«Փետրվարի 21-ին, երբ տեղի ունեցավ «Ժառանգության» խորհրդի նիստը, քննարկվեց եւ որոշվեց առաջարկել ՀԱԿ-ին միասնական ցուցակով հանդես գալ Երեւանի ավագանու ընտրություններին: Մոտավորապես 22 օրվա ընդմիջումից հետո, որի ընթացքում, թեեւ, կային որոշակի շփումներ, մենք ստացանք ՀԱԿ-ի որոշումը, ավելի ճիշտ` ցուցակը: Ափսոսանքով եմ նշում, որ դա տեղի չունեցավ «Ժառանգության» հետ բանակցությունների արդյունքում: ՀԱԿ-ի այդ որոշումը արդեն քննարկման ենթակա չէր, եւ կար ընդամենը մի քանի բան, որ կարելի էր քննարկել ու համաձայնվել, կամ ոչ»,- երեկ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Ըստ նրա` կարեւոր էր ոչ միայն այն, թե «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը միասնական ցուցակ կկազմեին, թե չէին կազմի, այլ նաեւ այն, որ դրա վերաբերյալ որոշումը եւ հայտարարությունը արվեր միասին, եթե նույնիսկ կազմվեր առանձին ցուցակ: Սա, ըստ Հ. Խուրշուդյանի, անհրաժեշտ էր նրա համար, որ իր խոսքերով` «ապահովվեր միասնության մթնոլորտը եւ միասնական պայքարի տրամաբանությունը»: «Այդ միասնական քննարկումը բխում էր հենց հաղթանակի տրամաբանությունից: Ամեն դեպքում իրավիճակը դրամատիկացնել պետք չէ, հաղթանակը միանշանակ ընդդիմությանն է լինելու: Մենք շատ ցածր ենք գնահատում իշխանությունների հնարավորությունը կեղծիքներ իրականացնելու հարցում»,- հայտարարեց Հ. Խուրշուդյանը: Նա ընդգծեց, որ ընդդիմություն ասելով՝ նկատի ունի եւ՛ «Ժառանգությանը», եւ՛ ՀԱԿ-ին: Ինչ վերաբերում է «Ժառանգության» ներկայացրած ցուցակին, որտեղ առաջին երեք տեղերում համապատասխանաբար Արմեն Մարտիրոսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանն էին, Հ. Խուրշուդյանն ասաց, որ այն կազմվել է միայն ՀԱԿ-ի ներկայացրած ցուցակից հետո: «Որովհետեւ մինչ այդ մենք ենթադրում էինք, թե բանակցային սեղանին ոչ թե կոնկրետ ցուցակն է դրվելու, այլ դրվելու են մոտեցումները: Մեր մոտեցումն այն է, որ կա ընտրողների մի մեծ խավ, որը նույնիսկ ամենաակտիվ ու մոբիլիզացված ընտրական պրոցեսների պարագայում դժվարանում է իր ձայնը տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս հանգամանքը նախագահական ընտրությունների ժամանակ բավականին բացասական հետեւանքներ ունեցավ, երբ այդ ձայները գնացին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող թեկնածուներին»,- ասաց Հ. Խուրշուդյանը: Նշենք, որ ըստ «Երեւանի մասին» օրենքի, մայիսի 31-ի ընտրություններում ընտրողներն ընտրելու են ոչ թե «մոտեցումներ», այլ կոնկրետ անձանց անուններից կազմված ցուցակ: Ինչեւէ:
Ըստ Հ. Խուրշուդյանի, ՀԱԿ-ի հետ միասին ընտրություններին չմասնակցելու դեպքում եւս որոշակի ձայներ փոշիանալու են, հակառակ դեպքում իրենք դրա վերաբերյալ քննարկումներ ծավալելու նախաձեռնությամբ հանդես չէին գա: «Իհարկե, եթե մենք միասնական ցուցակով չենք գնում, որոշակի ձայներ փոշիանում են: Ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ ուրիշ թեկնածուի կարող են ընտրել, այլ նաեւ այն պատճառով, որ ուղղակի շատերը տնից դուրս չեն գա` այդ հուսահատության, ապատիայի հետեւանքով, ընդդիմության հանդեպ վստահությունը կորցնելու հետեւանքով: Սրա համար է, որ մենք ասում ենք, թե այդ որոշմամբ պետք էր հանդես գալ միասին, թե որեւէ բախում ՀԱԿ-ի ու «Ժառանգության» միջեւ հրահրել պետք չէ: Եվ երբ որոշ ընդդիմադիր թերթեր նման բաներ են անում, ես կոչ եմ անում սթափվելու եւ հասկանալու, որ դա ձեռնտու է միայն իշխանություններին: Մենք, իհարկե, չենք հակադարձում դրան, որովհետեւ մեր վրա է նաեւ պատասխանատվությունը, որ նման բախում տեղի չունենա»,- հայտարարեց Հ. Խուրշուդյանը: Իհարկե, մեղմ ասած, վիճելի է` թե ինչն է ավելի շատ ձեռնտու իշխանություններին` «Ժառանգության» կայացրած որոշո՞ւմը, թե՞ դրա մասին մամուլի շահարկումները: «Արմեն Մարտիրոսյանը, բնական է, չունի այն քաղաքական կշիռը, ինչը ունեն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց տրամաբանությունն այն էր, որ Գագիկ Բեգլարյանի դիմաց կլիներ երիտասարդ մի գործիչ, որին հեղինակավոր, վաստակաշատ, լրջագույն քաղաքական գործիչները իրենց ուսերի վրա հաղթանակի են բերում: Որեւէ խնդիր ավագանիում մի քանի տեղ ավել ստանալու կամ էլ քաղաքապետի պաշտոնը վերցնելու հարցում չկար»,- նշեց «Ժառանգության» մամուլի խոսնակը` ավելացնելով, թե, այնուամենայնիվ, ՀԱԿ-ի հետ քննարկումները կարող են շարունակվել: «Մենք տեսնում ենք, որ ՀԱԿ-ի հետ մեր համագործակցությունը լինելու է շարունակական: Ընդդիմությունն այլ ելք ուղղակի չունի, եւ այլ տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ այդ ընտրողներին չփոշիացնելու համար միգուցե պետք լինի, որ «Ժառանգությունն» առանձին գնա ընտրություններին: Թե՛ մասնակցության, թե՛ ձեւաչափի ու բովանդակության վերաբերյալ որոշումը կկայացվի այս ուրբաթ: Ցանկացած որոշում կայացվելու է միմիայն ընդդիմության շահերից ելնելով, ընդդիմության հաղթանակը սպասարկելու համար»,- ասաց Հ. Խուրշուդյանը: Բայց կարծես շաբաթը ուրբաթից շուտ արդեն եկել է: