5 մլրդ` չօգտագործված փողերից

21/03/2009

Եվրամիության ղեկավարները համաձայնեցրել են էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման եւ տնտեսության խթանման առաջարկությունների՝ 5 մլրդ եվրոյի փաթեթը: Ամփոփելով գագաթաժողովի առաջին օրվա արդյունքները՝ այս մասին հայտարարել է Եվրամիությունը նախագահող Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկը: «Գագաթաժողովի օրակարգի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է, փոխհամաձայնություն է ձեռք բերվել տնտեսական վերականգնման, էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման եւ կլիմայի տաքացման դեմ պայքարի ծրագրերի շուրջ»,- ասել է նա: Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ 5 մլրդ եվրոն ստացվել է ԵՄ չօգտագործված հիմնադրամներից: Բարոզուն պարզաբանել է, որ 5 մլրդ եվրոյից 4 միլիարդը կհատկացվի ԵՄ էներգետիկ ենթակառուցվածքի զարգացմանը, իսկ եւս 1 միլիարդ եվրո՝ Եվրամիության գյուղական գոտիներում արագագործ Ինտերնետից օգտվելու պայմանների բարելավմանը: