Հայաստանը` ոստիկանապետության ճանապարհին

19/03/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Ոստիկանության գործունեությունը կարգավորող երեք օրենքներին վերաբերող լայնածավալ փոփոխություններ նախատեսող նախագծեր: Ընդ որում, կառավարությունն իր նախաձեռնությունը համարել է անհետաձգելի եւ հրատապ կարգով քննարկման ենթակա:

Հատկապես «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում առաջարկվող հրատապ փոփոխությունները հիմնավորել են Ոստիկանության զորքերում պարտադիր զինծառայությունից աստիճանաբար պայմանագրային զինծառայության անցնելու հանգամանքով: Եվ դրան հասնելու համար նախագիծը պետք է մինչեւ գարնանային զորակոչ ընդունված լինի: Օրինագծի համաձայն, նաեւ Ոստիկանության զորքերի գործառույթից հանվում են կալանավայրերի պահպանության ու կալանավորների տեղափոխության ապահովության խնդիրները: Սակայն այս նպատակներից բացի՝ կառավարությունը ձեռքի հետ որոշել է այնպիսի փոփոխություններ անել, որ զանգվածային միջոցառումների ժամանակ Ոստիկանությունն ավելի մեծ լիազորություններ ունենա: Օրինակ` «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ կետում նշված է, որ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելիս «Ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է դրանք գործադրելու մասին նախազգուշացնել իրավախախտողներին` բավարար ժամանակ տալով նրանց իր պահանջները կատարելու համար` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցների գործադրելու հապաղումը վտանգի տակ է դնում իր, քաղաքացիների, զինծառայողների կամ Ոստիկանության աշխատակիցների կյանքն ու առողջությունը, կարող է ծանր հետեւանքներ առաջացնել, կամ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անտեղի է կամ անհնարին է»: Այսինքն` ցանկացած պահի Ոստիկանության աշխատողն ըստ իր հայեցողության կարող է «անհնարին համարել» քաղաքացուն զգուշացնելու հնարավորությունը եւ, օրինակ, քաղաքացու կողմից ապտակելը կամ ինքնապաշտպանությունը որակելով որպես իր առողջությանը վնաս պատճառող գործողություն եւ նրա նկատմամբ կիրառել հրազեն: «Դա անթույլատրելի է: Դրա համար պետք է հրազեն կիրառելու դրույթը եւ ֆիզիկական ուժ կիրառելու դեպքերը իրարից սահմանազատել»,- անդրադառնալով այս փոփոխությանը, ասում է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Խոցելի է նաեւ նույն օրինագծի 18-րդ հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն՝ Ոստիկանությունն իրավունք ունի հատուկ միջոցներ կիրառել Ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս: «Եթե ոստիկանը քաղաքացուն ասում է՝ կես մետր այն կողմ կանգնի, իսկ քաղաքացին 40 սմ է գնում, ապա այս կետի համաձայն՝ այդ քայլը կարող է դիտվել անհնազանդություն»,- կառավարության օրինագիծն այսպես է մեկնաբանում Վ.Դալլաքյանը: Փաստորեն, ըստ էության, այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացու ցանկացած գործողություն կարող է որակվել որպես անհնազանդություն, եւ ոստիկանը իրավունք կունենա իր ձեռքի տակ գտնվող տարբեր հատուկ միջոցներ` ռետինե մահակ, արցունքաբեր գազ, ձեռնաշղթաներ, կայծակնային պարպիչներ կիրառել, նաեւ քաղաքացու վրա ծառայողական շուն բաց թողնել: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ արգելվում է հրազենի գործադրումը …մարդկանց զգալի կուտակումների ժամանակ: Վ.Դալլաքյանն առաջարկում է դրույթից հանել «զգալի» բառը: «Մեկի համար զգալին 3 հոգին է, մյուսի համար էլ՝ 300.000 հոգին: Առաջարկում եմ գրել` մարդկանց կուտակումների ժամանակ չի կարելի կրակել»,- ասում է պատգամավորն ու ավելացնում` եթե դեպքի վայրում կան մեկից ավելի մարդիկ, ուրեմն դա կուտակում է, եւ չի կարելի կրակել:

«Ոստիկանության զորքերի մասին» գործող օրենքի 20-րդ կետում նշված է, որ Ոստիկանության զորքերի զինծառայողները որպես հատուկ միջոցներ կարող են գործադրել ռետինե մահակը, ձեռնաշղթաները, ծառայողական շները եւ այլ միջոցներ: Նաեւ սահմանված է, թե որ միջոցը երբ կարելի է գործադրել: Մինչդեռ առաջարկվող տարբերակի համաձայն, ոստիկանն իր հայեցողությամբ պետք է որոշի, թե տվյալ պահին իր մոտ եղած հատուկ միջոցներից որը օգտագործի: Օրինագիծը ներկայացնող փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը երեկ ԱԺ-ում այս դրույթը մեկնաբանեց այն հանգամանքով, թե ոստիկանները լավ չեն կողմնորոշվում, դրա համար էլ նրանց իրավունք է վերապահվում, որ տվյալ պահին քաղաքացու նկատմամբ կիրառեն այն միջոցը, որը հարմար կգտնեն: Այսինքն՝ դժվար կողմնորոշվող կամ չհասկացող ոստիկանը պետք է որոշի, թե կես մետրի փոխարեն 40 սմ այն կողմ գնացող քաղաքացու գլխին ռետինե մահակով հարվածի՞, թե՞ շանը «քսի տա» նրա վրա: «Նման օրենքները պետք է լինեն հնարավորինս չմեկնաբանելի, տարածական մեկնաբանությունների առիթ չտան, որովհետեւ մենք ապրում ենք ոչ թե Շվեյցարիայում կամ Նորվեգիայում, այլ

ՀՀ-ում, որտեղ օրենք կիրառողները, ցավոք սրտի, կարող են լայն մեկնաբանություն տալ եւ մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Ես նաեւ այն կարծիքին եմ, որ նմանատիպ քայլերը կարող են մեկնաբանվել որպես Հայաստանը ոստիկանական պետություն դարձնելու քայլեր: Դրա համար չի կարելի նման փոփոխություններ անել: Հույս ունեմ, որ այս դիտողությունները կընդունվեն»,- եզրափակում է Վ.Դալլաքյանը:

«Ոստիկանական զորքերի մասին օրենքում փոփոխությունների նախագծով՝ այն սափրագլուխները, որոնք պաշտպանում էին օլիգարխներին ու կատարում նրանց հրահանգները, հիմա կստանան փող բյուջեից եւ կգործեն պետական համակարգում,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ու ավելացնում,- Գաղափարական առումով, ես դեմ եմ Հայաստանի տարածքում Ոստիկանության զորքերի կողմից մարտական զենք կիրառելուն: Մարտական զենք կարող է օգտագործվել միայն ռազմաճակատում: Մնացած բոլոր դեպքերում դրա կարիքը չկա»:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի հավանաբար այսօր: