ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) նախօրեին հրապարակել է ապաստան հայցողների վերաբերյալ հերթական` 2008թ. զեկույցը: Զեկույցի համաձայն, անցած տարի աշխարհում զգալիորեն աճել է ապաստան հայցողների թվաքանակը: 2007թ. գրանցված 321.471 դիմումի փոխարեն՝ 2008թ. այլ երկրներում ապաստան է խնդրել 365.346 մարդ: Այս ցուցանիշի աճ է գրանցվել նաեւ Հայաստանում: Ապաստան հայցողների ծագման երկրների շարքում առաջատարը Իրաքն է` 40.483 դիմում: Նրան հետեւում են Սոմալին (21.823), Ռուսաստանը (20.477), Աֆղանստանը (18.459), Չինաստանը (17.428), Սերբիան (15.204), Նիգերիան (13.708), Պակիստանը (13.268), Էրիթրեան (12.309) եւ Մեքսիկան (12.169): Այս ցանկում Հայաստանը զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը: Հայաստանից այլ երկրներում ապաստանի դիմում են ներկայացրել 4368 հոգի: Համեմատության համար նշենք, որ Իրանը 11-րդն է (10.813 դիմում), Թուրքիան 13-րդն է (7427 դիմում), Վրաստանը 16-րդն է (5548 դիմում), իսկ Ադրբեջանը 39-րդն է (1834 դիմում): 2007թ. նկատմամբ նախորդ տարի ապաստան հայցողների թիվը զգալիորեն աճել է Զիմբաբվեում, Աֆղանստանում, Սոմալիում, Նիգերիայում, Մալիում, Գանայում: Այս երկրներից արտերկրում ապաստան հայցողների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 70-100 տոկոսով: Հայաստանի դեպքում այս ցուցանիշն աճել է 11 տոկոսով: Վրաստանում ցուցանիշը կազմել է՝ 36, իսկ Ադրբեջանում` 22 տոկոս: Ինչ վերաբերում է ընդունող երկրներին, ապա UNHCR-ի զեկույցի համաձայն, 2008թ. այս ցուցանիշը էական փոփոխությունների չի ենթարկվել: Ապաստանի դիմումները հիմնականում ներկայացվում են եվրոպական երկրներին, ԱՄՆ-ին, Կանադային, Ավստրալիային ու Նոր Զելանդիային: Բացարձակ թվերով դիմում ստացող երկրների ցանկը գլխավորում է ԱՄՆ-ը, որը 2008թ. ստացել է 49.020 դիմում: ԱՄՆ-ին հետեւում են Կանադան (36.900), Ֆրանսիան (35.160), Իտալիան (31.160), Մեծ Բրիտանիան (30.550), Շվեդիան (24.350), Գերմանիան (21.370), Հունաստանը (19.880), Շվեյցարիան (16.610): Ընդունող երկրների առաջին տասնյակը ստացված 14.430 դիմումով եզրափակում է Նորվեգիան:
Նախկին ԽՍՀՄ-ից այս ցանկում ընդգրկված են 10 երկիր. Ռուսաստանը ստացել է 3970 դիմում, Ուկրաինան` 2240, Ադրբեջանը` 560, Հայաստանը` 210, Բելառուսը` 90, Լիտվան` 220, Մոլդովան` 60, Լատվիան` 50, Վրաստանը` 40, Էստոնիան` 10: Ուշագրավ է, որ նախորդող երկու տարիների նկատմամբ Հայաստանում ապաստան փնտրողների թիվը նկատելիորեն նվազել է. 2006թ. Հայաստանը ստացել է ապաստանի 620 դիմում, իսկ 2007թ.` 300: Իսկ միջին հաշվով ապաստանի դիմումների քանակով ամենածանրաբեռնված երկիրը Մալթան է: Այս պետությունը 1000 բնակչի հաշվով ստացել է 6.4 դիմում: Նրան հետեւում են Կիպրոսը (4.6), Նորվեգիան (3.1), Շվեդիան (2.7), Շվեյցարիան (2.2), Հունաստանը (1.8), Ավստրիան (1.5), Բելգիան (1.2), Կանադան (1.1) եւ Լյուքսեմբուրգը (1.0): Հայաստանում այս ցուցանիշը կազմել է 0.1 դիմում` յուրաքանչյուր 1000 քաղաքացու հաշվով: