Ազատ անկում

21/03/2009

Հինգշաբթի օրն ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է բիզնեսի վարման տեսանկյունից երկրների 2009 թ. վարկանիշային աղյուսակը, որը գնահատում է, թե որքանով է այս կամ այն երկրում ավելի հեշտ զբաղվել բիզնեսով: 127 երկրների շարքում Հայաստանը նախորդ տարվա 63-րդ տեղից հայտնվել է 94-րդ տեղում` արձանագրելով ցուցակում ներգրավված պետությունների շրջանում ամենամեծ անկումը (31 կետով): Ըստ «Forbes»-ի, Հայաստանն ամենաբարձր վարկանիշն ունի առեւտրի ազատության ոլորտում` 12-րդ տեղ, սակայն մյուս վարկանիշերով արձանագրվել է անկում: Փոխարժեքի քաղաքականությունը գնահատող «դրամական ազատություն» ցուցիչով Հայաստանը 53-րդ տեղում է, մասնավոր սեփականության իրավունքի գծով` 96-րդ տեղում, նորարարությունների հատկանիշով` 100-րդ, տեխնոլոգիաներով` 106-րդ, կոռուպցիայով` 89-րդ, անձի ազատությամբ` 94-րդ: «Forbes»-ի հրապարակման մեջ նշված է, որ վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը որոշակի բարելավումներ է կատարել հարկային եւ մաքսային համակարգերում, սակայն հակակոռուպցիոն միջոցառումները ներդրվում են մեծ դժվարությամբ: Իսկ «Forbes»-ի հետազոտության մեջ ներառված ԱՊՀ երկրներից Ադրբեջանը զբաղեցնում է 87-րդ տեղը (նախորդ տարվա համեմատ՝ հետընթացը 5 կետով), Ռուսաստանը` 103-րդ տեղը (հետընթացը` 17 կետով), Ղազախստանը` 71-րդ (հետընթացը` 2 կետով), Ուկրաինան` 97-րդ (հետընթացը` 22 կետով), Տաջիկստանը` 123-րդ (հետընթացը` 5 կետով), Ղրղըզստանը` 90-րդ (հետընթացը` 4 կետով):