«Ավանդները պահեք դրամով»,- շարունակում է խորհուրդ տալ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը

19/03/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Ջավադյան, մարտի 3-ի շոկից հետո դոլարը դանդաղ տեմպերով էլի արժեւորվում է: Դա այսօր շուկայի պահանջարկի արտացոլո՞ւմն է: Այսօր էլ շարունակում են կարծիքներ հնչել, թե Կենտրոնական բանկը կրկին միջամտում է փոխարժեքի ձեւավորմանը: Նույն գնահատականների համաձայն, եթե իրականում ԿԲ-ն չմիջամտի փոխարժեքի ձեւավորմանը, ապա դոլարի փոխարժեքը շատ ավելի բարձր կլինի:

– Ոչ մի խնդիր չկա, դա շուկայի արտացոլումն է: Բանկերը մասնակցում են բորսայական գործառնությունների, իրենց մեջ անում են առքուվաճառք: Արդեն նշել եմ, որ ԿԲ-ի մասնակցությունը մինիմալ է, եւ ես վստահ եմ, որ դա չի կարող միակողմանի շարունակվել` հնարավոր է, որ այսօր-վաղը լինի նաեւ իջեցում: Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը, բանկային համակարգի վրա այս պահին ոչ մի ճնշում չկա, քանի որ բորսայում գործառույթների ծավալները հիմա բավականին քիչ են, համեմատած այն ծավալների հետ, որոնց մենք արդեն սովոր ենք, եւ նույնիսկ համեմատած անցյալ տարվա այս օրերի ծավալների հետ: Ես չեմ գտնում, որ այս պահին անհանգստության խնդիր կա, բանկերի հաճախորդների, ներկրողների, բնակչության կողմից որեւէ խուճապային խնդիր չկա:

– Իսկ ինչո՞վ եք բացատրում բորսայում գործարքների անհամեմատ փոքր ծավալը: Մենք արդեն սովոր էինք, որ օրական 20-30 մլն դոլարի գործարք էր կատարվում:

– Կողմնորոշվելու համար բոլորին ժամանակ է պետք, եւ դա նորմալ է: Կուրսի ճշգրտումից հետո միանգամից խոշորածավալ գործարքներ չեն լինում:

– Դոլարի փոխարժեքի հետ կապված քննարկումներում հնչում են գնահատականներ, որոնց համաձայն, վերջին ամիսերին ԿԲ-ն կատարել է 400-ից մինչեւ 800 մլն դոլարի ինտերվենցիաներ: Իրականում ԿԲ-ն քանի՞ հարյուր մլն դոլարի ինտերվենցիա է կատարել նախորդ ամիսներին:

– Ինտերվենցիաների ծավալը շուտով կհրապարակենք, կտեսնեք: 800 միլիոնից քիչ է, 400-ից էլ շատ է: Այդ թիվը էական չէ, որովհետեւ այդ ինտերվենցիաների մեծ մասը մեր բանկերում են: Բանկերը ապադոլարիզացվել էին նախորդ տարիների ընթացքում ԿԲ-ի եւ կառավարության վարած քաղաքականության շնորհիվ: Ֆիզիկական անձանց ավանդների ծավալը 65 տոկոս էր, ընդամենը 35 տոկոս էր արտարժույթով ավանդների ծավալը: Մենք այս 3 ամսվա ընթացքում ունեցանք հակառակ հարաբերակցությունը` 70/30: Իսկ ավանդների ընդհանուր ծավալը ՀՀ-ում 500 մլրդ դրամի է հասնում: Այնպես որ, եթե հաշվարկ անենք, կտեսնենք, որ վերջին ամիսներին մեր ինտերվենցիաների մեծ մասը բանկերում փոխարինեցին դրամային ավանդներին:

– Կարծիք կա, որ այդ ինտերվենցիաների արդյունքում առանձնապես մեծ չափերի շահույթներ ստացան խոշոր ներկրողները:

– Ոչ, դրանից գոնե մոտ 400 մլն դոլարը գնաց ավանդների փոխանակմանը: Դրա մյուս մասը գնեցին առեւտրային բանկերը: Եվ դրա արդյունքում բանկերն ունեցան գերլիկվիդային միջոցներ, վերջին 4-5 ամսվա ընթացքում բանկերը 280 մլն դոլար արտարժույթ գնեցին: Իհարկե, դրա մի մասը, հնարավոր է, ներկրողներն են գնել: Պարզ է, որ «ՀայՌուսգազարդը» ամսական մոտ 25-30 մլն դոլար պետք է գներ, որպեսզի գազի փողը վճարեր: Բանկերն էլ իրենց հերթին այդ արտարժույթը պետք է ինչ-որ տեղից հայթայթեին: Բայց ներկրողների մի շատ մեծ զանգված օգտվում էր այլ տեղերից եւ ոչ թե բանկերից:

– Բայց արդյո՞ք դոլարի փոխարժեքը երկար ժամանակ 305 դրամի նիշի վրա պահելու համար նպատակահարմար էր այդ ծավալի ինտերվենցիան: Արդյո՞ք արտաքին պահուստներից հանված այդ գումարը այդպիսով չփոշիացվեց:

– Ոչ, այդ փողը հիմա մեր արտաքին պահուստների մեջ է, այսպես թե այնպես, որովհետեւ դա գտնվում է բանկերի հաշվին ԿԲ-ում: Փողի արտահոսք ՀՀ-ից չի եղել: Դեկտեմբերի վերջին եւ մարտի սկզբին մեր արտաքին պահուստների փոփոխություն չի եղել: Այդ գումարները ՀՀ-ից դուրս չեն գնացել: Իմպորտի մի մասը սպասարկվել է տնտեսության մեջ եղած փողից:

– Իսկ ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ ԿԲ-ն որոշեց հենց մարտի 3-ին «բաց թողնել» փոխարժեքը: Չէ՞ որ շատ տնտեսագետներ ու միջազգային ֆինանսական կառույցների հայաստանյան ներկայացուցիչները վաղուց էին ԿԲ-ին հորդորում դոլարի արժեւորման գործընթաց սկսել:

– Նրանք ընդհանուր առմամբ էին ասում, բայց վստահ եղեք, որ դրան մենք շատ շուտվանից էինք պատրաստվում: Մենք ուսումնասիրում էինք իրավիճակը եւ տեսանք, որ դա ամենահարմար ու ճիշտ պահն է, տեսանք, որ դրամային ավանդները հասան 30 տոկոսի, բանկերն այդ ժամանակ ունեին 700 մլն դոլար լիկվիդայնություն: Հարմար էր, որովհետեւ իրավիճակը ընդհանուր ֆինանսական համակարգում կայուն էր, որովհետեւ այդ ժամանակ արդեն հստակ հաշվարկներ ունեինք փոխարժեքի ակնկալիքների մասին:

– ԿԲ-ն տարիներ շարունակ քաղաքացիներին հորդորում էր իրենց ավանդներն ու խնայողությունները դրամով պահել, բայց արդյունքում դրամով ավանդ ունեցողները տուժեցին ու դեռ շարունակում են տուժել:

– Ես հիմա էլ եմ ասում՝ ավանդները պահեք դրամով: Վստահեցնում եմ, չեն տուժել, երկարաժամկետ առումով չեն տուժել: Դրամի կայունությունը, փոխարժեքը չի բնորոշվում արտարժույթի փոխարժեքով, բնորոշվում է գնաճով: Եթե մեր հանրապետությունում 20-25 տոկոսանոց գնաճ լինի, որի պարագայում այն տոկոսադրույքները, որը ստանում է բանկից, քիչ են դրանից, այդ դեպքում կտուժեն: Բայց եթե այս պահին դրամային ավանդները 10-12 տոկոսով են, ու մենք այս պահին գրեթե գնաճ չունենք, ու տարվա վերջին, վստահ եմ, կունենանք 8-9 տոկոսանոց գնաճ, այդ պարագայում կշահեն:

– Բայց մարդիկ ավանդներ են տրամադրում ոչ միայն եւ ոչ այնքան գնաճը փոխհատուցելու, այլ շահույթ ստանալու համար:

– Շահույթ էլ կստանան, որովհետեւ, եթե բանկերը տեսնեն, որ գնաճը մեծ է, կավելացնեն դրամով ավանդների տոկոսադրույքները: Մենք դրա ազդակը տվեցինք` վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեցինք: Ես ինքս իմ խնայողությունները դրամով եմ պահում:

– Վստա՞հ եք, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների թանկացմանը օրինաչափորեն հետեւող մյուս ապրանքների ու ծառայությունների գների թանկացման արդյունքում տարեվերջին ընդամենը 8-9 տոկոս գնաճ կունենանք:

– Իհարկե, դա մեր կողմից հայտարարված 9 տոկոսի հաշվարկի մեջ մտած է:

– Պարոն Ջավադյան, Ձեր կարծիքով՝ Հայաստանը հիմա ճգնաժամի ո՞ր փուլում է, սկզբո՞ւմ է, թե՞ արդեն հասել է գագաթնակետին:

– Ես չեմ ուզում կանխատեսումներ անել: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ աշխարհն արդեն մոտենում է պիկին: