Ո՞ւմ պրոբլեմն է «Գոլդեն Փելեսը»

03/07/2005

Հաղթանակ զբոսայգում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցի իրական տերը
առեւտրի եւ տնտեսական զարգացումների նախարար Կարեն Ճշմարիտյանի ազգական
Հայկ Ճշմարիտյանն է, որը ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարարն է:
Համենայնդեպս, մեզ հետ հեռախոսազրույցում Հ. Ճշմարիտյանը հաստատեց այս
տեղեկատվությունը: 180 հազար դրամ աշխատավարձ ստացող պետական պաշտոնյան
որտեղի՞ց է ձեռք բերել հյուրանոցը կառուցելու համար անհրաժեշտ միլիոնավոր
դոլարները:
– Դա իմ պրոբլեմն է,- պատասխանեց նա:
Պարոն Ճշմարիտյանի հետ համաձայն ենք, որ դա իր «պրոբլեմն» է, մանավանդ, որ
օրենքն արգելում է պետական պաշտոնյային զբաղվել բիզնեսով: Իհարկե, նա իր
համեստ աշխատավարձով չէր կարող հյուրանոց կառուցել: Այսինքն՝ սա «պրոբլեմ»
է նաեւ մեր պետության համար, որ պարզի, թե պարոն Ճշմարիտյանին որտեղի՞ց
այդ գումարները: Իսկ միգուցե «Գոլդեն Փելեսը» բոլորովին էլ Հ.
Ճշմարիտյանի՞ն չի պատկանում:
– Հնարավոր է, որ տվյալ դեպքում օգտագործել են Ձե՞ր անունը:
– Ոչ, հյուրանոցն իմն է, եւ դա իմ պրոբլեմն է,- կտրուկ պատասխանեց Հայկ Ճշմարիտյանը: