161 միլիոն` ժամանակավորապես չաշխատող ընկերությանը

21/03/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ կառավարության փետրվարի 5-ի որոշումներից մեկով պետբյուջեից 161 մլն դրամ է հատկացվելու թեյերի արտադրությամբ զբաղվող «Մէգա Արարատ» ընկերությանը: Ըստ այդ որոշման, ընկերությունը գումարը պետք է ծառայեցներ գործունեության ծավալների ընդլայնման համար: Սակայն մինչ օրս ընկերությունը հատկացված գումարը չի ստացել:

Չեն աշխատում, մինչեւ փողը տան

«Կառավարությունը որոշեց, որ մեզ կաջակցի, բայց հո տեղում չէ՞ր հանելու փողերը տար: Կարո՞ղ ա, իմանում եք, թե դիպլոմատը բացելու էր, ասեր` դե վերցրու փողերը»,- ասում է «Մէգա Արարատի» տնօրեն Մխիթար Մաթեւոսյանը: Վերջինս վստահ է, որ գումարը շուտով կտրամադրվի, միայն թե իրենք ժամանակավորապես դադարեցրել են ընկերության աշխատանքները, ինչը, ըստ տնօրենի, որեւէ կապ չունի ֆինանսավորման հետ: Նրա ասելով, աշխատանքների դադարեցումը պայմանավորված է փաստաթղթային որոշ գործարքներով: Դեռ չորս օր առաջ ընկերությունը ՍՊԸ-ից դարձել է ՓԲԸ: «Մարտի 17-ին մենք դարձանք ՓԲԸ: Սա կարեւոր քայլ էր մեզ համար: Իսկ աշխատանքները կարճ ժամանակով ենք դադարեցրել»,- ասում է Մ. Մաթեւոսյանը: Ըստ նրա, առայժմ ընկերության 10 աշխատակիցները չեն գնում աշխատանքի: «Կառավարությունից գումարը ստանալուց հետո մեր աշխատակիցների թիվը կբազմապատկենք` 50 աշխատատեղ կստեղծվի, եւ մոտ 100 ընտանիք էլ կներգրավվի թեյի հումքի հավաքման աշխատանքներում»,- ասում է Մ. Մաթեւոսյանը: Հումքի հարցում իրենք դժվարություններ չունեն` Հայաստանը լի է բույսերով: Արտադրության ծավալների ընդլայնման դեպքում, ինչը կրկին պայմանավորված է պետբյուջեից տրամադրվող գումարով, իրենք հումք կգնեն հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից: Առայժմ արտադրության հումքն ապահովում են Վայոց Ձորի մարզն ու Սյունիքը, մասնավորապես՝ Սիսիանը: Սակայն, ըստ տնօրենի, թեյի արտադրության պարագայում էլ կան դժվարություններ, որոնցից առաջինը Հայաստանի աշխարհագրական անբարենպաստ դիրքն է, ինչը խոչընդոտում է արտահանմանը: «Եթե, ասենք, Բելառուսում լիներ մեր ընկերությունը, մենք անգամ մի փոքր «Գազելով» կտանեինք թեկուզ Ռուսաստան, իսկ մեր դեպքում արտահանումը լուրջ խնդիր է»,- նշում է նա: Ընկերության արտադրանքն առայժմ իրացվում է երեւանյան խանութներում ու սրճարաններում, ինչպես նաեւ հանրապետության մի քանի մարզերում: Մի քանի ամիս առաջ էլ ընկերությունը թեյի որոշ խմբաքանակ է ուղարկել Վորոնեժ, որտեղից էլ՝ Մոսկվա: «Մեր թեյերի խմբաքանակները մեծ չեն: Եթե սովետական ժամանակներում մթերման գրասենյակներում մթերում էին 100-150տ ուրց, ապա մեր ծրագրով այն ընդամենը 10տ է»,- ասում է Մ. Մաթեւոսյանը, այնուամենայնիվ նշելով երկրորդ դժվարությունը` ֆինանսական խնդիրները, որի լուծման հնարավոր տարբերակները գործարարը տեսնում է միայն սեփական ուժերով հաղթահարելու մեջ: «Մենք անընդհատ չպետք է մեղադրենք պետությանը, որ մեզ չի օգնում: Մենք պետք է որոշակի քայլեր ձեռնարկենք: Չպետք է ձեռքներս ծալած նստենք ու ասենք՝ թող պետությունը մեզ օգնի»,- ավելացնում է «Մէգա Արարատի» տնօրենը, ով հիշում է դեռ մեկ տարի առաջ սկիզբ առած արտադրության պատմությունը:

Միլիոնների ճանապարհը մինչեւ կառավարություն

Վայք-Մեղրի ավտոմայրուղու 11-րդ կիլոմետրի վրա է գտնվում «Մէգա Արարատ» ընկերության երկհարկանի շենքը, որտեղ, արդեն մեկ տարի է` զբաղվում են թեյերի արտադրությամբ: Հենց 2008-ի մարտին ընկերությունը տվեց իր առաջին արտադրանքը, թեպետ այն ձեւավորվել է ավելի վաղ: «2007-ին մեր ընկերությունն արդեն ստեղծվել էր: Այդ ժամանակ Չինաստանից սարքավորումներն էինք բերում, բայց արտադրանքը տվեցինք մեկ տարի անց»,- ասում է «Մէգա Արարատ» ընկերության տնօրեն Մխիթար Մաթեւոսյանը: Այսօր ընկերությունն արտադրում է վեց տեսակի թեյ` ուրցի, ալոճի, դաղձի, մասուրի, վերջերս նաեւ Վրաստանից ներմուծվող հումքով պատրաստած` սեւ ու կանաչ բուսական թեյերը, որոնք, տնօրենի կարծիքով, հայկական շուկայում կարեւոր տեղ են զբաղեցնում: «Ես օգտագործում եմ ալոճի թեյը: Ասում են` սրտի աշխատանքի համար շատ լավ է: Իհարկե, լինում են դեպքեր, որոնք շատ քիչ են, երբ դժգոհում են մեր թեյից` ասում են` լավ է, բայց շուտ չի գույն տալիս: Ես էլ բացատրում եմ, որ մեր թեյերը քիմիական գունավորում ու համ չունեն, ինչը շատ է այսօրվա հայկական շուկայում»,- ասում է Մ. Մաթեւոսյանը: Ըստ վերջինիս` հայկական շուկայում հիմնականում բերվում են եթերայուղից զտված թեյերը, որոնք արտադրողները վերականգնում են քիմիական նյութերի օգնությամբ: Այդ պատճառով էլ մեկ թեյի բարձիկը դառնում է միանգամյա օգտագործման`բաժակի մեջ ջուրը անմիջապես դառնում է կարմիր, իսկ բարձիկը` գունազրկված: «Իսկ ինչո՞ւ են աշխարհում օգտագործում բարձիկներով թեյերը… Որովհետեւ դա ժամանակն է խնայում, իսկ ժամանակն այսօր ամենաթանկն է»,- եզրափակում է «Մէգա Արարատի» տնօրենը, ով, արդեն 44 օր է` սպասում է կառավարության հաստատած որոշման իրագործմանը: