Կյանքը հրաշալի է անգամ ճգնաժամի պայմաններում

21/03/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Պարոն Գասպարյան, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մարտի 3-ի առավոտյան, այսինքն` դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումը, տնտեսագետները նախեւառաջ բնորոշեցին որպես շոկ: Ընդ որում, այդ շոկը ողջ Հայաստանի մասշտաբով էր: Համաձա՞յն եք, որ ֆինանսական հնարավոր կորուստները եւ անորոշությունը կարող են հոգեբանական լուրջ խնդիրների պատճառ դառնալ:

– Շոկը ենթադրում է անսպասելիություն, անկանխատեսելի կամ հանկարծահաս վտանգ, իսկ այս դեպքում, կարծում եմ, այս պարագայում թե՛ ամբողջ աշխարհը եւ թե՛ Հայաստանը նախապատրաստված էր:

– Բայց այդպես էլ եղավ. մարդիկ քնեցին, երբ դոլարի փոխարժեքը 305 դրամ էր, արթնացան` արդեն 380 էր:

– Չէ՞ որ առնվազն մեկ շաբաթ մարդիկ շարունակ սպասում էին դրան: Ես այլ տեսանկյունից եմ դիտարկում խնդիրը: Ինչպես էլ կոչենք տեղի ունեցածը` շոկ կամ խուճապ, այն ուղեկցվում է տագնապով, շփոթությամբ, եւ «ինչպե՞ս վարվել, ո՞րն է առավել օպտիմալ լուծումը» հարցերը հայտնվում են ուշադրության կիզակետում:

– Սովորաբար, հոգեբանները բոլոր բացասական երեւույթների մեջ փորձում են նկատել նաեւ դրական կողմերը: Ֆինանսական ճգնաժամն այդ դե՞պքն է:

– Այո: Գիտեք, այն սպառնալիքը, որը չի կարողանում սպանել, դարձնում է մեզ ավելի ուժեղ: Ուզում եմ հավատալ, որ մեր ժողովուրդը բավականաչափ տոկուն է եւ կկարողանա դիմակայել այս դժվարություններին նաեւ այն պատճառով, որ ճգնաժամը ոչ թե ներքին հակասությունների պայթյուն է, այլ «աշխարհովի», համատարած խնդիր: Իմ կարծիքով` ճգնաժամի հարվածներից մարդիկ հյուծվում են, թուլանում եւ, վերջիվերջո, ավելի ուժեղանում: Օրինակ` տարիքային հոգեբանության մեջ հայտնի է՝ երեխայի զարգացումը հնարավոր չէ առանց ճգնաժամի: Կան 1 տարեկանի, 3 տարեկանի, նախադպրոցական տարիքի եւ այլ ճգնաժամեր: Ասենք, 3 տարեկանում երեխան առաջին անգամ գիտակցում է իր ես-ը: Մինչ այդ նա իր մասին խոսում էր 3-րդ դեմքով, այնպես, ինչպես իր մասին խոսում են ուրիշները, ասելով` օրինակ` «Արամը ուզում է, նա քաղցած է»: 3 տարեկանում երեխան հասկանում է, որ կան ուրիշներ, առանձնացնում է սեփական ես-ը, դառնում է չափազանց եսակենտրոն, էգոիստ, ուզում է ամեն բան իրեն վերագրել: Այդ եսակենտրոնացումը առողջ զարգացման պայման է, այսինքն` դրանից պետք է ուրախանալ: Նման զարգացումը ճգնաժամ է առաջացնում, որովհետեւ երեխան սկսում է կոնֆլիկտների գնալ, քանի որ միշտ չէ, որ իրեն հնարավորություն են տալիս իշխել: Այս ճգնաժամը դրական կողմ ունի, այն է, որ դա մի քայլ է զարգացման ճանապարհին: Այսպիսով, ճգնաժամը նշանակում է՝ անկում, որին հաջորդում է վերելքը: Դա հնի ոչնչացումն ու բացարկումն է, նորը փնտրելու ուղին:

– Մեծ առումով կարելի է եւ դրական էլեմենտներ գտնել ամեն կարգի ճգնաժամի մեջ: Գուցե մի քանի տարի հետո տնտեսագետները հպարտանան այն նորամուծություններով, որոնք հայտնաբերվել են ճգնաժամի ընթացքում, սակայն թե այդ ընթացքում քանի՞ մարդ սովամահ կլինի, քանի՞սը հոգեկան խնդիրներ ձեռք կբերիգ Հետաքրքիր է` կոնկրետ անհատի կյանքում ճգնաժամը եւ՞ս կարող է ընկալվել որպես զարգացմանը միտված քայլ:

– Գոյության պայքարի մեջ կան նաեւ բացասական շերտեր: Մի տեսակ ապաբարոյականացում է տեղի ունենում. այն արժեքները, որոնք մարդուն առաջնորդում էին, կորցնում են իրենց նախնական իմաստը: Եվ այդ արժեզրկումը մի տեսակ հնարավորություն է ստեղծում, որ կուտակված խնդիրները դրսեւորվեն եւ ընկալվեն ավելի սուր շեշտադրումներով: Այսինքն, սովորական իրավիճակում կարող էինք չնկատել, չզգալ հասարակության մեջ կուտակված քաղաքական, հասարակական, սոցիալական կամ այլ տիպի հակասությունները, մինչդեռ ճգնաժամի պայմաններում սրվում է մարդու նյութական գոյության հարցը, կասկածի տակ է դրվում անգամ ամենահիմնական պահանջների բավարարության հնարավորությունը, եւ «ջրի երես» է դուրս գալիս արժեզրկված համոզմունքների թափոնը: Ճգնաժամը «դիագնոստիկ» նշանակություն է ստանում. հասարակության մեջ առկա հիվանդագին երեւույթները, հասարակական հարաբերությունների «պաթոլոգիական» ախտանշանները հանկարծ ի հայտ են գալիս, եւ մարդը դառնում է գերզգայուն, խոցելի:

– Դուք՝ որպես մասնագետ, մեր հասարակության մեջ պաթոլոգիական ինչպիսի՞ երեւույթների սրացում եք կանխատեսում:

– Օրինակ, կաշառակերության խնդիրը, որը, ենթադրում եմ, կսրվի ճգնաժամի պատճառով` բախվելով հասարակական անհանդուրժողականությանը: Միգուցե կաշառակերության դեմ պայքարը կուժեղանա: Մյուս հնարավոր զարգացումը հասարակության մեջ անարդարության սուր զգացումն է, որը նույնպես կարող է ունենալ ապակառուցողական հետեւանքներ: Բացի այդ, կան մարդիկ, ովքեր անձնական որոշ պատճառներով դժգոհ են իրենց կյանքից, ակամա կսկսեն օգտվել ճգնաժամի փաստից, կարող են փորձել իրենց անհաջողությունների պատճառները բարդել ճգնաժամի եւ դրանից բխող երեւույթների վրա, կյանքում իրենց չկայացած լինելու փաստը բացատրել ճգնաժամով: Եվ սա նրանց համար թերապեւտիկ նշանակություն կունենա: Բացասական հետեւանքների շրջանակում չպետք է անտեսել հնարավոր դժվարությունները` կապված մարդկանց հոգեկան առողջության հետ` հիասթափություն, տրամադրության եւ տագնապային խանգարումներ, դեպրեսիա: Դեպրեսիան այնքան սարսափելի չէ, որովհետեւ հոգեվերլուծության մեջ հայտնի է «մելանխոլիայի հաճույք» հասկացությունը: Ավելի բարդ են դեպրեսիայից դուրս ճանապարհին առաջացած խնդիրները, որովհետեւ երբ դեպրեսիայի մեջ ենք` առաջանում է անտարբերություն տեղի ունեցածի հանդեպ, հետեւաբար այդ ժամանակ իրավիճակն այդքան էլ բարդ չի թվում: Բարդանում է, երբ փորձում ենք հաղթահարել այդ դեպրեսիան: Դեպրեսիայից դուրս գալու ճանապարհին միայն մարդն ի վիճակի է գիտակցել բոլոր զոհերն ու զոհողությունները:

– Ենթադրում եմ, որ ներընտանեկան կյանքում եւս ճգնաժամը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Մեր հասարակությունը նյութական արժեքները խի՛ստ է կարեւորում, հաճախ` ավելի, քան պետք է, եւ փողի պակասը կամ փող տնտեսելու անհրաժեշտությունը հնարավոր է բերեն կոնֆլիկտների այնտեղ, որտեղ դրանք ավելի քիչ սպասելի էին: Ասենք` ընտանիքների ներսում:

– Հնարավոր են երկու ծայրահեղ տենդենցներ: Մեկը, որ կավելանա ալտրուիզմը կամ այլասիրությունը` միմյանց օգնելու պատրաստակամությունը: Երեւի նկատած կլինեք, որ կորստի եւ մահվան հետ կապված խնդիրներում մեր ժողովուրդը չափազանց ալտրուիստ է, հումանիստ: Զարմանալի է, մեր իրականության մեջ թաղումները շատ ավելի «հաջողված են», քան մեծարման երեկոները: Վերջիններս ձանձրալի են, երբեմն՝ շինծու, խոսքեր, խոսքեր, խոսքերգ

– Թաղման արարողությունների ժամանակ մարդիկ, իրոք, ավելի անկեղծ են: Դա գուցեեւ բացատրելի է` անկեղծորեն տրվում են թաղման ծեսին, քանի որ ինչ-որ իմաստով ուրախ են, որ իրենք, ի տարբերություն հանգուցյալի, ողջ են:

– Հայ ժողովուրդը թաղման արարողությունների նկատմամբ առավել զգայուն է, որովհետեւ մենք մեր անցյալում, պատմական հիշողության մեջ ունենք մեղավորության զգացում այն զոհերի առաջ, որ Եղեռնի պատճառով մնացին չթաղված: Այլ կերպ դա կոչվում է «անմեղ մեղավորության զգացում»: Նկատե՞լ եք, ինչպիսի կարեւորություն է տրվում գերեզմանատներին. երբեմն ծախսերը, որ պատրաստակամ արվում են այնտեղ, անգամ մասնակի չեն արվում առողջ կամ ողջ մարդու համար: Ճգնաժամի պատճառով հնարավոր մյուս ծայրահեղությունը եսակենտրոնությունն է կամ խմբակենտրոնությունը՝ միայն ես, միայն մեր ընտանիքը, մեր խումբը, մյուսների դեմ դառնում են ավելի ագրեսիվ, անհաղորդ:

– Երբ մարդը հերթական անգամ տեսնում է, որ պետությունն իրեն խաբել է եւ ամենեւին չի ամաչում դրա համար, անպաշտպանության, անզորության զգացողությունը՝ գումարած ֆինանսական կորուստները, հնարավո՞ր է՝ դառնան սոցիալական ըմբոստության պատճառ:

– Դա կախված կլինի նրանից՝ կփորձեն ժողովրդին դարձյա՞լ խաբել, թե՞ կփորձեն բացատրել իրականությունը եւ ելքեր առաջարկել: Ակնհայտ է, որ ժողովրդի ըմբոստության, քաղաքական անկարգությունների վտանգն այս դեպքում կարող է ավելանալ: Հատկապես որ, մարտի 1-ից սկսած` նման պոտենցիալ արդեն նկատելի է: Թեեւ չի բացառվում, որ անզորության, մշտապես խաբված լինելու վախը մարդուն ավելի մեկուսացնի եւ կոտրի նրա մեջ ըմբոստանալու ձգտումը:

– Մինչեւ մարտի 3-ը, այսինքն` մինչեւ հասարակությունը շոշափելիորեն զգաց, թե ինչպես է պետությունը գիշերով մտնում իր գրպանը (սա, ի դեպ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանի բնորոշումն է), համարյա ամեն օր լսում էինք ինքնասպանության դեպքերի մասին` այսինչ կամուրջից իրեն ցած է նետել այսինչ մարդը: Հիմա, երբ վտանգն ավելի տեսանելի է, ենթադրվո՞ւմ է ինքնասպանությունների աճ:

– Կա մի հետաքրքիր օրինաչափություն. ինքնասպանությունների քանակը ծանր հասարակական-տնտեսական իրավիճակներում երբեմն պակասում է, որովհետեւ մարդիկ փնտրում են ոչ թե կյանքի իմաստի կամ իմաստազրկության հարցերի պատասխանները, այլ հանապազօրյա հացը: Լավ լուրն այն է, որ Հայաստանը ինքնասպանությունների վիճակագրության մեջ աշխարհի մասշտաբով զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: Շատ երկրներ` Շվեդիա, Էստոնիա, Ֆրանսիա, Հունգարիա, որտեղ նյութական բարեկեցությունը բավական բարձր է, 10.000 բնակչին բաժին ընկնող ինքնասպանությունների քանակով առաջին տեղում են: Կարծում եմ` տնտեսական ճգնաժամը չի կարելի դիտել որպես ինքնասպանությունների ավելացման գործոն:

– Կա՞ն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կարող են գործնականում պետք գալ մեր քաղաքացիներին` ինչպես դիմագրավել ֆինանսական ճգնաժամը:

– Յուրաքանչյուրը հույսը նախեւառաջ իր վրա պետք է դնի` անկախ ճգնաժամից: Եթե մեր հույսը դնում ենք քաղաքական գործիչների, այլ փրկարար երեւույթների վրա, որոնք կարող են մեզ այս վիճակից ազատել, հեշտությամբ կարող ենք ընկնել թյուրիմացության մեջ, հուսախաբ լինել: Կուզենայի գործնական հոգեբանական խորհուրդ տալ մեր ընթերցողներին. ուշադիր եղեք նրանց նկատմամբ, ովքեր հիասթափություն են ապրում, ասելիք ունեն, փորձեք ապրումակից ձեւով լսել, թույլ տվեք արտահայտվել, որպեսզի օգնեք դուրս բերել բացասական հույզերը: Եթե նկատում եք, որ ձեր ընտանիքի անդամներից մեկն իրեն համարում է խաբված, անարդարության զոհ, ամեն ինչ արեք, որ նա արտահայտվի: Արդեն ապացուցված է, որ քաղցկեղի շատ տարատեսակներ առաջանում են չարտահայտված սթեսների, նեւրոտիկ ապրումների հետեւանքով: Եվ ցանկանում եմ, որ մեր հասարակության յուրաքանչյուր անդամ լինի զգայուն իր շրջապատի մարդկանց հանդեպ, հատկապես` մերձավորների:

– Իսկ գուցե իրավիճակին կուլ չգնալու միջոց է նաեւ կյանքի ընկալման ինտերպրետացիան փոխե՞լը: Այսինքն՝ չկենտրոնանալ բացառապես նյութականի վրա, գոհանալ նրանով, ինչ ունես:

– Այո, ահա ձեզ ճգնաժամի մեկ այլ առավելություն. գուցե հոգեւոր արժեքները կարեւորություն ստանան, նյութապաշտական ախտից ազատագրվելու եւս մեկ հնարավորություն ստեղծվի, թեքվենք դեպի արվեստ, գրականություն, երաժշտություն: Սա թող լինի այն բարեմաղթանքը, որ ընդունված է արտահայտել վերջաբանում: