Նեապոլի Կարդարելլի հիվանդանոցի բժիշկ Կլաուդիո Վիտալեն կարողացել է ավարտին հասցնել գլխուղեղի վիրահատությունը, չնայած սրտի կաթվածին, որը նա տարել է հենց վիրահատարանում: Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը: 59-ամյա բժիշկը կրծքավանդակի շրջանում ուժեղ ցավի զգացողություն է ունեցել վիրահատությունը սկսելուց 30 րոպե հետո, սակայն որոշել է շարունակել վիրահատությունը՝ չնայած կոլեգաների հորդորներին: Վիտալեի «կաթվածի» ախտորոշումը պարզվել է արյան անալիզի արդյունքում, որը կատարվել է վիրահատարանում` կարճ ընդմիջման ժամանակ: Չնայած այս ամենին, հիվանդի գլխուղեղի չարորակ ուռուցքի հեռացումը ավարտվել է բարեհաջող, եւ հիվանդն իրեն լավ է զգում:
Վիրահատությունից հետո բժշկին հոսպիտալացրել են նույն հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում: Անցյալ ուրբաթ Կլաուդիո Վիտալեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ մտադիր է մոտ ապագայում նորից վերադառնալ աշխատանքի:
«LA Repubblika» թերթին տված իր հարցազրույցում Վիտալեն հայտարարել էր. «Ես հերոս չեմ, պարզապես ես կատարել եմ իմ պարտքը, չէր կարելի հիվանդին թողնել այդ ճակատագրական պահին»: