Բացասական սցենարի կենդանացող ուրվականը

21/03/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Տնտեսական իրադարձությունների մասին խոսելիս վերջին շրջանում Հայաստանում մի քանի արտահայտություններ սկսեցին հայտնվել տնտեսագիտական տերմինների «հիթ-շքերթի» առաջին հորիզոնականներում։ Եթե պայմանականորեն դասակարգենք դրանք, առաջին տեղում «ֆինանսատնտեսական ճգնաժամն» է, երկրորդ տեղում (հատկապես վերջին 2 շաբաթվա ընթացքում)՝ «լողացող փոխարժեքը»։ Իսկ լավագույն եռյակը եզրափակում է մի բառ, որի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից շատերը չէին էլ լսել՝ սեկվեստր։ Առնվազն 2002-ից հետո:

Չարագուշակ այս բառը տնտեսագիտության մեջ նշանակում է բյուջեի առանձին հոդվածներով նախատեսվող ծախսերի կամ ընդհանուր բյուջեի կրճատում (լատիներեն secvestro-«հեռացնել», «դուրս հանել» բառից)։ Նշենք, որ բյուջեի սեկվեստր իրականացվում է հիմնականում 2 պատճառներով. երբ բյուջեի նախագծման ժամանակ թույլ են տրվել սխալներ (հաշվարկների մեջ), կամ ֆորս-մաժորային իրավիճակներում։ Այսօր շատ է խոսվում հնարավոր սեկվեստրի մասին, չնայած իշխանությունները համառորեն հերքում են եւ գերադասում են դա անվանել «ծախսերի հետաձգում»։ Հաշվի առնելով, որ ճգնաժամը սկսվել էր դեռ մինչեւ բյուջեի հաստատումը, կարելի է ասել, որ մեզանում ինչ-որ երրորդ, հիբրիդային պատճառ կա. հաշվարկների սխալ՝ ֆորս-մաժորային (ճգնաժամի) պայմաններում։ Ասվածի ապացույցն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը՝ մարտի 12-ին 4 ԶԼՄ-ներին տված նրա հարցազրույցից. «Ցուցանիշները շատ ավելի վատն են, քան մենք կանխատեսում էինք անցած տարվա ամռանը, երբ մշակեցինք 2009-ի բյուջեի նախագիծը, այդ թվում` նաեւ միջազգային կազմակերպությունների հետ: Շատ ավելի վատատեսական սցենարներ են այսօր դառնում իրողություն, եւ այսօր հստակ կանխատեսումներ անել հնարավոր չէ»։ Իսկ հարցազրույցի նախորդ օրը վարչապետն ԱԺ-ում հանդիպել էր ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների հետ, որից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր. «Այո, կա կանխատեսում, որ Հայաստանում կլինի 4,5 տոկոսանոց աճ, զրոյական աճ, կամ 1-2 տոկոսանոց անկում, 4,5 տոկոսի անկում: Մենք այս բոլոր սցենարներն էլ հաշվի ենք առել»։

Փաստորեն, վարչապետը նշել է հնարավոր զարգացման 4 սցենար, որոնցից յուրաքանչյուրի դեպքում ՀՆԱ-ի աճը բյուջեով կանխատեսվածից ավելի ցածր է։ Այսինքն, ցանկացած դեպքում՝ բյուջեի կատարումը վտանգի տակ է, սեկվեստրն էլ (ինչ անվանմամբ էլ դա արվի)՝ անխուսափելի։ Հակառակ դեպքում բյուջեն կատարելու համար պետությունը պետք է «քամեր» բոլորին՝ էլ ավելի ծանրացնելով տնտեսության վիճակը։ Դրա վտանգավորությունն իշխանությունները հասկանում են. վերը նշված հարցազրույցում Տիգրան Սարգսյանը նաեւ այսպիսի մի միտք է հայտնել. «Ցանկացած գնով հարկերի հավաքագրում իրականացնելն անթույլատրելի է, եւ մենք նման քայլի չենք գնալու: Հարկերի հավաքագրման մեր սկզբունքը հետեւյալն է` մեր թիրախային ցուցանիշը հստակ ամրագրված է, այն է` հասնել նրան, որ հարկերի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ կազմի 17,4 տոկոս: Այսինքն` մենք պետք է հավաքենք այնքան հարկ, ինչքան որ ստեղծում է մեր տնտեսությունը: Եվ այդ ցուցանիշով է պայմանավորված հարկահավաքումը ու ոչ թե՝ այն ցուցանիշներով, որոնք, ենթադրում էինք, թե մենք ունենալու ենք 2009-ին»։

Եթե փոքր-ինչ պատկերավոր ձեւակերպենք, ապա ասվածը կարելի է անվանել «լողացող հարկահավաքության քաղաքականություն»։ Գաղափարն, իհարկե, ճիշտ է՝ չի կարելի սպանել տնտեսությունը՝ ամեն գնով բյուջեն կատարելու համար։ Մյուս կողմից, սակայն, կան բյուջեով նախատեսված ծախսեր, որոնք «լողացող» չեն կարող լինել. օրինակ, պետությունը չի կարող թոշակի չափը նվազեցնել՝ տնտեսական աճի ցածր ցուցանիշի պատճառով։ Սակայն անդրադառնանք ոչ պակաս հետաքրքիր մի նրբերանգի։

Վարչապետը նշել է, որ կան տնտեսության զարգացման տարբեր սցենարներ` չկոնկրետացնելով, թե կառավարությունը որն է համարում առավել իրատեսական։ Սակայն համադրելով մի քանի փաստեր, կարելի է ստանալ այդ հարցի պատասխանը։ Այսպես, վարչապետի խոսքերով՝ հավաքվելու է այնքան հարկ, որքան ստեղծելու է տնտեսությունը։ Այսինքն՝ բացարձակ թվերն այստեղ էական չեն։ Եթե ՀՆԱ-ն լինի, ենթադրենք, 1000 դոլար, կհավաքվի դրա 17.5%-ը՝ 175 դոլար, եթե ՀՆԱ-ն լինի 2000 դոլար, հարկերը կլինեն 350 դոլարի չափով եւ այլն։

Հիմա վերհիշենք մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակված այն տեղեկությունը, որ կառավարությունը մտադիր է մինչեւ տարեվերջ տեղափոխել 131 միլիարդ դրամի ծախսեր (այսինքն՝ փաստացի կրճատել բյուջեն)։ Այդ տեղեկատվությունը պաշտոնապես չհերքվեց։ Ավելին՝ կոալիցիան ներկայացնող կուսակցությունների մի շարք պատգամավորներ դատողություններ արեցին այդ թվի շուրջ, ոմանք անգամ նշեցին, որ այդքանով չենք սահմանափակվի։ Նշենք նաեւ, որ շատերը դա անվանում էին սեկվեստր՝ անկախ կառավարության ձեւակերպումներից։ Մի խոսքով, հիշենք այս թիվը՝ 131 միլիարդ։

Իսկ 2009 թվականի պետբյուջեով որքա՞ն են նախատեսված հարկային մուտքերը (ներառյալ տուրքերը): 727.4 միլիարդ դրամ։ Այս թվից հանենք 131 միլիարդ։ Ստացվեց` 596.4 միլիարդ դրամ։ Այսինքն, կառավարությունում հույս ունեն հավաքել լավագույն դեպքում 596.4 միլիարդ դրամի հարկեր՝ ծրագրված 727.4 միլիարդի փոխարեն։ Հիմա վերստին հիշենք վարչապետի ասածները. հարկերը պետք է լինեն ՀՆԱ-ի 17.4%-ը։ Պարզ թվաբանությամբ կարող ենք ստանալ, որ 2009 թվականի ՀՆԱ-ն պետք է լինի 3427 միլիարդ դրամ (այդ թվի 17.4%-ը կազմում է 569.4 միլիարդ)։ Փաստորեն, դատելով իշխանական կուլիսների խոսակցություններից, կոալիցիայի պատգամավորների կարծիքներից եւ վիճակագրական տվյալներից, կարելի է ասել, որ կառավարությունում ակնկալում են 2009 թվականին ունենալ 3 տրիլիոն 427 միլիարդի շրջակայքում տատանվող ՀՆԱ։ Հիշեցնենք, որ 2008 թվականի համար բյուջեով նախատեսված էր 3 տրիլիոն 520 միլիարդ դրամի ՀՆԱ։ Կարծում ենք, իշխանական ամենալավատես պատգամավորներն էլ կընդունեն, որ 3 տրիլիոն 427 մլրդ-ը փոքր է 3 տրիլիոն 520 մլրդ-ից։ Նրանց գործը թեթեւացնելու համար հաշվենք նաեւ, թե քանի՞ տոկոս է կազմում այդ տարբերությունը։ 3520-ից հանում ենք 3427, ստացվածը բաժանում 3520-ի եւ բազմապատկում 100-ով։ Ստացվում է՝ 2.6%։ Այսինքն, կառավարության ամենաիրատեսական սցենարը տնտեսական անկումն է՝ 2-3 տոկոսի չափով։

Ընդ որում, հենց այս տրամաբանությամբ կարելի է բացատրել, թե ինչու են իշխանությունները խուսափում «սեկվեստր» բառից. եթե ընդունեն, որ ծախսերը կրճատվում են, անուղղակիորեն կհաստատեն, որ ՀՆԱ-ն կրճատվելու է՝ «սխալ հանելով» հանրապետական մի շարք պատգամավորների՝ իրենց կանխատեսումներով հանդերձ։ Նշենք նաեւ, որ պաշտոնական վիճակագրությունն արդեն իսկ վկայում է այս մասին։ Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2009 թվականի հունվար-փետրվարի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3.7%-ով։