Հիացմունքի հետեւանքները

24/03/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Երեկ ես Ծիծեռնակաբերդում (նկատի ունի համալիրում նախագահի եւ կուսակցությունների ղեկավարների հանդիպումը.- Հ.Մ.) պայքարում էի իշխանական բուրգի դեմ` հանուն նոր տնտեսական գաղափարախոսության: Երեկ նաեւ պայքարում էի ՀՀՇ-ական ավազակախմբի դեմ` հանուն անաչառ եւ արդարամիտ, ազգային շահերից բխող ցուցակի ձեւավորման համար»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, որը ակնհայտորեն վիրավորվել է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակում իրեն հատկացված 22-րդ տեղից: «Սույն թվականի մարտի մեկից սկսած ՀՀՇ-ական պարագլուխները ընտրություններին մասնակցության մասին ոչ մի նպատակ ու պլան չունեին: Մարտի 15-ին նոր միայն Լ. Տեր-Պետրոսյանը բարեհաճեց ներկայանալ իր կոնգրեսական էլեկտորատին եւ հայտնել, որ ինքը գլխավորում է ցուցակը, իսկ երկրորդ տեղում է Ստեփան Դեմիրճյանը: Ես ՀՀՇ-ական պարագլուխներից պահանջել էի, որ առնվազն մեկ շաբաթ շուտ ինձ պետք է հայտնի լինի ցուցակի ձեւավորման կարգը, սկզբունքները եւ հերթականությունը, որպեսզի աուտսայդերի դերում հայտնվելու դեպքում մեր կուսակցությունը հնարավորություն ունենա ինքնուրույն հանդես գալ: Մինչեւ երեկ 15:30-ը ոչ մի կերպ չէի կարող իմանալ մեր հերթական համարը, համենայնդեպս, գլխավոր քարտուղարինը (նկատի ունի իրեն.- Հ.Մ.), որը Կոնգրեսի ընդդիմադիր էլեկտորատի գաղափարական տրիբունն է եղել երկու տարի շարունակ: 3:45 րոպե Ավետիսը (նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանին.- Հ.Մ.) թղթապանակներից նոր իբր հանում է ցուցակ, որտեղ ես 22-րդ համարում եմ»,- դժգոհեց Դ. Հակոբյանը: Ըստ նրա, իրենից առաջ հայտնվածները «բացարձակապես քաղաքականությանը եւ հայ ժողովրդին անհայտ մարդիկ են, ոչ մի դերակատարություն քաղաքականության մեջ չունեն»: Հարց հնչեց, թե, օրինակ, Լեւոն Զուրաբյանն ու Սուրեն Աբրահամյա՞նն էլ ոչ մի դերակատարում չունեն քաղաքական դաշտում: «Եթե դուք որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ Հակոբյան Դավիթին ուզում եք համեմատել Լեւոն Զուրաբյանի հետ, դա Ձեր խնդիրն է, օկը նացիի, օկը բոժյի: Արժանիքների, չափորոշիչների եւ բոլոր քաղաքական գործիչներին բնութագրող ատրիբուտների առումով հավասարազորը ինձ հետ այդ ցուցակում ես չեմ գտնում: Ինչպիսի չափանիշներ, արժանիքներ էին վերագրվել այդ 21 մարդուն, որոնք կարող էին ընկնել ինձնից առաջ,- նեղսրտում է մարքսիստը` ինքն իր համար բացատրելով,- Ցուցակը ձեւավորել է ՀՀՇ-ական նեղ պարագլուխների խունտան, ոչ թե 18 կուսակցությունների խորհրդակցությունը կամ ՀԱԿ-ի համագումարը: Տեսնելով այդ ցուցակի մեջ կանգնած անձնավորություններին, իմ եզրակացությունը հետեւյալն է: Ցուցակը ձեւավորվել է ընտրակաշառքների միջոցով, եւ ես անձամբ մեղադրում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին ազգային դավաճանության մեջ»: Այն հարցին, թե երբ է նա հասկացել, որ Տեր-Պետրոսյանը այդպիսին է, Դ. Հակոբյանը նշեց, որ այս եզրահանգումներին եկել է նախօրեին, ժամը երեք անց կեսին, երբ իրեն հայտնի է դարձել ցուցակում ընդգրկվածների հերթականությունը: «Մինչեւ ժամը 15։30-ը սպասում էինք, որ վերջապես լիազոր մարմին կհրավիրվի եւ կհաստատի ցուցակը»,- պարզաբանեց Հայաստանի միակ մարքսիստը: «Մենք կդիմենք հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին, ԿԸՀ-ին եւ Սահմանադրական դատարանին, որպեսզի նրանք պարզաբանումներ մտցնեն` ինչ սկզբունքներով է ձեւավորվել ցուցակը»,- հոխորտաց Դ. Հակոբյանը: Նա նաեւ նշեց, որ այն եզրահանգմանը, որ ՀԱԿ-ում ցուցակի հերթականությունը որոշվել է, իր խոսքերով, «քսակի պարունակությամբ», ինքը եկել է միայն նայելով ցուցակին եւ որեւէ կոնկրետ ապացույց, կամ, իր ասելով` «ուղղակի ապացույց» չունի: «Ցուցակի տեսքը անուղղակի կասկած է հարուցում այդ մասին»,- ասաց Դ. Հակոբյանը: Սակայն նա չի պատրաստվում դուրս գալ ՀԱԿ-ից եւ կորցնել իր 22-րդ տեղը: Ըստ նրա, այն բանից հետո, երբ իր նշած մարմինների միջոցով վերանայվի ցուցակը, ինքը կորոշի իր անելիքը: «Չեմ խոնարհվի ոսկեզօծ ապուշների առաջ, լինեն իշխանական թե ընդդիմադիր, որովհետեւ դա նշանակում է ազգի խոնարհվելը»,- հայտարարեց Դ. Հակոբյանը: Նա նաեւ չթաքցրեց իր հիացմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ: «Պատկերացրեք` 48 կուսակցությունների մեջ Սերժ Ազատիչը միայն ինձ ասաց` որտեղից քեզ հակաճգնաժամային քաղաքականության դեղատոմսերը, ես 4 պոստուլատ ներկայացրեցի, ասացի, որ հետեւում եմ եվրոպական տնտեսագիտական պրոգրեսիվ մտքին: Մի քանի իշխանամետ Բրուտոս-լակեյներ երեկ ինձ կարգի հրավիրեցին, թե ինչպե՞ս եք խոսում վարչապետի հետ, բայց վարչապետը եւ նախագահը ժպտադեմ ունկնդրեցին ինձ: Եվ ես պաշտպանություն եմ ստացել նախկին վարչապետ Արմեն Դարբինյանից ու Գառնիկ Իսագուլյանից»,- հպարտացավ Դ. Հակոբյանը: Նա գերադասեց «բրուտոս լակեյների» անունը չտալ: