Ըստ «Ա1+»-ի տեղեկությունների, առաջիկա օրերին ուժային կառույցներում սպասվում են լուրջ կադրային փոփոխություններ: Մասնավորապես, հնարավոր է, որ արդեն այսօր պաշտոնից ազատվի Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը: Շրջանառվող լուրերի համաձայն, նա նշանակվելու է Քրեակատարողական վարչության պետի` Աշոտ Գիզիրյանի տեղակալի պաշտոնում: Ի դեպ, Կ. Բաբախեկյանը լուրջ դերակատարություն է ունեցել ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելու օպերացիայի կազմակերպման գործում, եւ պատահական չէ, որ նրա նոր նշանակման մասին խոսվում է Ջհանգիրյանի դատավճռի հրապարակման օրը: Նշենք, որ ուժային կառույցներում հնարավոր փոփոխությունների թվում առաջին հերթին հավանական է համարվում Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնանկությունը, ինչը քննարկվում է արդեն մի քանի ամիս: