12-ամյա Կարինեն կծկվել է անկողնու մեջ ու դեմքի անտարբեր արտահայտությամբ հասկացնում է, որ թքած ունի էս աշխարհի վրա, այնպես, ինչպես աշխարհն է անտարբեր իրպեսների նկատմամբ:
Արդեն քանի ամիս է, Կարինեն ու մայրը` Մարիամը, օրերը լուսացնում ու ապրում են սառը անկողնու մեջ` ցրտից պաշտպանվելով ու իրար ջերմացնելով: 6-րդ դասարանցի Կարինեն ուռուցք ունի: Թեեւ նրա կյանքը դեղորայքով երկարացնում են, բայցեւ նույն այդ կյանքն ամեն ինչ անում է, որ այս փոքրիկ աղջիկը չհասցնի ապրել ու մի քիչ հասկանալ կյանքը: Կարինեն ուզում է ապրել, բայց իրեն բաժին հասած առօրյան, կենցաղն այնքան «չարն» է, որ ուռուցքի գոյությունը մի կողմ դրած՝ մայր ու աղջիկ մտածում են Կարինեին բաժին ընկած կյանքն «ապրեցնելու» մասին: Արդեն քանի ամիս է, ինչ 51.000 դրամ էլեկտրականության համար պարտքի պատճառով հոսանքազրկվել են: Նոր-Արեշ 35 փողոց, 127/1 հասցեի հանրակացարանի փոքրիկ սենյակում սոսկալի ցուրտ է: Սենյակի սառնությունը դաջվել է մայր ու աղջկա դեմքի վրա: 49-ամյա Մարիամը մի քանի ամիս առաջ կոկիկ, խնամված, բարետես կին էր, իսկ հիմա վերմակը դեն նետելով՝ անկողնուց դուրս է գալիս գզգզված մազերով, անփույթ ու ահավոր հոգնած, անճանաչելի մի կին: Ասում է` «Հոգնել եմ, էլ ուժ չունեմ: Անընդհատ պառկել եմ ուզում, չեմ ուզում դուրս գալ: Արդեն քանի ամիս ա` ո՞վ ա տեղաշորից դուրս գալիս»: 1971-1991թթ. Էլեկտրատեխնիկական գործարանում օպերատոր աշխատած Մարիամ Պապանյանն իր անձնական պահոցում բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր ու մեդալներ ունի, որոնք ստացել է որպես լավագույն մասնագետ եւ նվիրյալ աշխատակից: Մինչդեռ այսօր աշխատանք ձեռք բերելու համար թակում է բոլոր հնարավոր դռներն ու մերժվում է բոլոր հնարավոր ու անհնարին թվացող պատճառաբանություններով:
Աշխատանքի տեղավորման գործակալությունները խաբում են մարդկանց
Տիկին Մարիամն ուզում է աղջկան պաշտպանել, այդ իսկ պատճառով նույնիսկ համաձայնել է աշխատել որպես հավաքարար, ափսեներ լվացող: «Շաուրմանոցում» միաժամանակ աշխատել է եւ՛ որպես աման լվացող, եւ՛ որպես վաճառողուհի, որի համար օրական ընդամենը վաստակել է 500 դրամ: Ներկայումս գոյատեւում են մանկուց հաշմանդամ Կարինեի 11.000 դրամ թոշակով եւ 16.000 դրամ ընտանեկան նպաստով: «Ամեն աշխատանքի էլ պատրաստ եմ, էս վերջերս հավաքարարություն եմ արել: Ուր գնում ես` բարետես, երիտասարդ աշխատակից են ուզում… Տնօրենը տղամարդ էր, անբարո առաջարկություն արեց, թողեցի դուրս եկա: Փակվեցի տանը, որովհետեւ դա իմ էությունը չի, չեմ կարող: Հասկանո՞ւմ եք ինչ բան է խաբված լինելը: Բոլորը խաբում են, ամենուր խաբում են, ու չես ուզում մարդկանց հետ գործ ունենալ: Հոգնել եմ…»,- ասում է նա: Տիկին Մարիամը հասցրել է աշխատել մի քանի մասնավոր օբյեկտներում, որոնց «տերերը», սակայն, իրենք են որոշել, թե աշխատողը քանի՞ ամիս պիտի աշխատի ու հետագայում պայմանների ի՞նչ փոփոխությունների պիտի ենթարկվի: Ասում է` «Խնդրում եմ, մեր իշխանություններին ահազանգեք, որ այդ աշխատանքի տեղավորման գործակալությունները խաբեբաներ, խարդախներ են եւ թալանում են սոցիալապես ծայրահեղ վիճակում գտնվող մարդկանց: Խնդրեմ, միացրեք հեռուստացույցն ու բոլոր ալիքներով կարդացեք վազող տողով հայտարարությունները, որոնք շատ գայթակղիչ են եւ կանչում են հեռուստադիտողին»: Նա նաեւ մեղադրում է հեռուստաընկերությունների ղեկավարներին այն բանի համար, որ կեղծ հայտարարությունները եթեր հեռարձակելով` ակամայից իրենք էլ են խաբում հեռուստադիտողին: Տիկին Մարիամը վստահեցնում է, որ իր նման հազարավոր մարդիկ այդ ստահոդ հայտարարությունների պատճառով անընդհատ հուսախաբ են լինում եւ կորցնում են այն փոքրիկ հույսը, որը փայփայելով՝ հավատում են վաղվա օրվան: Ասում է` «Վերջերս «Շանթ» հեռուստաընկերության վազող տողով հայտարարություն կարդացի ու անմիջապես դիմեցի: Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող այդ «Աբուլիկ» աշխատանքի տեղավորման գործակալությունն իսկական խաբեբաների խումբ է: Ինձ ասացին, որ պիտի 3000 դրամ վճարեմ: Հիվանդ երեխայիս բերանից կտրեցի` տվեցի: Ախր ասում էին, որ դրանք խարդախներ են, բայց չէի հավատում, մտածում էի` ո՞նց կարող է հեռուստաընկերությունը խաբի, բայց փաստորեն լավ էլ կարող են խաբել»: Ինչեւէ, տիկին Մարիամին աշխատանքի տեղավորման գործակալությունից մի հեռախոսահամար են տվել, իբրեւ թե որպես դայակ աշխատանքի ընդունելու համար, որի բաժանորդը նրա համարը ֆիքսելով՝ մշտապես կա՛մ չի պատասխանել, կա՛մ էլ անհասանելի է եղել: Իսկ ավելի ուշ նրան տեղեկացրել են, որ այդ աշխատանքն այլեւս չկա: «Կարելի՞ է մարդուն մատների վրա խաղացնել, ամիսներ շարունակ սպասեցնել ու խաբել: Ո՞նց են թույլ տալիս, որ դրանք շորթեն մեզ»,- բարկացած ասում է տիկին Մարիամը, ով պահանջել է վճարած գումարը ետ վերադարձնել: Հեռուստաընկերություններից մեկի վազող տողով հայտարարությունների շարքում տիկին Մարիամը կարդացել էր «Բարեկամություն» մետրոյի հատվածում գտնվող «Լարիկ» աշխատանքի տեղավորման գործակալության մասին: Հայտարարության հետքերով տիկին Մարիամը գնացել-գտել է «Լարիկ» գործակալությունը, որը գտնվում է «Ֆիգարո» գեղեցկության սրահի շենքում: Գործակալությունից կրկին պահանջել են վճարել 3000 դրամ եւ զգուշացրել, որ աշխատանքի տեղավորելու դեպքում առաջին ամսվա աշխատավարձի 30%-ը պետք է պահվի գործակալության կողմից: Համաձայնել է: Ասում է` «Համաձայն եմ, թող պահեն, բայց թող աշխատանք տան, ոչ թե խաբեն ու ամեն մեկից 3000 դրամ շորթելով՝ հարստանան: Խնդրե՛մ, նայեք «Արմենակոբի» վազող տողը: Հայտարարությունների մեջ էլ էնքան ճոխ բաներ են գրում` 90.000-100.000 դրամ աշխատավարձով, լավ պայմաններով, բայց բոլորը սուտ է: Մի խոսքով` էլ գործակալություն չմնաց, որ չդիմեմ, վճարումը չանեմ, ու ինձ խաբեն: Էսքան ժամանակ չեմ էլ լսել, որ մեկին աշխատանքով ապահովել են: Պարզապես, երբ լսում ես էդ հայտարարությունները` մեջդ հույս ա արթնանում ու ետեւից գնում ես, բայց խորը հիասթափություն ես ապրում: Ախր կարելի՞ ա աղքատ մարդկանցից էդ մի քանի հազար դրամն էլ խաբեությամբ վերցնել ու գցել հուսահատության մեջ: Ախր ինձ շատ անհրաժեշտ ա աշխատանք ճարելը, հասկացեք, ես երեխայիս պետք է պահեմ»: Տիկին Մարիամն այնքան է բարկանում, որ այլեւս չի ցանկանում խոսել: Ուզում է փակվել անկողնու մեջ ու մարդկանց հետ չշփվել: Չի ուզում կրկին խաբվել: 6-րդ դասարանցի Կարինեն լուռ հետեւում է մոր զայրույթին: Դուրս է գալիս անկողնուց, հագնվում է ու անձայն հեռանում է սենյակից: