10 ամիս գամված է անկողնուն

27/03/2009

2008թ. մայիսին, գլխավոր փորձի ժամանակ Մուսա լեռում 3,5 տոննա քաշ ունեցող լուսարձակն ուժեղ քամու պատճառով ընկավ օպերային մեներգիչ Արտակ Կիրակոսյանի մեջքին եւ ջարդեց ողնաշարը: Կատարված փաստը խոր ապրումների մեջ թողեց նրան. հոգեւոր վայրէջքներ ու վերելքներ ունեցավ: 32 տարեկան գյումրեցի երիտասարդի համար կյանքը կորցրեց իր գույները, սակայն նա չհուսահատվեց, համոզված է, որ Աստված հատուցում է բոլոր լավ եւ վատ արարքների համար:

Արտակ Կիրակոսյանի համար նվիրվածությունը, իր նմանին սիրելն ու նրա մասին հոգալն ակամայից է ստացվում: Նա միշտ փորձել է մարդկանց օգնել, ինչով հնարավոր է: Նախապես չի մտածել` ո՞ւմ օգնել, պարզապես, երբ նկատել է, որ որեւէ մեկը նեղության մեջ է, անտարբեր չի եղել: Նա կարծում է, որ մարդ միշտ իր խղճի առաջ է պատասխան տալիս: Երկրաշարժից հետո, երբ Գյումրիում նրա հայրը եւ հարեւաններն ավերված բնակարաններն էին նորոգում կամ կառուցում, օգնում էր բոլորին:

Սկզբում բժիշկներն ասում էին, թե երեք ամսից կկարողանա քայլել, սակայն, արդեն 10 ամիս է՝ նա միայն սայլակով է կարողանում տեղաշարժվել: Նրան թվում է, որ սա մի երազ է, որը շուտով կավարտվի: Նա համբերատար է, ապավինում է Աստծուն, ինչպես նաեւ՝ մարդկանց գթասրտությանը: Կարծում է՝ կրկին բեմ կբարձրանա եւ կերգի իր այնքան սիրելի «Անուշում», Սարոյի արիան:

Իր կապն Աստծո հետ սկսվել է դեռ մանկուց: Քրիստոնյա ընտանիքում է մեծացել, երգել Գյումրիի Սուրբ Աստվածածին կամ, ինչպես ասում են, Յոթ վերք եկեղեցում, այնուհետեւ Գյումրիի «Գոհար» երաժշտական մեծ ընտանիքի մեներգիչն էր (տենոր): Երբ ընտանիքով տեղափոխվեցին Երեւան, 2003 թվականից սկսեց երգել Երեւանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբում, նաեւ կամերային երգչախմբում: Բազմաթիվ հյուրախաղեր է ունեցել, հանրապետական եւ միջազգային մրցույթների մասնակցել եւ հայ երգը բարձր մակարդակով ներկայացրել տարբեր երկրներում, բազմաթիվ պարգեւների արժանացել: Խոստովանում է, որ հոգեւոր երգն աղոթք է իր համար:

Արտակ Կիրակոսյանն, ինչպես մի զինվոր, դիմակայում է բոլոր դժվարություններին: Այս փորձությունը հաղթահարում են ընտանիքով` կինը եւ երկու որդիները, որոնցից մեկը` Յուրան, դպրոցական է: Ամեն օր Աստվածաշունչ եւ Գրիգոր Նարեկացի է ընթերցում, հոգեպես հանգստանում: Լիարժեք ապաքինվելու համար բժիշկների խորհրդով առաջիկայում նա մեկնելու է Գերմանիա, սակայն բավարար գումար չունի: Բարեգործական մի համերգ կազմակերպվեց մայրաքաղաքում, Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում, սակայն բուժման ծախսերը շատ են, որը նախապես ճշտված է: Նա շնորհակալ է բոլոր այն մարդկանցից, ովքեր իր հաշվեհամարին գումար են փոխանցել հետեւյալ հասցեով` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ, «Բյուզանդ» մ/ճ, հ/հ 151 000 517 59 00 100: Նա համոզված է, որ կգտնվեն մարդիկ, որոնք լուրջ կաջակցեն իրեն՝ այս ծանր իրավիճակից դուրս գալու համար: Արտերկրում բնակվողները նույնպես կարող են մասնակցել այս կարեւոր բարեգործական ձեռնարկին` գումար փոխանցելով հետեւյալ հասցեին.

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
Կիրակոսյան Արտակ
Դրամի հ/h – 151 000 517 59 00 100
Դոլարի հ/h -151 000 517 59 00 101
Եվրոյի հ/h – 151 000 517 59 00 149
Ռուբլու հ/h – 151 000 517 59 00 158։

Lragir.am

Անհրաժեշտության դեպքումը դիմել Բաքվեցի համերկրացիների «Միասնություն» հասարակական կազմակերպությանը։

Նախագահ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ։

Հեռ.՝ 091-06-88-71, 010-26-61-70