Երեւանի քաղաքապետի` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին առանձին մասնակցելու որոշումից հետո «Ժառանգություն» կուսակցությունը նախ փորձեց բոլոր հնարավոր միջոցներով հիմնավորել կամ արդարանալ, ապա հայտարարեց, որ վերջնական որոշումը կկայացվի ուրբաթ օրը, այսինքն` երեկ:
Թեեւ նախօրեին «Ժառանգության» որոշ անդամներ չէին բացառել, որ ուրբաթ օրը եւս կարող է որոշում կայացրած չլինեն: Իսկ երեկ ամբողջ օրը թե՛ «Ժառանգությունում», թե՛ այդ որոշմանը սպասող շրջանակներում անորոշ վիճակ էր: Ուշ երեկոյան նշանակված կուսակցության վարչության նիստից առաջ եւ մինչեւ դրա ավարտը որեւէ մեկը չգիտեր` այնուամենայնիվ, միանալո՞ւ է «Ժառանգությունը» Հայ Ազգային կոնգրեսին, թե՞ ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով:
Իսկ մինչ երեկվա նիստը տարբեր շրջանակներում քննարկվում էր, թե ի վերջո ինչ վերջնական որոշում կարող է կայացնել «Ժառանգությունը»: Քննարկվող վարկածներից մեկի համաձայն, «Ժառանգությունն» ի սկզբանե իշխանությունների կամ գուցե դրսի որոշ շրջանակների հետ պայմանավորվածություն ունի, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին առանձին է մասնակցելու, ու հիմա ՀԱԿ-ի ներկայացրած տարբերակը չընդունելու համար ընդամենը հնարավորինս արժանահավատ պատճառներ է փորձում գտնել: Եթե այս տեսակետը ճիշտ է, ուրեմն Երեւանի քաղաքապետի ընտրություններին միասնաբար ներկայանալու իմիտացիա ստեղծելու համար «Ժառանգությունն» ավելի վաղ է սկսել պատրաստվել: Դեռեւս փետրվարի 21-ին խորհրդի նիստում որոշում է ընդունվել առաջիկա ընտրություններին կուսակցության վարչությանը լիազորել բանակցություններ վարել ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով հանդես գալու համար: Դրանից հետո կուսակցության պատգամավորներն առիթի դեպքում հայտարարում էին, որ ճիշտ են համարում միասնաբար հանդես գալը, որ կողմ են ոչ թե կարճ, այլեւ երկար միացումներին, եւ այլն, եւ այլն: Ու այսքանից հետո, երբ այդ միացումը չի ստացվում, ուրեմն «մեղավորը» ՀԱԿ-ն է: Անցած կիրակի ՀԱԿ-ը հայտարարեց, որ ընտրություններում իր ներկայացրած համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում լինելու է Ստեփան Դեմիրճյանը, իսկ երրորդ տեղում` «Ժառանգության» ներկայացուցիչը: Սակայն «Ժառանգությունը» երկուշաբթի երեկոյան վարչության նիստ հրավիրեց ու որոշեց ներկայացնել իր տարբերակը` առաջին տեղում՝ Արմեն Մարտիրոսյան, երկրորդ տեղում՝ Լ.Տեր-Պետրոսյան, երրորդ տեղում` Րաֆֆի Հովհաննիսյան: Ու տպավորությունն այնպիսին է, որ «Ժառանգությունը» միտումնավոր որոշել է այնպիսի տարբերակ ներկայացնել, որը ՀԱԿ-ի կողմից միանշանակ ընդունելի չէր կարող լինել: Այդպիսով տպավորություն կստեղծվեր, թե Երեւանի քաղաքապետի ընտրություններում հաղթելու համար իրենց ու ՀԱԿ-ի մոտեցումները խիստ տարբեր են, դրա համար էլ առանձին են մասնակցելու:
Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրություններին մասնակցելու վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման վերջին օրն է: Ու այդքանից հետո նույնիսկ երեկ էլ «Ժառանգությունը» հայտարարում էր, թե կողմ է, որպեսզի միասնաբար հանդես գալու շուրջ բանակցությունները շարունակվեն: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե փետրվարի 21-ի իրենց որոշումից հետո «Ժառանգության» ու ՀԱԿ-ի միջեւ պաշտոնապես բանակցություններ չեն ընթացել: Ի դեպ, ըստ «Ժառանգության» վարչության նախագահ Անահիտ Բախշյանի, ՀԱԿ-ի հետ բանակցություններ վարելու լիազորություն են ունեցել Հ.Խուրշուդյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը եւ կուսակցության վարչության անդամ Ռաֆիկ Հակոբյանը: Հ.Խուրշուդյանի ասելով, բանակցություններ չեն եղել նաեւ ՀԱԿ-ի կիրակնօրյա հայտարարությունից անմիջապես առաջ, երբ Լ.Տեր-Պետրոսյանը նոր էր վերադարձել Ֆրանսիայից, իսկ Ր.Հովհաննիսյանը` օտարերկրյա գործուղումներից: Այսինքն` խնդիրը այսպես ներկայացնելու դեպքում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե «Ժառանգությունն» ամեն ինչ անում էր ՀԱԿ-ի հետ բանակցելու համար, սակայն վերջինս չէր ընդառաջում: Մինչդեռ կարող ենք հիշել թեկուզ ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեռուստատեսային ելույթը, որում նա պնդում էր, թե բանակցություններ են վարվում, եւ ամեն ինչ պարզ կդառնա դրանց ավարտից հետո: «Ես համագործակցության կողմնակից եմ, որը չի կայանում»,- երեկ ասաց կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը: Այդ դեպքում ո՞վ է հակված չհամագործակցելուն: «Երբ ցուցակ է ներկայացվում, թե առաջին երկու տեղերում այս մարդիկ պետք է լինեն, դա արդեն չհամագործակցելու նշան է,- ասում է տիկին Բախշյանը` ավելացնելով,- Փետրվարի 21-ի խորհրդի նիստում ակտիվի 64 հոգով միաձայն որոշում ենք կայացրել առաջիկա ընտրություններին լիազորել վարչությանը` բանակցություններ վարել ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով գնալու համար: «Ժառանգության» կողմից բանակցության լիազորություն ունեցող մարդիկ ՀԱԿ-ի հետ սեղանի շուրջ չեն հրավիրվել»:
Բոլոր դեպքերում «Ժառանգության» պատգամավորների հայտարարությունների մեջ հակասություն կա` մինչեւ անցած կիրակի հայտարարում էին, թե բանակցում են, իսկ ՀԱԿ-ի հայտարարությունից հետո ասում են, թե՝ մեզ բանակցությունների չեն հրավիրել: Այս անորոշության պատասխանը թերեւս կարող են տալ ՀԱԿ ներկայացուցիչները, սակայն նրանք էլ լռում են` սպասելով մինչեւ «Ժառանգությունը» վերջնականապես կկայացնի միանալ-չմիանալու կամ ընդհանրապես ընտրություններին չմասնակցելու որոշումը: Ի դեպ, հատկապես երեկ ակտիվորեն քննարկվում էր ընտրություններին չմասնակցելու տարբերակը: Երեկ մենք փորձեցինք Ա.Բախշյանից նաեւ պարզել` արդյոք իրականությանը չե՞ն համապատասխանում այն տեղեկությունները, որ կուսակցության շարքային անդամներից շատերը կողմ են ՀԱԿ-ի հետ միասնաբար ընտրություններին մասնակցելուն: «Այո, չորեքշաբթի երեկոյան եկել են մարդիկ, մենք խնդիրը նրանց հետ 3 ժամ քննարկել ենք, բոլորին հատ-հատ լսել ենք: Ձեռքիս տակ բոլորի կարծիքները կան, որոնք այսօր նորից կքննարկվեն: Կարծիքներ կան նաեւ չմիանալու եւ ընդհանրապես չմասնակցելու մասին»,- պատասխանեց տիկին Բախշյանը:
Հ.Գ.«Ժառանգության» վարչության կեսգիշերային որոշումը ցույց տվեց, որ իրականությանը մոտ են այն գնահատականները, որ այս կուսակցությունն ամեն ինչ անում էր ընդդիմության միավորումը բացառելու համար: Իսկ մնացածը մանր «շուստրիություն» է: