Երեկ նոր տեղեկություններ են ստացվել «Նաիրիտին» սնանկ ճանաչելու դատական գործի վերաբերյալ: Մեր թերթի նախորդ համարներում արդեն նշել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» («ՀԷՑ») ընկերությանը «Նաիրիտը» պարտք է շուրջ 1 միլիարդ դրամ (2.5 միլիոն դոլար) եւ որ «ՀԷՑ»-ը «Նաիրիտին» սնանկ ճանաչելու հայցով դիմել էր դատարան: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն երեկ վարչական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պարտավորվել է մինչեւ մարտի վերջը մարել մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված պարտքը: «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանում պատրաստվում է նոր պայմանագրեր կնքել եւ մարել նախկին պարտքերը: «Գործարանի ակտիվները բազմաթիվ անգամ գերազանցում են այս գումարը, որով փորձ է կատարվում սնանկ հայտարարել գործարանը: Դա ողբերգական գումար չէ»,- հայտարարել է Վ Մելքոնյանը: Գործարանում էներգակիրների ծախսը կազմում է արտադրվող կաուչուկի ինքնարժեքի մոտ 70 տոկոսը: Գործարանի պարտքն ընդհանուր առմամբ շուրջ 45 միլիոն դոլար է, որից 600 հազար դոլարն աշխատավարձի պարտք է: Սակայն «ՀԷՑ»-ի տնօրենը թերահավատորեն է վերաբերվում «Նաիրիտի» տնօրենի ասածներին: «Դե, «Նաիրիտը» չի աշխատում: Այն գոյատեւում է: Նրա աշխատանքի սկզբունքն է` պարզապես մի կերպ գոյատեւել: Խնդիրը հենց դրանում է: Ընդ որում, սա ամենեւին էլ առաջին խափանումը չէ: Որքան որ ես աշխատում եմ նրանց հետ, նրանք միշտ ասում են, որ փող կունենան վաղը: Այդ վաղը տեւում է արդեն 6 տարի»,- «Ազատությանը» ասել է Եվգենի Գլադունչիկը: Մենք բազմիցս ենք գրել, որ «Նաիրիտը» իսկապես, միայն գոյատեւում է: Եվ սրա հետ տնտեսական ճգնաժամը ոչ մի կապ չունի: Սակայն ինչպես «Նաիրիտի» կառավարիչները, այնպես էլ Էներգետիկայի նախարարությունը բաց չեն թողնում իրենց վնասակար գործունեությունը ու անգործությունը տնտեսական ճգնաժամի վրա բարդելու առիթը: Երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ «Նաիրիտ գործարանում» ստեղծված իրավիճակի պատճառը տնտեսական ճգնաժամն է: «Շրջանառու միջոցները, որոնք դարձել էին արտադրանք, մնացին պահեստներում: Ժամանակ էր պետք, որ գները կայունանային եւ շուկա գտնվեր, որ կարողանային իրացնել», – հայտարարել է նա` հավաստիացնելով, որ անցած տարվա դեկտեմբերի 1-ից պարապուրդի մատնված գործարանը մինչեւ ապրիլի 15-ը կրկին կսկսի կաուչուկ արտադրել: Նա նաեւ նշել է, որ «Նաիրիտ» գործարանը ներկայումս պայմանավորվածություններ է ձեռք բերում ընթացիկ վճարումների իրականացման վերաբերյալ, իսկ կուտակված պարտքերի մարման համար ժամանակացույց է խնդրում: «Դա նորմալ երեւույթ է հատկապես խոշոր ընկերությունների համար, որոնք խիստ էներգատար արտադրություններ են կազմակերպում: Բնականաբար, անընդհատ նման խնդիրների շուրջ միմյանց հետ բանակցելու եւ ընդհանուր հայտարարի գալու խնդիրներ կարող են լինել, սակայն դրանք սովորական աշխատանքային գործընթացներ են»,- վստահեցրել է Ա. Մովսիսյանը: