Ոմանց համար սպորտը կյանքի մի մասն է, ոմանց համար ուղղակի զբաղմունք է, որն օգնում է ազատվել ավելորդ քաշից եւ սթրեսներից: Այսօր գրեթե ողջ աշխարհում սպորտով զբաղվելը դարձել է ժամանակակից մարդու ապրելակերպ, անհրաժեշտություն: Այդ են վկայում բազմաթիվ ֆիտնես ակումբները:
Այսօր ժամանակակից հայ մարդը նույնպես շատ է կարեւորում սպորտի դերն իր կյանքում: Հատկապես վերջին տարիներին կտրուկ ավելացել է հայաստանյան մարզակումբների թիվը, որոնք հագեցած են ժամանակակից նոր մարզասարքերով եւ ընդարձակ մարզադահլիճներով: Եվ չնայած, որ մարզակումբների գները նախանձելի չեն (օրինակ` ամսական մոտ 20.000-30.000դրամ), այնուամենայնիվ, մարզվողների թիվը օր օրի գնալով ավելանում է: Ի՞նչն է ստիպում ֆիտնես ակումբ հաճախել. նորաձեւ լինե՞լը, թե՞ առողջ ապրելակերպի կարեւորումը: Իհարկե, այցելուները բազմաթիվ են, բազմաթիվ են նաեւ պատճառները. ոմանք հաճախում են տարբեր առողջական խնդիրներով` ողնաշարի, սրտանոթային համակարգի (եւ այլն), ոմանք ձգտում են սպորտային կազմվածք ունենալ, իսկ ոմանց համար էլ այն պարզապես ապրելակերպ է: Ապացուցված է, որ ֆիտնեսն օգնում է ոչ միայն գեղեցիկ կեցվածք ունենալուն, այլեւ առաջին հերթին նպաստում է առողջության ամրապնդմանը, կանխարգելում շատ հիվանդությունների առաջացումն ու դանդաղեցնում ծերացման ընթացքը: Ըստ «Էրեբունի Պլազա» առողջության ակումբի գխավոր մարզիչ Սպարտակ Դովլաթբեկյանի` սպորտը եւ բժշկությունը շատ մոտ են իրար, այսինքն` գոյություն ունի սպորտային բժշկություն, որը շարունակությունն է մեր ավանդական բժշկության: Ս. Դովլաթբեկյանը նշում է նաեւ, որ մարզիչը պարտադիր պետք է տիրապետի անատոմիային, տեղյակ լինի օրգանիզմում կատարվող կենսաքիմիական գործընթացներից, որպեսզի կարողանա այցելուների համար կազմել արդյունավետ ծրագիր։ «Մարզիչը` հաճախորդին մարզելուց առաջ, պարտավոր է նախ զրուցել նրա հետ, հասկանալ խնդիրը, թե նա ի՞նչ գանգատներ ունի, ինչո՞ւ է եկել, այնուհետեւ` կազմելով համապատասխան ծրագիր, սկսի մարզել: Չէ՞ որ մարդիկ տարբեր պրոբլեմներ են ունենում: Ցավոք, կան մարզիչներ, ովքեր չեն հետեւում, թե հաճախորդը ինչ առողջական խնդիրներ ունի, ինչպես է շնչում, ինչպես` շարժվում: Պարտադիր պետք է հետեւել եւ՛ շնչառությանը, եւ՛ վարժությունների ճիշտ կատարմանը, որովհետեւ այդ ամենը, ի վերջո, բերում է վնասվածքների: Պետք է գրագետ մարզվել»,- ասում է մարզիչը: Նրա խոսքերով` ֆիտնեսը ֆիզկուլտուրայի առանձին ճյուղ է, որտեղ, թեպետ, մարդկանց հետաքրքիր դարձնելու համար, անընդհատ նոր մեթոդներ են մտցնում, այնուամենայնիվ, ֆիտնեսի եւ ֆիզկուլտուրայի հիմքը նույնն է։ «Ինչո՞ւ ֆիտնեսը զարգացավ, որովհետեւ աշխարհում մասնագետները նստեցին եւ մտածեցին, որ սպորտով բոլորը չեն կարող զբաղվել, բայց ֆիտնեսով կարող են, այսինքն` գրագետ ֆիտնեսով»,- նշում է մարզիչը: Հարցին, թե ինչո՞ւ բոլորը չեն կարող սպորտով զբաղվել, նա պատասխանեց. «Լսե՞լ եք, որ ասում են, թե ամբողջովին սպորտը առողջություն չէ. դա այդպես է: Ֆիզկուլտուրան է առողջություն, այսինքն` չափավոր մարզումները»: Ի դեպ, այս առումով Ս. Դովլաթբեկյանը պրոֆեսիոնալ սպորտսմեններին, ովքեր երկար տարիներ զբաղվել են սպորտով, խորհուրդ է տալիս, որպեսզի սպորտը կտրուկ չթողնեն, քանի որ այդ ժամանակ օրգանիզմում փոփոխություններ են լինում եւ՛ հորմոնալ, եւ՛ ընդհանուր։
Ֆիտնես ակումբի այցելուները, իհարկե, հիմնականում երիտասարդներ են, ովքեր ցանկանում են ունենալ սպորտային կազմվածք, ինչն այսօր այնքան «նորաձեւ» է դարձել: Սակայն, պարոն Դովլաթբեկյանի խոսքերով` մկանուտ մարմին ունենալու համար անհրաժեշտ են քրտնաջան մարզումներ եւ կանոնավոր սնունդ: Այսօր վաճառքում կան տարբեր տեսակի դեղամիջոցներ, որոնք նույնպես նպաստում են մկանների արագ զարգացմանը, եւ այդպիսի խթանիչները ընդունված են հատկապես պրոֆեսիոնալ բոդիբիլդինգի աշխարհում: Սակայն մարզիչը զգուշացնում է, որ այդ դեղամիջոցներն իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ հորմոններ, որոնք վտանգավոր են օրգանիզմի համար եւ կարող են դառնալ տարբեր տեսակի հիվանդությունների պատճառ: «Կա սպորտային սնունդ, օրինակ` պրոտեինը, կրեատինը, ամինաթթուները եւ այլն, որոնք, իհարկե, նպաստում են մկանների լիարժեք սնուցմանը եւ զարգացմանը: Բայց դրանց հետ հարկավոր է զգույշ վերաբերվել, սխալ օգտագործելու դեպքում կարող է մարդը եւ՛ գիրանալ, եւ՛ ստանալ հորմոնալ խանգարումներ: Լինում են դեպքեր, երբ երիտասարդը գալիս է ու ասում` ես ուզում եմ կարճ ժամանակում ունենալ այս մարդու նման մկանուտ մարմին: Երբ նրան ասում ես, որ այդ ամենը տարիների քրտնաջան մարզումների արդյունք է, նա անմիջապես պատասխանում է` կան այսպիսի-այնպիսի դեղեր, որոնց միջոցով կարող եմ ունենալ այդպիսի կազմվածք: Նրանց բացատրում եմ, որ, այո, դու կարող ես դա օգտագործել, սակայն հետո կունենաս առողջական խնդիրներ` անոթային համակարգն է լինում լայնացած, մկանային հյուսվածքներն են մեծացած, տոնուսից ընկած լինում, լյարդի, երիկամների, սիրտը: Դրա փոխարեն գերադասելի է գնել 1կգ միս եւ սնվել: Կան նաեւ նյութեր, որոնց միջոցով փորձում են նիհարել, ինչը ես մեր հաճախորդներին արգելում եմ»,- նշում է մարզիչը:
Ի դեպ, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն աստիճանաբար նոր ոլորտներ է ընդգրկում, սակայն, ըստ Ս. Դովլաթբեկյանի, ակումբում հաճախորդների սակավության խնդիր դեռ չի նկատվում, մարզասերները նախկինի պես շարունակում են հաճախել մարզակումբ: