«Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդն անվավեր ճանաչելը օրենսդրական հակասությունների արդյունք է»,- երեկ նման հայտարարություն է արել ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Ըստ նրա, հակասություն կա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածներում: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածում ամրագրված է, որ «պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի կատարման համար` հաշվի առնելով կատարման ծախսերը», մինչդեռ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում ամրագրված է, որ դրա մեջ պետք է ներառվեն նաեւ անուղղակի հարկային պարտավորությունները, որն էլ նախատեսված չէ 43-րդ հոդվածում: «Եթե այս ամենը զերծ լիներ արտադատական շահերից եւ նախատրամադրվածությունից, ապա ամեն ինչ կլուծվեր այդ եղանակով: Այս դեպքի պարագայում իրավական լուծումները կարծես թե մի փոքր հետ են մնում»,- ասել է նա: Ըստ Դանիելյանի, հաշվի առնելով այն, որ ներկայումս կան նորմեր, որոնք հակասում են ՀՀ սահմանադրությանը, դժվար է ասել, թե որ մոտեցումն էր ճիշտ` ընդունել աճուրդի իրականացո՞ւմը, թե՞ սնանկության գործընթացը: «Հիմա կողմերն ունենալու են լրացուցիչ պարտավորություններ, որովհետեւ, եթե ասում ենք, որ աճուրդն անվավեր է ճանաչվում, դա չի նշանակում, թե ամեն ինչ վերադառնում է իր նախկին դիրքին: Հաջորդը սնանկության գործընթացն է: Պետք չէ կարծել, թե այն ավելի ձեռնտու տարբերակ է, քան աճուրդը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչական դատարանն անվավեր էր ճանաչել «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդը: