւ համաշխարհային միասնական արժույթի անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Քանի որ ես վստահ եմ ամերիկյան տնտեսության հարցում, նշեմ, որ այժմ դոլարը չափազանց ուժեղ է»,- ասել է Բարաք Օբաման: Նրա խոսքով, «դոլարի ուժեղ դիրքերի համար հիմք է ծառայում այն, որ ներդրողներն ԱՄՆ-ը համարում են աշխարհի ամենաուժեղ տնտեսությունը եւ ամենակայուն քաղաքական համակարգը»: Պատասխանելով նոր համաշխարհային պահուստային արժույթի սահմանման անհրաժեշտության մասին մի շարք երկրների արած առաջարկություններին վերաբերող հարցին` Օբաման ասել է. «Ես չեմ կարծում, որ գլոբալ արժույթն անհրաժեշտ է»: Հիշեցնենք, որ վերազգային պահուստային արժույթի անցնելու գաղափարը վերջին օրերին արտահայտել են մի շարք պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի ներկայացուցիչները։

Տնտեսականից` քաղաքականի

Եվրամիության նախագահող երկրում` Չեխիայում, ֆինանսատնտեսական ճգնաժամը վերածվել է քաղաքական ճգնաժամի: Համենայնդեպս, վարչապետին ուղղված հիմնական մեղադրանքները խորհրդարանում կառավարությանը վստահություն հայտնելու վերաբերյալ քվեարկությունից առաջ վերաբերել են հենց երկրի տնտեսական ծանր վիճակին: Վարչապետ Սիլեկ Տոպոլանեկը չի կարողացել հաստատվել իր պաշտոնում: Պատգամավորները անվստահություն են հայտնել նաեւ նախարարներին: Չեխիայում սպասվում են արմատական քաղաքական փոփոխություններ: Սա ոչ միայն Եվրամիությունում, այլեւ Չեխիայում սպասված իրադարձություն չէր: Ենթադրվում էր, որ տնտեսական ճգնաժամի հետեւանքով իշխանությունը կորցնելու վտանգը կառավարությունը որեւէ կերպ կհաղթահարի: Այնուամենայնիվ, որոշ քաղաքագետներ նշում են, որ վարչապետի ձախողումը կապված է ոչ միայն տնտեսական ճգնաժամի, այլեւ երկրում կուտակված մի շարք այլ հիմնախնդիրների հետ, որոնցից մեկն էլ հակահրթիռային պաշտպանության ամերիկյան ծրագիրն է: Այս հարցի վերաբերյալ վեճերը Չեխիայի քաղաքացիներին բաժանել էին երկու հակադիր ճամբարների:

Տնտեսականից` սոցիալականի

ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները չեն բացառում, որ տնտեսական ճգնաժամը կարող է վերաճել սոցիալականի: Այդ մասին Համագործակցության մասնակից պետությունների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների երեկվա խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը գլխավորող Ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը: «Բոլոր պետություններում պետական արժույթի արժեզրկում է տեղի ունեցել, արդյունաբերության օբյեկտները կրճատել եւ նույնիսկ կանգնեցրել են արտադրությունը, աճել է գործազրկությունը, քրեական հանցագործությունների աճի լուրջ սպառնալիքներ են ստեղծվել: Այդ կապակցությամբ կարելի է խոսել այն մասին, որ տնտեսական ճգնաժամը կվերաճի նաեւ սոցիալականի»,- ասել է Նովիկովը: Նրա խոսքով` արտակարգ հակաճգնաժամային միջոցառումներն այսօր ԱՊՀ պետությունների բոլոր կառավարությունների օրակարգում են: «ԱՊՀ շատ երկրներում ընդունվել են հակաճգնաժամային տնտեսական ծրագրեր: Համագործակցության պետությունների առանց բացառության բոլոր հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմիններն ահաբեկչության եւ ծայրահեղականության ակտիվացման սպառնալիքների մոնիտորինգ են անցկացնում` կապված հենց սոցիալ-տնտեսական պարամետրերի փոփոխման հետ: Մոնիտորինգի արդյունքների հիման վրա իրադրության զարգացման սցենարներ են մշակվում»,- հավելել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը:

Ճգնաժամից` պատերազմ

«Գլոբալ տնտեսական ճգնաժամը կարող է հանգեցնել սոցիալական հուզումների եւ նույնիսկ պատերազմների»,- երեքշաբթի օրը հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը: Ըստ նրա, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներն ավելի են մոտեցնում այդ հնարավոր հետեւանքները: Ստրոս-Կանը հայտարարել է, որ չնայած միլիարդավոր դոլարներ են ներարկվում համաշխարհային տնտեսության մեջ, սակայն դրան ուղղակի փլուզում է սպասում, եթե չիրականացվի ֆինանսական հատվածի զանգվածային բարեփոխում: Աշխատանքի միջազգային կազմակերպության նիստի ժամանակ Ստրոս-Կանը զգուշացրել է, որ գլոբալ տնտեսական ճգնաժամը վտանգ է ներկայացնում միլիոնավոր մարդկանց համար, ովքեր պետք է ապրեն աղքատության մեջ: «Դուք կարող եք ստեղծել այնքան խթաններ, որքան կուզեք»,- այսպես է մեկնաբանել տնտեսության բյուջետային խթանումը ԱՄՀ ղեկավարը: Օրինակ` այն, ինչ առաջարկում է իրականացնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը (տնտեսության խթանում ներարկումների հաշվին): Ըստ Ստրոս-Կանի, «այդ միջոցներն ուղղակի կհալվեն, ինչպես ձյունն արեւի վրա»: ԱՄՀ ղեկավարը ավելացրել է, որ աշխարհում իրավիճակը բավականին լարված է, իսկ գործազրկության բարձր մակարդակը բազմաթիվ երկրներում կբերի բնակչության հուզումների եւ «ժողովրդավարության համար որոշ վտանգների առաջացմանը, իսկ որոշ դեպքերում, վերջին հաշվով, նաեւ պատերազմների»:

Ճգնաժամն «ամերիկյան վիրուս է»

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին համաշխարհային ֆինանսական ճգնաժամը որակել է՝ որպես «ամերիկյան գրիպ, իտալական տնտեսության առողջ մարմինն ախտահարած վիրուս»: Այս հայտարարությունը Բեռլուսկոնին արել է` հանդես գալով «Կարմիր սլաք» նոր գերարագ գնացքի մեքենավարի դերում, որը Սիցիլիա կղզին կկապի Ապենինյան թերակղզու հետ: «Դա ամերիկյան գրիպ է, այդ վարակը մեզ մոտ հայտնվել է Ամերիկայից եւ ախտահարել առողջ մարմինը… Մենք բոլորս փորձում ենք ազատվել դրանից»,- ասել է Բեռլուսկոնին: Բեռլուսկոնիի կարծիքով` Իտալիան, շնորհիվ իր առողջ բանկային համակարգի եւ արտաքին պարտքի ցածր մակարդակի, շուտով կհաղթահարի ճգնաժամը: Սակայն նա միաժամանակ կոչ է արել իր հայրենակիցներին՝ ավելի համառորեն աշխատել: Փորձագետները կանխատեսում են, որ 2009 թվականին Իտալիայի ՀՆԱ-ն կնվազի 3 տոկոսով:

Աշխատում են վնասով

Ռուսաստանի դաշնային վիճակագրական ծառայությունը 1998թ. ի վեր առաջին անգամ արձանագրել է, որ 2008թ. դեկտեմբեր եւ 2009թ. հունվար ամիսներին Ռուսաստանի մեծ թվով ընկերություններ ընդհանուր առմամբ աշխատել են վնասով: Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2009թ. հունվար ամիսը ռուսական ընկերությունները (առանց հաշվի առնելու փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, բանկերին, ապահովագրական ընկերություններին, բյուջետային եւ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին) ընդհանուր առմամբ փակել են բացասական արդյունքով. շահույթ հանած վնասը կազմել է մինուս 184.4 մլրդ ռուբլի (5.2 մլրդ դոլար): Ընդ որում, հունվարին այդ ընկերություններից 32.9 հազարը ստացել են 517.4 մլրդ ռուբլի շահույթ, իսկ 20.9 հազարը կրել են 701.8 մլրդ ռուբլու վնաս:

Ամերիկացիներն ավելի խելացի դուրս եկան

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան հայտարարել է, որ համաշխարհային ավիաարդյունաբերությունը այս տարի շուրջ 5 մլրդ դոլարի կորուստ է կրելու, ինչը պայմանավորված է համաշխարհային տնտեսական անկման պայմաններում ուղեւորների եւ օդային բեռնափոխադրումների թվի անկմամբ: Ստեղծված պայմաններում ավիաուղիները փորձելու են խնայել կանխիկ գնումները, ինչի հետեւանքով տուժելու են նաեւ «Boeing»-ը եւ «Airbus»-ը: Ավելի վաղ ասոցիացիան կանխատեսել էր, թե 2009թ. ավիաընկերությունները 2,5 մլրդ դոլարի կորուստ են կրելու: Ըստ ասոցիացիայի հայտարարության, ճգնաժամը վերափոխում է օդատրանսպորտային արդյունաբերությունը: Ավիափոխադրողների եկամուտները նվազելու են 12%-ով: Ամենածանր հարվածը հասցվելու է Ասիայի խաղաղօվկիանոսյան հատվածին, որտեղ ավիափոխադրողներն այս տարի 1,7 մլրդ դոլար են կորցնելու: Իսկ ամերիկյան ավիաընկերությունները, ընդհակառակը, ըստ կանխատեսման, 100 մլն դոլարի շահույթ կստանան, քանի որ ուղեւորների հոսքի անկմանը զուգընթաց` հասցրել էին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:

Եկամուտները նվազել են 56%-ով

Ռուսական քաղաքների կեսը տուժել է ճգնաժամից: Այս մասին երեկ հայտնել է ՌԴ մարզային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը` ելույթ ունենալով Պետդումայում տեղական ինքնակառավարման համառուսական խորհրդի նիստի ժամանակ: Նախարարության գնահատականով, որը ներկայացրել է Վ. Բասարգինը, ռուսական քաղաքների եւ մարզերի 10%-ում իրավիճակը դեռ կայուն է: «Մի շարք վարչատարածքային միավորներում ճգնաժամը վնասել է տնտեսության հատվածին եւ սոցիալական ոլորտին, բայց այդ ազդեցությունը չի կարող անդառնալի հետեւանքներ առաջացնել»,- ասել է նախարարը` ընդգծելով, որ խոսքը գնում է մունիցիպալ հաստատությունների 40 տոկոսի մասին: Նշենք, որ ճգնաժամի ֆոնին ռուսների 56 տոկոսն արձանագրել է եկամտի նվազում վերջին ամսվա ընթացքում: Այդպիսի տվյալներ ավելի վաղ ներկայացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնը:

Նաեւ չինացիները

PetroChina Ltd. խոշորագույն չինական նավթագազային ընկերության զուտ շահույթը 2008 թվականին կրճատվել է 22 տոկոսով` հասնելով մինչեւ 16.78 մլրդ դոլարի` 21.53 մլրդ դոլար շահույթի դիմաց, որը ստացվել էր 2007 թվականին: Ինչպես նշվում է ընկերության ֆինանսական հաշվետվությունում, ընկերության եկամուտը տվյալ ժամանակահատվածում աճել է 28 տոկոսով եւ կազմել է 156.9 մլրդ դոլար` 2007 թվականի 122.65 մլրդ դոլարի դիմաց: 2008 թվականին ընկերության նավթահումքային պաշարները կրճատվել են 4.1 տոկոսով: Ընդ որում, նավթի եւ գազի արդյունահանումն աճել է 5.7 տոկոսով` կազմելով 1.18 մլրդ բարել նավթային էկվիվալենտով: PetroChina-ն անբարենպաստ ֆինանսական ցուցանիշները կապում է տնտեսական ճգնաժամի պատճառով պահանջարկի կրճատման հետ: Խոշորագույն PetroChina Ltd. ընկերությունը 2007 թվականի հոկտեմբերին դարձավ իր կապիտալիզացիայով աշխարհում երկրորդ խոշորագույն ըկերությունը ամերիկյան ExxonMobil Corp նավթային ընկերությունից հետո:

Նավթի գներն աճում են

Նավթի գները մարտի 23-ին շարունակել են աճել` թարմացնելով 2009թ. մաքսիմումը: Նյու Յորքում WTI տարատեսակի նավթի մեկ բարելը թանկացել է 1.73 դոլարով` հասնելով 53.8 դոլարի: Լոնդոնում Brent տարատեսակի նավթն աճել է 2,25 դոլարով` մինչեւ 53,47՝ դոլար մեկ բարելի դիմաց մակարդակի: Իսկ մարտի 24-ին նավթային գնանշումները երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքում գերազանցել են բարելի դիմաց 53 դոլարը` հետեւելով ֆոնդային բորսաների աճին:

Ինդեքսների կտրուկ աճի պատճառ է դարձել ԱՄՆ Ֆինանսների նախարարության պլանը, որը նախատեսում է ձեռք բերել բանկերի խնդրահարույց ակտիվները մասնավոր կապիտալի ներգրավմամբ: Ամերիկյան թեթեւ նավթի մայիսյան ֆյուչերսների գները երեկ նվազել են 0.21 դոլարով` մինչեւ 53.59 դոլար, այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը նավթի մեկ բարելի արժեքն աճել էր մինչեւ 53.80 դոլար: Brent տարատեսակի նավթը երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքում նվազել է 0,22 դոլարով` մինչեւ 53,25 դոլար: «Ցանկացած աճ կարճաժամկետ է լինելու, քանի որ էներգետիկ շուկաները արտացոլում են համաշխարհային տնտեսության վիճակը»,- ասել է Սինգապուրի «Hudson Capital Energy»-ի տարածաշրջանային տնօրեն Ջոնաթան Կորնաֆալը: «Երբ թրեյդերները կիմաստավորեն ամերիկյան Ֆինանսների նախարարության պլանը եւ կհասկանան, որ մոտակա ամիսներին եւ նույնիսկ տարիներին ինֆլյացիայի կամ դոլարի թուլացման վտանգներ չկան, շուկան նորից կնվազի»,- ավելացրել է նա: