Երկարուձիգ նիստերից հետո «Ժառանգություն» կուսակցությունը վերջապես կիրակի օրը որոշում կայացրեց չմասնակցել Երեւանի քաղաքապետի` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին: Մինչ այդ ընտրություններին չմասնակցելու տարբերակը, թեեւ քննարկվում էր, սակայն քիչ հավանական էր համարվում:
Առաջնային էր առանձի՞ն, թե՞ Հայ Ազգային կոնգրեսի հետ միասնական ցուցակով մասնակցելու հարցը: Եվ վերջին մի քանի օրերին ավելի հավանական էր համարվում, որ եթե «Ժառանգությունը» չի միանա ՀԱԿ-ին` ընտրություններին կմասնակցի առանձին: Այդ ընթացքում կուսակցությունը զերծ էր մնում որեւէ հայտարարություն անելուց` նշելով միայն, որ բանակցությունները ՀԱԿ-ի հետ շարունակվում են: Սակայն «Ժառանգությունը» նեղացկոտության կեցվածք ընդունեց, երբ մարտի 15-ին ՀԱԿ-ը հայտարարեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում իր համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ցուցակի երրորդ տեղը վերապահվել էր «Ժառանգությանը»: Վերջինս` գուցե հանկարծակիի գալով, Կոնգրեսին ներկայացրեց իր «կոնտր» ցուցակը, որը գլխավորում էր պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը. Լ.Տեր-Պետրոսյանին «Ժառանգությունը» հատկացրել էր 2-րդ հորիզոնականը: Ուրբաթ կեսգիշերին «Ժառանգությունը» Կոնգրեսին ներկայացրեց երկրորդ ցուցակը, որն այս անգամ գլխավորում էր արդեն կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Մի խոսքով, երկու դեպքում էլ կուսակցությունը կարծես թե փորձում էր այնպիսի տարբերակներ ներկայացնել, որոնք ՀԱԿ-ի կողմից ընդունելի չէին կարող լինել: Իսկ դա «Ժառանգությանը» հնարավորություն կտար ՀԱԿ-ին չմիանալու քայլը պատճառաբանել նրանով, որ Կոնգրեսը չի համաձայնում իրենց առաջարկներին: Տպավորություն կար նաեւ, որ «Ժառանգությունում» վիրավորվել են` Ս.Դեմիրճյանին ցուցակում իրենցից առաջ տեղ հատկացնելու փաստից: Այս խմորումների ընթացքում կուսակցության կեցվածքի մասին բազմաթիվ կարծիքներ հնչեցին` ընդհուպ այն, որ «Ժառանգությունը» հավասարվեց «Օրինաց երկիր» կամ «Ազգային Միաբանություն» կուսակցություններին: Պաշտպանական ճառերով հանդես եկան ՀՀԿ-ականները` ավելի խորացնելով այն կարծիքը, թե խորհրդարանական ընդդիմությունը Երեւանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված համագործակցում է իշխանությունների հետ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ «Ժառանգության» շուրջ ծավալվող իրադարձություններից իրեն մխիթարված զգաց: «Սկսած 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներից` մեր առաջ դնում էին մի խնդիր. կամ դու մեր հետ ես, կամ ազգի դավաճան ու թշնամի ես: Մեզ մեկ տարի առաջ ներկայացնում էր շանտաժի քաղաքականություն: Հիմա նույն բանը նրանք շարունակում են «Ժառանգություն» կուսակցության հետ»,- անցած շաբաթ Հեղինե Բիշարյանին ներկայացնելով որպես ՕԵԿ-ի` քաղաքապետի թեկնածու, հայտարարեց ՕԵԿ նախագահը:
Այս իրավիճակից պատվով դուրս գալու միակ տարբերակը «Ժառանգությունը» համարեց ընտրություններին ընդհանրապես չմասնակցելը: «Չառաջադրել սեփական ցուցակը մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում եւ կոչ անելով իր ընտրողներին ու Երեւանի բոլոր քաղաքացիներին` իրենց ձայնը տալ ընդդիմության օգտին»,- նշված է կուսակցության երեկ տարածած հայտարարության մեջ:
Իհարկե, հայտարարության մեջ նշված չէ, թե ընդդիմություն ասելով՝ այս դեպքում ո՞ւմ նկատի ունեն, ՀԱԿ-ի՞ն, Տիգրան Կարապետյանի՞ն, գուցե ՀՅԴ-ի՞ն, որն ընտրություններում ընդդիմության դիրքերից հանդես գալու «խասյաթ» ունի: Երեկ «Ժառանգության» բոլոր ներկայացուցիչները հրաժարվում էին լրագրողների հարցերին պատասխանել: Եվ այդպիսով առայժմ դեռ հստակ չէր, թե «Ժառանգությունն» ինչո՞ւ չմիացավ ՀԱԿ-ին՝ այն դեպքում, երբ նույն ուժերի հետ էր անցած տարվա նախագահական ընտրությունների ժամանակ: Եթե ուզում էր առանձին մասնակցել, ինչո՞ւ ի սկզբանե այդ մասին չհայտարարեց: «Չորեքշաբթի ասուլիս կհրավիրենք ու ձեզ հուզող բոլոր հարցերին կպատասխանենք»,- պատասխանում էր կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Դեռեւս անպատասխան է մնում այն հարցը, թե ընդհանրապես բանակցություններ` որպես այդպիսին, եղե՞լ են ՀԱԿ-ի ու «Ժառանգության» միջեւ: Անցած շաբաթ Հ.Խուրշուդյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ փետրվարի 21-ին կայացած խորհրդի նիստին որոշում են ընդունել Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար կուսակցության վարչությանը լիազորել բանակցություններ վարել ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով հանդես գալու համար, բայց պաշտոնական բանակցություններ չեն եղել: Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ օրեր շարունակ մեկնաբանություններ չեն տալիս նաեւ ՀԱԿ-ից: Ի վերջո, Կոնգրեսը բանակցե՞լ է «Ժառանգության» հետ, ինչո՞ւ մինչեւ ցուցակը հրապարակելը այն չի ներկայացրել կամ համաձայնեցրել նրանց հետ: Լ.Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն էլ լրագրողներին առաջարկում է հարցերի պատասխաններ ստանալու համար սպասել այսօրվա իր ասուլիսին: