Այսպես թե այնպես, մենք այժմ միայն պետական հովանավորության տակ գտնվող թատրոններ ունենք, եւ իրենց ֆորմաների ու թեմաների ընտրության մեջ ավելի մոբիլ մասնավոր թատրոններ չկան: Եվ եղած թատրոնները պետության համար ծանր բեռ են: Նրանք պետությունից գումար են ստանում, բեմադրություն են անում ու, որպես կանոն` բողոքում են սակավ ֆինանսավորումից, հանդիսատեսից, բայց սեփական աշխատաոճը փոխել չեն շտապում: Եվ այսպես հստակ գծած ռելսերով, իներցիայով ընթանում են: Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն, օրինակ, վստահ է, որ եթե ֆինանսավորումը շատ լինի, իրենք ավելի լավ կաշխատեն: Նա ասում է, որ այժմ շատ է մտորում ու կանգ է առել այն մտքի վրա, որ հարկավոր է ավելի մեծ տեղ տալ ազգային դրամատուրգիային (Շիրվանզադեին, Պարոնյանին, Նար-Դոսին), քանի որ ազգային պիեսները շատ արդիական են ու պետք է դաստիարակչական դեր կատարեն: «Վստահ եմ, որ ուզբեկի կամ ֆրանսիացու գրած գործերը չեն կարող մեր մասին լինել: Ի՞նչ է նշանակում` այս կամ այն գործի մոտիվներով բեմադրություն անել: Այդպես չի կարելի, պետք է պիես բեմադրվի»,- ասում է նա:
Այդ միտքը նույնքան տարակուսելի է, որքան եւ ժամանակավրեպ է: 21-րդ դարում այդպես մտածող թատրոնները ուղղակի դատապարտված են մահվան: Բայց Հայաստանում թատրոններն «անմահ» են: Իսկ թատրոնների ճակատագրին միջամտելու յուրաքանչյուր փորձ նոր խնդիրների սկիզբ է դնում: Սունդուկյանի անվան թատրոնում, օրինակ, լուծարվել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, ստեղծվել է հանձնաժողով, հրավիրվել են նոր ռեժիսորներ, եւ նոր հարցեր են ծագել: Ինչպե՞ս եւ ո՞վ պիտի որոշի, ասենք, դերաբաշխման խնդիրը կամ պիեսի մեկնության տեսակետը: Հայտնի է, որ այդ թատրոնում արդեն իսկ մի շարք անհամաձայնություններ կան ռեժիսորների, տնօրենի ու խորհրդի միջեւ: Երվանդ Ղազանչյանն ասում է. «Հիմա լռելու ժամանակն է: Եկեք սպասենք, տեսնենք` թե ի՞նչ է ուզում այդ թատրոնից Մշակույթի նախարարությունը: Հիմա ես կասկածով եմ նայում Սունդուկյանի անվան թատրոնի ճակատագրին»: Նա վստահ է, որ առանց գեղարվեստական ղեկավարի՝ թատրոնը չի կարող ապրել, քանի որ «գեղարվեստական ղեկավարը խաղացանկային սկզբունք, խաղացանկային դավանանք է նշանակում»: Ընդ որում` նա համոզված է, որ գեղղեկ կարող է լինել միայն ռեժիսորը: «Դա պարտադիր է»,- ասում է նա: Իսկ իր տեսակետին ուղղված «ինչո՞ւ» հարցը նա ուղղակի անտեսում է: Միայն նշում է, որ շատ թատրոններ կան, որոնք «վիրահատության» կարիք չունեն, քանի որ լավ են աշխատում: Օրինակ, Պարոնյանի անվան թատրոնը, որն ունի 20 ներկայացում, եւ գեղարվեստական ղեկավարն ընդամենը 6 ներկայացման բեմադրիչն է: «Գեղարվեստական ղեկավարը պիտի հաշվի առնի ազգային շահերը եւ հնարավորություն տա բեմադրել ուրիշներին»,- ասում է Ե.Ղազանչյանն ու խոստանում, որ շուտով բեմադրություն անելու կհրավիրի Սունդուկյանի թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին, ում մասին միշտ բարձր կարծիք է ունեցել: Ե.Ղազանչյանը սխալ է համարում այն մոտեցումը, երբ գլխավորներն ուզում են ամեն ինչ իրենք բեմադրել, ընդհուպ՝ մինչեւ մանկական տոնածառային ներկայացումները: «Ես անում եմ այն, ինչն ինձ տրված է ի վերուստ, ու մանկական ներկայացումներ չեմ անում»,- ասում է նա:
Ֆինանսների ու բեմադրության որակի մասին խոսելիս, պետական գերատեսչությունը լավ կանի ուշադրություն դարձնի հենց մանկական ներկայացումներին, քանի որ, ինչպես հայտնի է, հենց Նոր տարվա օրերին ցուցադրված ներկայացումներն են համարվում «դրամարկղային»: Այդ ներկայացումները հատուկ չեն ֆինանսավորվում, այլ` ընդհակառակը` լեփ-լեցուն դահլիճներ ու եկամուտ են ունենում: Այդ դեպքում ինչո՞ւ են հենց այդ ներկայացումները այդքան սարսափելի, գավառական ու «գռդոն»: Համենայնդեպս, Պարոնյանի անվան թատրոնում այս տարվա տոնածառային ներկայացումը ուղղակի ահազանգի էր նման, եւ սթափ գիտակցություն ունեցող ոչ մի մարդ թույլ չէր տա, որ իր երեխան տեսնի այդ ներկայացումը այդ ցուրտ ու անբարեհամբույր դահլիճում: Եթե կարողանում ենք այդպես «խաղալ» մանուկների ճաշակի ու սպասելիքների հետ, ապա ի՞նչ ազգային շահերի մասին ենք խոսում: Եվ ինչի՞ համար են պետությունից (այսինքն` մեզնից) գումար ուզում այս հսկա թատրոն-կառույցներն` իրենց մեծ դերասանախմբերով, կայուն խաղացանկով ու անսասան ղեկավարներով: