Մարտի 21-ին սրտի կաթվածից մահացավ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը: Նրա մահը անասելի ու անսպասելի կորուստ էր բոլորիս համար: Նա ընդամենը 48 տարեկան էր, ուներ մեծ ու տարաբնույթ ծրագրեր իրականացնելու ցանկություն, ուժ ու եռանդ: Ռուբեն Մանգասարյանը ոչ միայն փայլուն ֆոտոլրագրող էր, ով աշխատել է տարբեր թեժ կետերում ու դժվարին պայմաններում` արժանանալով միջազգային բարձր պարգեւների ու ճանաչման, այլեւ` այն եզակի անձերից էր, ով կարողացավ մուտք գործել համաշխարհային մեդիա-շուկա եւ դրանով իսկ` ճանապարհ բացեց ավելի երիտասարդ լուսանկարիչների համար: 2007 թվականին տպագրվեց «National Geographic Traveler» հեղինակավոր ու գունազարդ ամսագրի հայկական տարբերակը: Դա էլ եղավ Ռուբենի շնորհիվ: Նա կարողացավ Հայաստանի պատկերները աշխարհով մեկ տարածել, ստիպել հիանալ ոչ միայն գեղեցիկ ու «խոսուն» տեսարաններով, այլեւ` մեր հողում ծնված մասնագետների աշխատանքով: Նա բազմաթիվ խմբակային ու անհատական ցուցահանդեսների մասնակիցն ու նախաձեռնողն էր:
«Պատկեր» լուսանկարչական գործակալությունը հիմնադրելով` Ռ. Մանգասարյանը մեծ գործ կատարեց` նա աշխատանքի դաշտ բացեց ու աշակերտներ պատրաստեց: Նրա ձեռքի տակ մեծացած երիտասարդ շատ լուսանկարիչներ այժմ աշխատում են միջազգային տարբեր ԶԼՄ-ներում: Ռուբենն ընդհանրապես իր գործի` ֆոտոյի ֆանատիկոս էր (այդ բառի ամենալայն ու դրական իմաստով): Նրա ուշադրությունից կարծես ոչինչ չէր վրիպում: Նույնիսկ, երբ նա բանիմաց ու փոքր-ինչ թախծոտ ժպիտով էր լսում դիմացինին, կարելի էր վստահ լինել, որ նա ամեն ինչ ֆիքսում է իր ներքին` շատ զգայուն ու պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով: Այդ տեսակի մարդիկ երբեք իրենց չեն խնայում, նրանք արագ են «այրվում», քանի որ իրենց կյանքի ամեն վայրկյանը փորձում են իսկապես ապրել, այլ ոչ թե՝ գոյատեւել: Այդպես ապրելու համար էլ տաղանդ է հարկավոր: Իսկ Ռուբեն Մանգասարյանը շատ տաղանդավոր ու հմայիչ էր: Եվ նրա պակասը ֆոտոարվեստը դեռ երկար է զգալու, քանի որ աշխարհի երեսին դեռ շատ բաներ կան, որոնք «փակ» վարագույրի ետեւում են եւ բացվում են միայն տաղանդավոր մարդկանց հայացքի ու պատկերների շնորհիվ: