ՄԻԱԿ-ը պատրաստվում է ԱԺ ընտրություններին

24/03/2009

Մարտի 21-ին Իջեւանում տեղի ունեցավ Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) երրորդ համագումարը: Ներկա էին բոլոր՝ 120 պատվիրակները, երիտասարդական, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի օրակարգում ներառված էին ելույթներ ու կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունները: Համաժողովը բացեց կուսակցության արդեն նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը, ով իր տարեկան հաշվետվության մեջ նշեց, որ չի ներկայացնելու անհամար թվեր ու փաստեր, ինչը սովորաբար անում են հաշվետու զեկույցներում: Փոխարենը նա խոսեց կուսակցության կուտակած փորձի, կատարած սխալների մասին, որոնք, ըստ Ս. Ֆարմանյանի, իրենց փորձ են հաղորդում, իսկ 2008 թվականը նա ներկայացրեց որպես կուսակցության հասունացման տարի: Անցած տարվա տնտեսական, ներքաղաքական, արտաքին քաղաքական զարգացումների շուրջ տեսակետներ ներկայացրեցին ՄԻԱԿ-ի ներկայացուցիչներ Գերասիմ Բարսեղյանը, Նաիրա Կարապետյանը, Վահան Բաբայանը, կուսակցության համակիր, անկախ փորձագետ Տիգրան Ջրբաշյանը: Խիստ տարբեր էին ելույթների թեմաները` երկրորդ սերնդի բարեփոխումներ, Հայաստանի ներքաղաքական կյանք, արտաքին քաղաքականություն եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառները, հետեւանքներն ու հաղթահարման ուղիները: Եվ միայն ելույթների ավարտից հետո երիտասարդ կուսակցականներն անցան համաժողովի օրակարգի առանցքային կետի կատարմանը: Համագումարում ընտրվեցին կուսակցության 22 հոգանոց խորհուրդը, կանոնադրական եւ վերստուգիչ հանձնաժողովների 5-ական, նաեւ՝ քարտուղարության 9 անդամները՝ Լեւոն Մարտիրոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Արա Հովսեփյանը, Ինգա Հարությունյանը, Գերասիմ Բարսեղյանը, Նաիրա Կարապետյանը, Արթուր Ղարագուլյանը, Սամսոն Հակոբյանը, Վահան Բաբայանը: Նորընտիր խորհուրդը, պաշտպանելով որդեգրված ռոտացիոն սկզբունքը, դռնփակ եւ միաձայն կուսակցության նոր գլխավոր քարտուղար ընտրեց Արա Հովսեփյանին: Ա.Հովսեփյանը, ով նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենն է, պարզաբանեց, որ կուսակցության ղեկավարի պաշտոնի ստանձնումը քննարկվել է եւ ամերիկյան կողմի, եւ ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ երկրի վարչապետի հետ: Իրեն որեւէ սահմանափակում չի առաջադրվել: Ի դեպ, ՄԻԱԿ-ը պատրաստվում է ԱԺ հաջորդ ընտրություններին եւ չի մասնակցի Երեւանի քաղաքապետի այս ընտրություններին: Հաջորդ համաժողովը նախատեսված է մեկ տարի հետո` Ճամբարակում: