Երեկ առավոտյան ժամը 11:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունը կուսակցությունների ղեկավարների հետ` «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմայով: Նմանատիպ մի խորհրդակցություն էլ տեղի էր ունեցել 2008թ. աշնանը` ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ:
Միջոցառումը տեւել է մոտ 5 ժամ, եւ ըստ նախագահի մամուլի քարտուղարի` ՀՀ-ում գրանցված եւ գործող 72 կուսակցություններից հրավեր են ստացած եղել՝ 63, իսկ քննարկմանը ներկայացել են 48 կուսակցությունների ղեկավարները, որոնք բոլորն էլ խոսել են: Հանդիպմանը ներկա չէին ինչպես Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) (բացառությունը այս անգամ էլ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն էր), այնպես էլ «Ժառանգություն» ու «Նոր Ժամանակներ» կուսակցությունների ղեկավարները:
Հեծանիվ հորինելու դեպք
Հանդիպման սկզբում, որը բաց էր ԶԼՄ-ների համար, ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը: «Այսօր աշխարհի ուշադրության ու քննարկումների կիզակետում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է: Հայաստանն ու մեր տնտեսությունը մեկուսացված կղզիներ չեն, եւ մեր երկիրը նույնպես զգում է ճգնաժամի ազդեցությունը: Խնդրո առարկայի շուրջ քաղաքական կուսակցությունների կողմից բազմաթիվ տեսակետներ են հնչեցվում, եւ այժմ լավ առիթ է դրանք մեկտեղելու, քննարկելու, մտքեր փոխանակելու համար: Ֆինանսատնտեսական ճգնաժամն այսօր ստիպել է զարգացած երկրներին այնպիսի փոփոխությունների գնալ, որոնք նախկինում պարզապես անընդունելի կհամարվեին: Հասկանալի է, որ նման իրավիճակը ՀՀ կառավարությանը եւս ստիպել է գնալ ոչ ստանդարտ լուծումների: Այդ մասին վարչապետն ու կառավարության անդամները մշտապես իրազեկում են հանրությանը: Ճգնաժամի մեղավորները մենք չենք, բայց ես կարծում եմ, որ կառավարությունը, իշխանություններն իրավունք չունեն թաքնվելու ճգնաժամի թիկունքում, եւ սեփական սխալները վերագրեն միայն ու միայն ճգնաժամին: Եթե միակամ չդիմագրավենք այս ճգնաժամին, տուժելու ենք բոլորս: Համընդհանուր լուծումներ պարզապես չկան. միգուցե սա այն դեպքն է, երբ իսկապես հարկ կա հեծանիվ հորինել: Հիմա մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի լիարժեք իրականացման ժամանակն է: Այս ընթացքում ՀՀ կառավարությունը մշտական համագործակցության մեջ է համաշխարհային ֆինանսական կառույցների առաջատար մասնագետների հետ, մանրամասն վերլուծվում են այլ երկրներում իրականացվող քայլերն ու մեր երկրի անկախ փորձագետների հրապարակային եւ ուղղակի արված առաջարկությունները: Ես գտա, որ քաղաքական կուսակցությունների հետ այսօրինակ քննարկում է անհրաժեշտ հենց այս փուլում: Թե ինչպես կզարգանա ճգնաժամը մեզանում` մեծապես կախված է նաեւ դրա հասարակական ընկալումից ու հանրային վարքագծից: Թե ինչպիսի վարքագիծ կդրսեւորեն մեր յուրաքանչյուր քաղաքացին ու մեր ողջ հասարակությունն իբրեւ ամբողջականություն, լրջորեն կպայմանավորի բացասական զարգացումները կանխելուն ուղղված քայլերի հաջողությունը: Խնդիրը մեծապես մարդկային գիտակցության հարթությունում է, հանրային գիտակցության հարթությունում: Կուզեք՝ տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսեք, միեւնույն է, ոչինչ չի ստացվի, եթե հանրության մեջ տիրեն ապագայի հանդեպ անվստահությունն ու խուճապը: Կարծում եմ` երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ոք պատրաստակամ է խոհեմ գործելաոճի ու ռացիոնալ վարքագծի արմատավորման խթան դառնալ այս ժամանակահատվածում: Հավատում եմ, որ այս ուղղությամբ արդյունավետ գործելու մեծ ներուժ եւ հնարավորություններ ունեն հատկապես մեր քաղաքական կուսակցությունները: Իհարկե, ես նկատի չունեմ այն մարդկանց ու այն քաղաքական ուժերին, ովքեր ղեկավարվում են «Ինչքան վատ` այնքան լավ» սկզբունքով: Մի թյուրըմբռնում կա, որին ուզում եմ անդրադառնալ: Դա այն ընկալումն է, որ ճգնաժամը զուտ ֆինանսական եւ տնտեսական բնույթ ունի` դրա արդյունքում ձեւավորված սոցիալական հետեւանքներով: Համաշխարհային ճգնաժամը մեծ մարտահրավեր է քաղաքական դաշտին, արժեհամակարգին ու բարոյականությանը: Թե ով իրեն ինչպես է դրսեւորում ճգնաժամի ժամանակ, ցույց է տալիս նրա արժանիքները, բարոյականությունը ու քաղաքական պատասխանատվություն վերցնելու աստիճանը: Անշուշտ, ամենահեշտը նստել-քննադատելն է, եւ սա, իհարկե, նաեւ անվտանգ է: Փառք Աստծո, այսօր մեր բնակչությունը կարողանում է իրեն խոհեմ դրսեւորել ճգնաժամի պայմաններում` չմատնվելով վիճակն անիմաստ բարդացնող խուճապի: Քաղաքական դաշտը սիրում է խորհուրդներ տալ` «դու սա՛ արա, դու նա՛ արա», եւ այսպես շարունակ: Արդյո՞ք մենք` այսօրվա քաղաքական կուսակցություններս, պատրաստ ենք գործել իրավիճակին համահունչ, համեստ, խոհեմ ու, ամենակարեւորը, խուճապի չմատնվելով եւ խուճապ չհրահրելով: Մասնագետները խորհուրդ են տալիս, որ ճգնաժամի պայմաններում ցածր աշխատավարձով կամ շահույթով աշխատելը ավելի ձեռնտու է, քան բարձր աշխատավարձի կամ շահույթի ակնկալիքով չաշխատելը, աշխատանք ու բիզնես չունենալը: Այս հարցն ուղղում եմ մեզ. պատրա՞ստ ենք մենք` հայաստանյան քաղաքական կուսակցություններս, առանց քաղաքական դիվիդենտի քաղաքականությամբ զբաղվելու: Սա այն պահն է, երբ քաղաքական օգուտներ քաղելը, բանսարկու, խառնակիչ քայլերը նշանակում են նպաստել ճգնաժամին եւ ոչ թե պայքարել դրա ազդեցությունների դեմ»,- իր ելույթում ասաց Ս. Սարգսյանը:
Անցել են խնայողության ռեժիմի
Հանդիպման բաց հատվածը եզրափակվեց վարչապետ Տ. Սարգսյանի ելույթով, որից հետո այն անցավ փակ դռների հետեւում: «2008թ. նոյեմբերի 14-ին ԱԺ ներկայացված հակաճգնաժամային մեր ծրագրի տրամաբանությունը շատ պարզ է եւ հիմնված երեք շվերի վրա: Առաջին, ենթակառուցվածքային նախագծերի իրականացում, երկրորդ, հասցեագրված օժանդակություն այն ձեռնարկություններին, որոնք ունեն ժամանակավոր դժվարություններ, երրորդ` փոքր եւ միջին բիզնեսի օժանդակություն: Մեր հակաճգնաժամային ծրագրով նախատեսված է բնական կենսագործունեություն ապահովող ենթակառուցվածքների պահպանմանն ու նոր ծրագրերի իրականացմանն ուղղված հետեւյալ միջոցառումները. առաջինը՝ ճանապարհաշինարարական նախագծերի իրականացում` 800-1000 կմ ավտոճանապարհների կառուցում 2009-2012թթ.` շուրջ 110 մլրդ դրամի ֆինանսավորմամբ: Աղետի գոտու բնակարանային շինարարություն` շուրջ 75 մլրդ դրամի չափով, ներառյալ Վարպետաց քաղաքի կառուցումը: Ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի արդիականացում` շուրջ 100 մլրդ դրամ: Համահայկական բանկի եւ Հիպոթեքային հիմնադրամի գործարկում` 9 մլրդ դրամ: Նոր ատոմակայանի եւ երկաթգծի կառուցում, որը պահանջում է մեծածավալ ներդրումներ: Երկրորդ ուղղությունը. տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելու համար իրականացնելու ենք հասցեագրված օգնություն առանձին ձեռնարկություններին, որի նպատակն է ստեղծել նոր աշխատատեղեր, խթանել ներմուծման փոխարինումը տեղական արտադրանքով, ավելացնել արտահանումը, ընդլայնել տեղական հումքի օգտագործումը, խթանել ինովացիոն տեխնոլոգիաների կիրառումը: Օպերատիվ շտաբի կողմից հաստատվել է 18 ծրագիր` շուրջ 25 մլրդ դրամ ֆինանսավորմամբ: Երրորդ ուղղությունը. կայուն տնտեսության հենքը փոքր եւ միջին ձեռնարկատիրությունն է, որի դերն առավել կարեւորվում է ճգնաժամային պայմաններում: Ուստի պետությունն իրականացնում է հետեւյալ միջոցառումները. փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման ծավալների ընդլայնում` պետական բյուջեից մենք տրամադրել էինք 15 մլրդ դրամ վարկավորման ծավալներն ավելացնելու համար: Համաշխարհային բանկի, Զարգացման Եվրոպական բանկի եւ Ասիական բանկի օժանդակությամբ փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը նույնպես կտրուկ ավելանալու է: Արտահանվող մասնագիտացված կազմակերպությունների հիմնադրում` ուղղված նաեւ գյուղատնտեսական մթերքների արտահանման ներուժի բարձրացմանը: Փոքր եւ միջին ձեռնարկությունների հարկային բեռի նվազեցում, մասնավորապես ավելացված արժեքի հարկով չհարկվող շեմի բարձրացում մինչեւ 58 մլն դրամ՝ գործող 3 մլն դրամի փոխարեն: ՀԴՄ-ների կտրոններով եւ կրճատ հաշիվ-ապրանքագրերով ծախսերի հիմնավորում, փաստաթղթերի ընդունում տարեկան 36 մլն դրամի չափով գործող 1 մլն դրամ սահմանաչափի փոխարեն: Հյուրանոցառեստորանային ծառայություններ մատուցող փոքր սուբյեկտների տեղափոխում հաստատագրված վճարների հարկային դաշտ, սարքավորումների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգում մինչեւ երեք տարի ժամկետով: Հարկային վարչարարության էական պարզեցում, մասնավորապես մինչեւ 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարման պարտադիր կանոնի վերացում: Պարզեցված հարկային հաշվետվությունների ներդրում, նախկինում գործող հաշվետվություններ ընդունող հանձնաժողովների լուծարում, ավելացված արժեքի հարկի ամսական հաշվետվությունների ներկայացման պահանջի վերացում, եթե շրջանառությունը փոքր է 100 մլն դրամից՝ նախկին 60 մլն դրամի փոխարեն, հաշվապահական օժանդակության կենտրոնի ստեղծում, ստանդարտացված ծառայությունների մատուցում, GSP պլյուս համակարգին մասնակցություն, ինչը զգալիորեն նվազեցնում է ՀՀ-ից Եվրամիություն արտահանվող ապրանքների մաքսային ծախսերը: Մենք անցել ենք բյուջեի խիստ խնայողության ռեժիմին` կրճատելով որոշ բյուջետային ծախսեր: Արդեն իսկ բարձրացրել ենք կենսաթոշակները, սոցիալական նպաստները, ուսուցիչների աշխատավարձերը, ինչը, մեր կարծիքով, դյուրին կդարձնի առավել խոցելի խավի ճգնաժամային ազդեցություններին դիմակայելը: Մենք նախատեսել ենք մի շարք միջոցառումներ, որոնք զսպելու են տնտեսապես չարդարացված գների աճը եւ ապահովելու են խոշոր բիզնեսից բյուջեի մուտքերի ավելացումը: Դրանք են` խոշոր ընկերությունների համար պարտադիր արտաքին աուդիտի պահանջի սահմանումը, ՀԴՄ-ների կտրոններ չտրամադրելու դեպքում խոշոր հարկատուների նկատմամբ պատժամիջոցների կտրուկ խստացումը, խաղատների, շահումով խաղերի կազմակերպման հաստատագրված վճարների բարձրացումը, ԱԳԼՃԿ-ների հարկման բազային ընդլայնումը` հաշվարկների հիմքում ընդունելով ստացված գազի ծավալը գործող իրացման ծավալի հետ զուգահեռ: Լինելու ենք թափանցիկ եւ ներդնելու ենք արդյունավետ մեխանիզմներ հակաճգնաժամային ծրագրի մոնիտորինգը հրապարակային իրականացնելու համար»:
«Դարագաուվաժայեմիյ…»
Հանդիպումից հետո ՀՀ քաղաքական դաշտում գրեթե որեւէ դերակատարություն չունեցող մի քանի կուսակցությունների ղեկավարներ լրագրողներին պատմեցին իրենց տպավորությունները` բնականաբար, բոլորն էլ հիացական բացականչություններով գովաբանական խոսքեր ուղղելով հնչած ելույթներին: Մարքսիստ Դ. Հակոբյանը՝ ժպիտը դեմքին, հիացմունքը չթաքցնելով՝ հայտարարեց. «Ինձ դուր եկավ հատկապես նախագահի կողմից ըմբռնողականությունն ու հանդուրժողականությունը սուր ելույթային դրվագների նկատմամբ: Հոյակապ էր: Շոշափվեցին բավականին ցավոտ հարցեր, օրինակ` շուկայի ձեւավորման քաղաքականության վերաբերյալ»: «Դե, ես գոհ եմ եւ՛ հանդիպման կազմակերպման ձեւից, եւ՛ մատուցված հնարավոր զարգացումների ընթացքից»,- սա էլ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հիացմունքն էր: Իսկ ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանն իր երկարաշունչ ճառը սկսեց Ս.Սարգսյանին ուղղված դրվատանքի խոսքերով: «Հանդիպումը անցավ շատ թեժ, սակայն գործնական առարկայական քննարկումների մթնոլորտումգ»,- հայտարարեց Գեղամյանը` բնականաբար բաց չթողնելով ընդդիմությանը «կծելու» առիթը: «Ինձ համար խորթ եւ անհասկանալի է, երբ առանձին գործընկերներ, չգիտես ինչու, անտեսեցին այս հույժ կարեւոր հանդիպումը: Սա այն հրապարակն է, որտեղ կարելի էր գալ, ամենասուր քննադատությամբ հանդես գալ, ապա եզրակացություն անել` արժի՞ հույս կապել այս իշխանության, այս կառավարության հետ, թե՞ ոչ: Միայն այն, որ կառավարությունը պատրաստ է լսել այլակարծություն, պատրաստ է գործնական քննարկում ծավալել, այս փուլում ինձ լավատեսություն է հաղորդում»,- ասաց Ա. Գեղամյանը: «Հնչել են ճգնաժամին վերաբերող այնպիսի առաջարկներ, որոնք այսօր պետք է կառավարությունը հաշվի առնի: Վարչապետն ու նախագահը մեկ առ մեկ կանգ առան այն առաջարկների վրա, որոնք մենք արեցինք»,- հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը: ՀՅԴ-ից քննարկմանը ներկա էր Արմեն Ռուստամյանը, ում կարծիքով` քաղաքական ուժերի գնահատականները կարելի է ամփոփել եւ գտնել այնպիսի լուծումներ, որոնք հասարակության կողմից եւս ընկալելի կլինեն: «Ճգնաժամը բոլորին է վերաբերում, եւ այստեղ իշխանությունների ճիգերով միայն հնարավոր չէ դուրս գալ ճգնաժամից: Բարձրացված հարցերին պարզաբանումներ տվեց վարչապետը, շատ նոր առաջարկներ կային: Ճգնաժամից դուրս գալու ելքերն ուրվագծվել են, սակայն կան նաեւ վատատեսական սցենարներ, որոնց պետք է պատրաստ լինել ու գործի դնել սեփական ռեսուրսները: Պետք է ելնել տնտեսական անվտանգության տեսանկյունից, որովհետեւ կան վատատեսական սցենարներ, եւ դրանք պարտավորեցնում են այսօր կատարել քայլեր, որպեսզի խուսափենք ամենավատ վիճակում հայտնվելուց»,- ասաց նա: ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն էլ նշեց, որ գրավոր ներկայացրել է գերշահույթները հարկելու վերաբերյալ առաջարկություններ, խոսել է այն մասին, որ հնարավորին չափ «հանգիստ թողնեն այն խավը, որն իր գլուխը պահում է եւ պետությունից ոչ մի ակնկալիք չունի»: «Կարեւորեցի նաեւ այն, որ նախագահը երբեմն-երբեմն ինքը վարի կառավարության նիստերը»,- ասաց նա: Պատասխանելով այն հարցին, թե վարչապետի ելույթը գոհացրե՞ց իրեն, փարատե՞ց մտահոգությունները, նա պատասխանեց. «Ինձ գոհացնելը թողնենք մի կողմ, ես ուղղակի Աստված կկանչեմ, եթե նրա ասածների գոնե 50-60%-ը իրականություն դառնա»: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը դժվարացավ նշել, թե ճգնաժամը որքան կտեւի, բայց նրա խոսքով` այն կարող է լավ առիթ հանդիսանալ ՀՀ ներքին կյանքը, տնտեսությունը կառուցելու համար: «Մարդ ծանր վիճակում ավելի լավ է կարողանում իրեն դրսեւորել: Հիմա մենք ընկել ենք ծանր վիճակի մեջ, որից դուրս գալը միասնական պետք է լինի: Իշխանության մեջ հավաքված են մարդիկ, որոնց շատերին կարող եմ քննադատել, բայց կա մի թիմ, որն ի զորու է ներկա պայմաններում հնարավորինս անել: Բայց դա միայն իրենցից չէ կախված: Դա կախված է հասարակության լայն շերտերից` եւ՛ մեծահարուստներից, եւ՛ քաղաքական կուսակցություններից, եւ՛ ժողովրդից: Եթե չլինի միասնական ընտանիքի գաղափար, միասնական օրինականության գաղափար, շատ դժվար կլինի հաղթահարել»,- ասաց Վ. Մանուկյանը: