Մարտի 10-ին Հովիկ Հունանյանի գլխավորած «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով», այսպես կոչված, անկախ հանձնաժողովը՝ «Էրեբունի» ՔԿՀ վարչակազմի միջնորդության հիման վրա, քննարկել է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը:
Ըստ հանձնաժողովի նիստին ներկա որոշ անդամների՝ հանձնաժողովի իրական քվեարկությամբ՝ միջնորդությունը բավարարվել է: Հետեւաբար՝ Ա. Բաբաջանյանը պետք է ազատ արձակվեր: Սակայն՝ նիստի ավարտից հետո, մեզ անհայտ պատճառներով, կեղծվել, փոխվել է նիստի արձանագրությունը, ինչի հետեւանքով՝ Բաբաջանյանի ազգանունը դուրս է թողնվել վաղաժամկետ ազատվող կալանավորների ցուցակից:
Տեղի ունեցածն ակնհայտ ապօրինություն է, մեկ կենտրոնից հրահանգվող քաղաքական պատվեր: Այս ամենը տեղավորվում է ազատ խոսքի, տարակարծության դեմ իշխանության իրականացրած քաղաքականության տրամաբանության մեջ: Նման քինախնդիր քաղաքականության զոհերը ոչ միայն «Ժամանակ» օրաթերթն ու նրա խմբագիրն են, այլեւ՝ բոլոր ազատ ԶԼՄ-ները:
Պատկան մարմիններից պահանջում ենք անհապաղ վերացնել ապօրինությունը եւ պատասխանատվության ենթարկել դրա հեղինակներին:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆ
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ
«Ա1+» հեռուստաընկերության նախագահ ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆ
«Լրագիր. am» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ
«168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ