Մեր թերթի նախորդ համարներից մեկում նշել էինք, որ Երեւանի քաղաքացիական դատարանը փետրվարի 16-ին վարույթ էր ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ներկայացրած դիմումն ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի` վերջինիս սնանկ ճանաչելու վերաբերյալ:
Մեզ հաջողվեց պարզել, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն դրանից մի քանի օր հետո գրավոր վիճարկել է իր սնանկության մասին հայտը: Մեր օրենսդրության համաձայն` դատավորն առարկությունները ստանալու պահից 10 օրվա ընթացքում դատական նիստ պետք է հրավիրեր: Սակայն պարզվեց նաեւ, որ նման դատական նիստ չի եղել: «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ «ժամկետի բացթողումը պայմանավորված էր տեղի ունեցած դատարանակազմական վերափոխմամբ»: Խոսքը Երեւանի քաղաքացիական դատարանի վերակազմավորման մասին է: Իսկ 2009թ. մարտի մեկի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ «Նաիրիտի» ժամկետանց պարտքը կազմում է շուրջ 1 միլիարդ դրամ: Մեր տեղեկություններով՝ «Նաիրիտի» ժամկետանց կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի ողջ գումարը գերազանցում է 8 մլրդ դրամը: Ինչեւէ, ըստ էության, «Նաիրիտին» ժամանակավորապես փրկել է դատարանակազմական վերափոխումը, մինչդեռ «Նաիրիտի» տնօրեն Վահան Մելքոնյանը շարունակում է տարբեր առիթներով խոսել լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման մասին: Այսպես, գործարանի ինտերնետային էջում տեղադրված է նրա` իբր «Մեդիամաքս» գործակալությանը մարտի 9-ին տված մի հարցազրույց (գործակալության ինտերնետային կայքում նման հարցազրույց չկա), որտեղ խոսվում է եվրոպական բանկերի (դրանց անունն էլ չի նշվում) հետ 92 մլն դոլարի վարկի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու մասին: Կասկած չկա, որ եթե նման բան իրականում եղած լիներ, պարոն Մելքոնյանը չէր հապաղի այն ավետել նաեւ մի քանի օր առաջ «Հայլուրին» տված հարցազրույցում, որում շարունակվում էր ապագայի վերաբերյալ անորոշ հայտարարությունների եւ մարդկանց, առաջին հերթին` «Նաիրիտի» աշխատողներին մոլորության մեջ գցելու` այս ընկերության քաղաքականությունը: Սկզբում նշվում էր, որ ընկերության աշխատակիցները հարկադիր պարապուրդից դուրս կգան 2009թ. փետրվարի մեկին, հետագայում այդ ամսաթիվը հետաձգվեց մինչ մարտի մեկը: Մի քանի օր առաջ էլ Վ. Մելքոնյանը «Հայլուրով» նշեց նոր ամսաթիվ` ապրիլի 7-ը, այն էլ վերաբերում է ընկերության ավելի քան 5000 աշխատակիցներից միայն 2700-ին: Ամենաաներեւակայելին, սակայն, այն է, որ Վ. Մելքոնյանի հավաստմամբ՝ «Նաիրիտը» շարունակում է վերագործարկումը, եւ ապրիլի սկզբին արդեն արտադրանք կթողարկի: Եվ սա՝ այն պարագայում, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» դադարեցրել է էներգամատակարարումը (մարտի առաջին 15 օրերին մատակարարվել է ընդամենը 465 հազար կվտ/ժամ էլեկտրաէներգիա` 1.3 մեգավատտ միջին լարվածությամբ, ինչն անհրաժեշտ է գործարանի պահպանման համար եւ բավարար չի կարող լինել արտադրանք թողարկելու համար), առկախ է ընկերության սնանկացման հարցը: Ավելին, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, «Նաիրիտի» կառավարիչների վիճակը գնալով բարդանում է: Ռուսաստանի Կենտրոնական բանկն աուդիտ է իրականացրել ԱՊՀ Միջպետական բանկում եւ բազմաթիվ չարաշահումներ է բացահայտել, այդ թվում՝ «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր «Ռայնովիլի» ստացած 70 մլն դոլար վարկի հետ կապված: Արդյունքում՝ հրաժարական են տվել ԱՊՀ Միջպետական բանկի գլխավոր տնօրենն ու մի քանի պաշտոնյաներ: Մյուս կողմից` «Ռայնովիլ փրոփրթի» ընկերությունից բաժնետոմսերը (դրանք գրավ էին դրված ԱՊՀ Միջպետական բանկում) հետ է վերցրել ՀՀ կառավարությունը` ստանձնած ներդրումային պարտավորությունները չկատարելու համար: Սակայն կառավարությունում դեռեւս գերադասում են այդ մասին լռել: Ինչեւէ, «Նաիրիտի» սնանկացման եւ պարտավորությունների հետ կապված մենք նաեւ գրավոր հարցեր էինք ուղղել ընկերության ղեկավարությանը, սակայն նրանք պաշտոնապես հրաժարվեցին պատասխանել որեւէ հարցի: «Ձեր հետ մեր համագործակցությունը ուղղակիորեն կախված է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մասին Ձեր թերթի հրապարակումներում ճշմարտության հետ համընկնող տեղեկատվության մակարդակից»,- սա էր «Նաիրիտի» ղեկավարության պատասխանը մեր ուղղած մի շարք հարցերին: Նշենք, որ մեր նպատակը ամենեւին էլ «Նաիրիտի» կառավարիչների հետ համագործակցությունը չէ: Ընդամենը ակնկալում ենք ստանալ մեր հարցերի պատասխանները: Իսկ եթե «Նաիրիտի» ղեկավարությունը գտնում է, որ սխալ տեղեկատվություն ենք հրապարակում, կարող է պարզապես լուսավորել մեզ «իրականությանը համապատասխանող» իր պատասխաններով: Այս պարագայում, սակայն, հարցերին պատասխանելուց խուսափելը, ինքնին, խոսուն փաստ է: