«ՀԱԿ-ը ցույց է տալիս, որ մեզ համար քաղաքապետի ընտրությունները նախագահական ընտրությունների ուղիղ շարունակությունն է»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Հարությունյանը: Վերջինս Երեւանի ավագանու ընտրություններում Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած ցուցակում զբաղեցնում է վեցերորդ տեղը, ինչի առիթով չի դժգոհում: Ըստ նրա, ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկվածների համար գլխավորը ցուցակի առաջին համարն է` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Մեզ համար կարեւորը մեր առաջին թեկնածուն է: Արարատ Զուրաբյանը 167-րդ տեղում է, ի՞նչ անենք»,- ասաց Լ. Սարգսյանը:
Իսկ արդյոք ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իրենք կաշխատե՞ն որպես Երեւանի ավագանիներ: Այդ հարցին ի պատասխան՝ ՍԴՀԿ ատենապետն ասաց, որ այդ հարցը դեռ որոշված չէ. չի բացառվում նաեւ ինքնաբացարկ հայտնելու հնարավորությունը: Բոլոր դեպքերում, Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով, դա կլինի թիմային որոշում: «Ես չեմ կարծում, որ մենք բոլորս ինքնաբացարկ ենք հայտարարելու, համենայնդեպս, այն թիմին, որին հասարակությունն ընտրի, նա էլ աշխատելու է»,- հայտարարեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը: Վերջինիս կարծիքով` խորացող համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում իշխանությունն այլեւս ռեսուրսներ չունի եւ հասարակության բեւեռացումը հաղթահարելու համար պետք է քաղաքական կամք դրսեւորի: Միայն այս դեպքում, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, թափանցիկ ընտրություններ կլինեն: ՍԴՀԿ ատենապետն ընդգծեց նաեւ իշխանությունների ռեզերվային ձայների մասին, որոնք ընտրության վերջին պահին են օգտագործվում: «Դա մոտ 2100 ձայն է, ովքեր բացակայում են քաղաքից: Բայց մենք գիտենք, թե ինչպես ենք դրա դեմն առնելու»,- հավաստիացրեց Լ. Սարգսյանը` ավելացնելով, որ մայրաքաղաքում ընտրություններն ավելի բարդ են անցնելու, քան նախագահական ընտրությունները: Դա, ՀԱԿ-ի ներկայացուցչի համոզմամբ, իշխանությունների համար իշխանությունն առանց ցնցումների հանձնելու եզակի հնարավորություն է լինելու, քանի որ Երեւանի ընտրազանգվածը միշտ էլ առանձնացել է ընդդիմադիր կողմնորոշմամբ:
Իսկ իշխանություններին ՍԴՀԿ ատենապետը խորհուրդ է տալիս՝ «իշխանափոխությունից հետո իրենք որոշեն իրենց իմիջը»: Իհարկե, Լ. Սարգսյանը չի բացառում, որ այս անգամ էլ իշխանությունները օգտագործելու են ընտրակեղծիքների տարբեր սցենարներ: Սակայն նա վստահ է, որ դրանք անտեղի են լինելու, քանի որ հասարակությունն է որոշելու ընտրությունների ելքը:
Հակառակ պարագայում, այսինքն` ընտրակեղծիքների դեպքում, ըստ Լ. Սարգսյանի, պատասխանատվությունը կրելու է միայն իշխանությունը, որի կիրառած կեղծիքները դեռ թարմ են բոլորի հիշողություններում: «Ես ինքս դրա ականատեսն եմ եղել Աբովյան քաղաքի ընտրատեղամասում, որտեղ առավոտյան 10:30-ին ընտրատեղամաս այցելած 120 ընտրողի փոխարեն արկղը լցոնված էր 600-ից ավելի քվեաթերթիկներով: Սա հիշում են բոլորը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը, ում կարծիքով՝ նախագահական ընտրությունների ելքն արդեն որոշված էր առավոտյան ժամը 11-ին: Այդ պատճառով Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչն իշխանություններին հերթական անգամ հորդորում է քաղաքական կամք դրսեւորել, ապահովել ընտրությունների թափանցիկությունը եւ ամենակարեւորը` իշխանության դանդաղ փոխանցումը, ինչի հնարավորությունը տալիս է Երեւանի քաղաքապետի` մայիսի 31-ին կայանալիք ընտրությունը: