Երրորդ հազարամյակի առաջին տարիների համեմատ՝ այսօր որոշակիորեն աճել է Հայաստանում առաջին դասարան հաճախող երեխաների թիվը: Այս նոր սերունդն արդեն դպրոցում ոչ տասը, եւ ոչ էլ տասնմեկ, այլ տասներկու տարի է սովորելու: Ժամանակի ընթացքում ի հայտ կգան նոր ուսումնակարգի առավելություններն ու թերությունները, սակայն այս օրերին այբբենական հանդիսություններով ապրող մանուկներն, անշուշտ, ավելի կարեւոր գործեր ունեն, քան իրենց ուսումնառության ընթացքը պայմանավորող դպրոցական ռեֆորմն է: Նրանք այսօր դեռ հանդեսների մեջ են` այբբենական, ու զրույցի մեջ` Մաշտոցի հետ.
«Կանթեղի թույլ լույսի ներքո
Հակված դեղին մագաղաթին
Հնարեցիր լուռ տքնանքով
Հայոց գիրը, հայոց ոգին»:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 190 դպրոցի առաջին Բ դասարանի աշակերտները չեն միայն, որ այս օրերին իրենց այբբենական հանդեսն են անում: Բոլոր առաջին դասարանցիներին է տնօրենը ողջունում. նրանք արդեն մեծացել են ու գիտեն մաշտոցյան տառերը: Եվ այլեւս այն վախվորած մանկիկներն էլ չեն, որ առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին, այլ վաղվա քաղաքացին, շինարարն ու պատմաբանը, որ Մաշտոցից են սկսել ինքնաճանաչումը.
«Շրջել է նա արար աշխարհ,
Չի ունեցել քուն ու դադար,
Ստեղծել է այբուբենը,
Մեր մեծ հույսն ու ապավենը»:
Այս կամ այն չափով տառաճանաչ` երեխաներից շատերը եղել են մինչ դպրոց հաճախելն էլ, իսկ այսօր հպարտությամբ են ասում, որ գրաճանաչ են դարձել, այսինքն՝ գրել էլ գիտեն, կարդալ էլ, չէ՞ որ սիրելի ուսուցչուհին իրենց սովորեցրել է, ինչպես առաջին դասարանցի Հայկն ու Հարությունն են ասում` հայերենի տառերը եւ մաթեմատիկայի թվերը:
Նարեկ ԶԱՔԱՐՅԱՆ