Ճգնաժամ

19/03/2009

ԱՄՆ. ճգնաժամի հաղթահարման առաջին նշանները

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը շարունակում է իր «հաղթարշավը» աշխարհով մեկ։ Սակայն ճգնաժամի հայրենիքում՝ ԱՄՆ-ում, իրավիճակը կարծես սկսում է կամաց-կամաց բարելավվել։ «Reuters»-ի հաղորդմամբ, վերստին սկսել է աճել նորակառույցների թիվը, ամերիկացիներն աստիճանաբար սկսում են մեծացնել ծախսումները, իսկ արտադրողները վերջապես սկսում են ազատվել պահեստում մնացած արտադրանքից։

Իհարկե, ամերիկյան տնտեսության վերջնական «ապաքինման» մասին խոսելը դեռ վաղ է, սակայն արդեն կարելի է ենթադրել, որ 2009թ. երկրորդ եւ երրորդ եռամսյակներում պատկերն այնքան մռայլ չի լինի, որքան առաջին եռամսյակում։ Փորձագետները հավաստիացնում են, որ վարկային ճգնաժամի սկիզբ առնելուց մեկուկես տարի անց ամերիկյան տնտեսությունը վերջապես առողջացման նշաններ է ցույց տալիս։

«Չի կարելի ասել, որ այժմ տեղի է ունենում ԱՄՆ տնտեսության վերականգնում։ Սակայն ՀՆԱ-ի նվազման տեմպերը դանդաղում են, եւ շուտով կսկսի դանդաղ աճը»,- ասել է «Barclays»-ի տնտեսագետ Էթան Հարրիսը։ Այս տեսակետի ճշմարտացիության մասին վկայում են այս շաբաթվա սկզբին հրապարակված վիճակագրական տվյալները։ Այսպես, նորակառույցների շինարարությունը 2009թ. փետրվարին նախորդ ամսվա համեմատ անսպասելիորեն աճել է 22.2%-ով՝ կազմելով 583 հազար միավոր։ Մինչդեռ փորձագետների կանխատեսումներով՝ այդ ցուցանիշը պետք է կազմեր 450 հազար միավոր։

Աստիճանաբար աճում են նաեւ սպառողական ծախսերը. ամերիկացիները գնում են կենցաղային տեխնիկա եւ կահույք։ «Lehman Brothers» բանկի կոլապսից հետո սպառողները նստել էին տանը եւ խուսափում էին խանութներ այցելելուց։ Սակայն վերջին ժամանակներս իրավիճակը սկսել է փոխվել։ Տպավորություն կա, որ առաջին շոկն արդեն անցել է, եւ սպառողական շուկան սկսել է աստիճանաբար կայունանալ»,- նշել է «Charlotte» ընկերության տնտեսագետ Ջեյ Բրայսոնը։

Արդյունքում՝ տնտեսական վիճակի համեմատական բարելավման սպասումների ֆոնի վրա ներդրողները սկսել են գումարներ ներդնել ռիթեյլինգային եւ շինարարական ոլորտներում։ Օրինակ, Stamdard & Poorգs-ի շինարարական ենթաինդեքսը մարտի սկզբից աճել է արդեն 25%-ով։ Տնտեսագետների կարծիքով, ներդրումների ուրախության պատճառը ոչ թե ֆինանսական ցուցանիշների բարելավումն է, այլ վստահությունը, որ ԱՄՆ իշխանությունները կարող են ճգնաժամը հաղթահարելու ուղիներ գտնել։

«Ամերիկյան տնտեսության հետագա ճակատագիրն այժմ ամբողջությամբ կախված է Վաշինգտոնից։ Իհարկե, վերջին վիճակագրական տվյալները չեն կարող չուրախացնել, սակայն հարկ է նշել, որ անհաջող հակաճգնաժամային քաղաքականության դեպքում ամերիկյան տնտեսության շուտափույթ առողջացում անիմաստ կլինի ակնկալել»,- կարծում է Էթան Հարրիսը։

Միեւնույն ժամանակ, մի շարք վերլուծաբաններ հիշեցնում են, որ դեռ արդիական են մնում ԱՄՆ բանկային համակարգի խնդիրները։ Ամերիկյան խոշորագույն բանկերը դեռեւս ստիպված են դուրս գրել վատ ակտիվները եւ կրճատել ծախսերը։ Անգամ ԱՄՆ-ի Ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն է մի քանի անգամ նշել, որ առանց ֆինանսական համակարգի վերականգնման հնարավոր չի լինի ճգնաժամից դուրս գալ։

Նշենք նաեւ, որ մի շարք տնտեսագետների կարծիքով, Ամերիկայում տնտեսական անկումը սկսվել է դեռեւս 2008 թվականի երրորդ եռամսյակից։ Այդ ժամանակ երկրի ՀՆԱ-ն նվազեց 0.3%-ով, ինչը ՀՆԱ-ի կրճատման առաջին դեպքն էր վերջին 7 տարվա ընթացքում։ ԱՄՆ տնտեսությունը վերջին անգամ բացասական աճ է արձանագրել 2001թ. երրորդ եռամսյակում, երբ ՀՆԱ-ն կրճատվեց 1.4%-ով։

Միակ անհաջողակը՝ Մեծ Բրիտանիան

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով, զարգացած երկրներից միայն Մեծ Բրիտանիայում տնտեսական անկումը կշարունակվի 2010 թվականի ընթացքում։ Առաջատար մյուս երկրները, ըստ ԱՄՀ-ի, հաջորդ տարի արդեն կարձանագրեն տնտեսական աճ։ Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա ԱՄՀ փորձագետների համոզմամբ, այս երկրի տնտեսությունը ամենակրիտիկական վիճակում է գտնվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Կանխատեսումներն իրոք մռայլ են. Միացյալ Թագավորության տնտեսությունը 2009թ. ընթացքում կկրճատվի 3.8%-ով, իսկ 2010-ի ընթացքում՝ 0.2%-ով։ Ինչպես գրում է «Independent»-ը, որոշ փորձագետներ, հաշվի առնելով ճգնաժամի մասշտաբները, պնդում են, որ Մեծ Բրիտանիան ռեցեսիայից շարժվում է դեպի դեպրեսիա։

Նշենք, որ ԱՄՀ-ի կանխատեսումներով, համաշխարհային տնտեսությունն այս տարի կկրճատվի 0.6 տոկոսով։ Ամենասարսափելին, սակայն, Ճապոնիայի իրավիճակն է. տնտեսական անկումն այստեղ կկազմի 5%։

Անգամ, եթե հաշվի չառնենք վիճակագրական տվյալները, որոնք հաճախ շատ հարաբերական են, կան նաեւ այդ տեսակետի օգտին խոսող մռայլ տնտեսական փաստեր, որոնք արտացոլում են դաժան իրականությունը եւ սրում մտահոգություններ առաջիկա զարգացումների վերաբերյալ։ Երկրի տնտեսությունը ծայրահեղ դժվար օրեր է ապրում, եւ պարզ չէ, թե այդ ամենը որքան կշարունակվի։ Այսօրվա դրությամբ գործազուրկների թիվը Մեծ Բրիտանիայում հասել է 2 միլիոն հոգու։ Կանխատեսումների համաձայն, հաջորդ տարի նրանց թիվը կավելանա եւս 1 միլիոնով։ Ճգնաժամն ավերիչ ազդեցություն է թողել տնտեսական համակարգի բոլոր բաղադրիչների վրա՝ գների, սպառողական ծախսերի ծավալների եւ պետական ֆինանսների։ Բրիտանական տնտեսության վրա բացասական ազդեցություն են թողնում մի շարք գործոններ, առաջին հերթին՝ բանկային համակարգի մեծ մասշտաբները։ Բանկային համակարգը Մեծ Բրիտանիայի տնտեսության մեջ շատ կարեւոր դեր է խաղում, եւ նրա այսօրվա թույլ վիճակը մեծացնում է անվստահությունը ընդհանրապես ողջ ֆինանսական համակարգի նկատմամբ։ Վարկային ճգնաժամը կտրուկ նվազեցրել է վարկավորման ծավալները եւ ի հայտ է բերել բանկային ոլորտի բոլոր թերությունները՝ ավելի ակնհայտ կերպով, քան մյուս երկրներում։ Երկրորդ հերթին հարկ է նշել անշարժ գույքի շուկան։ Վերջին շրջանում արձանագրված բումը վերածվեց լիակատար փլուզման, քանի որ փուչիկը պայթեց եւ մերկացրեց հիպոթեքային վարկավորման համակարգում առկա բոլոր բացթողումները։ Արդյունաբերության, շինարարական եւ ֆինանսական ոլորտներում աշխատանքից ազատվում են մեծ թվով մարդիկ։ Միայն պետական հատվածն է ինչ-որ չափով կարողանում հարմարվել ստեղծված իրավիճակին։

Ինչ վերաբերում է զարգացած մյուս երկրներին, ԱՄՆ տնտեսությունն այս տարի կկրճատվի 2.6%-ով (հունվարին կանխատեսվում էր 1.6%-անոց անկում), իսկ Եվրոգոտու առաջատար Գերմանիայի ՀՆԱ-ն կնվազի 3.2%-ով։

Ավելացնենք նաեւ, որ ԱՄՀ ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի խոսքերով, ներկայիս անկումը վստահորեն կարելի է անվանել «Մեծ դեպրեսիա»։

Ռումինիան 20 միլիարդ եվրո է խնդրում

Ռումինիան դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Եվրամիությանը՝ 20 միլիարդ եվրոյի հակաճգնաժամային վարկ ստանալու համար։ Այդ գումարը պետք է օգտագործվի տնտեսության խթանման պետական ծրագրերի իրականացման համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Տրայան Բասեսկուն՝ նշելով, որ բացի վերը նշված կառույցներից՝ վարկավորմանը կարող են մասնակցել նաեւ Համաշխարհային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպական ներդրումային բանկը։ Նախնական համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, եւ Ռումինիայի կառավարությունը դրա մանրամասները կհրապարակի մոտ օրերս։

Նշենք, որ Ռումինիայի կառավարության կանխատեսումների համաձայն, երկրի տնտեսությունն այս տարի կաճի 2.5 տոկոսով, իսկ բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 2%-ը։ Այդուհանդերձ, փաստացի աճը կարող է նախատեսվածից ցածր լինել՝ արտահանման ծավալների անկման պատճառով, Բասեսկուի խոսքերով, 2009թ. հունվարին արտահանումը նվազել է 24%-ով՝ հանգեցնելով գործազրկության աճի եւ հարկային մուտքերի նվազման։

Հակաճգնաժամային վարկի վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին հասարակությունն իմացել է մարտի 10-ին։ Այդ ժամանակ կառավարությունն ակնկալում էր, որ 15 միլիարդ դոլար կտրամադրի ԱՄՀ-ն, եւս 9 միլիարդ դոլար՝ Եվրամիությունը։

Չինաստանի աճը կդանդաղի

Համաշխարհային բանկը վերանայել է Չինաստանի 2009 թվականի տնտեսական աճի ցուցանիշը՝ 7.5%-ից դարձնելով 6.5%։ Այս տարվա մարտին Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարել էր, որ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, երկրի տնտեսությունը 2009-ի ընթացքում կաճի 8%-ով։ Չնայած կանխատեսմանը, Համաշխարհային բանկը նշել է, որ Չինաստանն ունի շատ լավ տնտեսական ֆունդամենտալ ցուցանիշներ, եւ ՀՆԱ աճի դանդաղումը չի ազդի տնտեսական եւ սոցիալական կայունության վրա։

ՀԲ փորձագետները միեւնույն ժամանակ նշում են, որ եթե Պեկինը շարունակի մեծացնել ներդրումները՝ տնտեսական աճի դանդաղումը կանխելու համար, դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ եւ բացասաբար ազդել երկրի տնտեսական ցուցանիշների վրա։ Համաշխարհային բանկը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել պահանջարկի խթանմանն ուղղված պետության քայլերը։ Նշենք, որ Չինաստանի կառավարությունը դեռ 2008 թվականի նոյեմբերին էր հրապարակել տնտեսության խթանման իր ծրագիրը, որի համար հատկացվել է 585 միլիարդ դոլար։

Ուկրաինայի պաշտոնյաները խնայում են

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ կապված՝ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը ժամանակավորապես կրճատվել են, գրեթե կրկնակի անգամ։ Կառավարությունը որոշել է մինչեւ 2010 թվականը կրճատել երկրի վարչապետի, փոխվարչապետի եւ նախարարների աշխատավարձը։ Որոշումն ուժի մեջ է մտնելու այս տարվա ապրիլի 1-ին եւ ուժի մեջ է մնալու մինչեւ 2010թ. հունվարի 1-ը։ Վարչապետի աշխատավարձը ներկայումս կազմում է ամսական 2000 ԱՄՆ դոլար, սակայն ապրիլի մեկից կդառնա 1000 դոլար։ «Կառավարությունը նմանատիպ քայլեր ձեռնարկելու առաջարկություն է ներկայացրել նաեւ պատգամավորներին եւ երկրի նախագահին»,- ասվում է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նշենք, որ աշխատավարձի կրճատումը չի վերաբերում փոխնախարարներին եւ ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող չինովնիկներին։ Թեեւ Ուկրաինայի Գերագույն ռադան արդեն իսկ որոշ քայլեր այդ ուղղությամբ ձեռնարկել է՝ կրճատելով նախագահի քարտուղարության սպասարկման ծախսերը։ Խնայված միջոցները պետք է ուղղվեին «Արտեկ» ճամբարին, որը հայտնվել է սնանկացման եզրին։ Կրճատվել են, մասնավորապես, Յուշչենկոյի ապարատի այն ծախսերը, որոնք վերաբերում են արտասահմանյան այցելություններին, շքանշանների եւ հուշամեդալների պատրաստմանը եւ այլն։ Նշենք, որ ավելի վաղ նման քայլի գնացել էր նաեւ Լիտվան։ Ընդառաջ գնալով ընդդիմության հորդորներին՝ Լիտվայի Սեյմը 15%-ով կրճատել էր երկրի նախագահի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։

Կանխել ճգնաժամի կրկնությունը

Անգլիայի բանկի ղեկավար Մերվին Քինգը հայտարարել է «մեծ քսանյակի» երկրների կողմից գլոբալ տնտեսության հանգուցային ոլորտներում բարենորոգումների անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու կենսական անհրաժեշտության մասին: Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Լոնդոնի Սիթիի բանկիրների առջեւ՝ Քինգը նշել է, որ Լոնդոնում G20-ի ապրիլյան գագաթաժողովը հնարավորություն է բացում խթան հաղորդելու «այնպիսի բնագավառներում երկարաժամետ բարենորոգումների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին, ինչպիսիք են բանկային կարգավորումը, դրամական համակարգի բարենորոգումը եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների կառավարումը»: «Քանի դեռ գոյությունի ունի քաղաքական կամք, անհրաժեշտ է կողմնակցություն հայտնել այս նպատակներին եւ նպաստել բանկային համակարգի կայունության վերականգնմանը մեկամյա ճգնաժամից հետո»,- ասել է Անգլիայի բանկի ղեկավարը: Նրա խոսքով, «կառավարությունները պետք է պատրաստ լինեն բանկերին այնքան երաշխիքներ տրամադրելու, որքան անհրաժեշտ է» դրանց բնականոն գործունեության վերականգնման համար: Քինգը նաեւ բանկերը մասնավոր հատված «վերադարձնելու պարզորոշ ուղեգծի» մշակման եւ գլոբալ ֆինանսական համակարգում վճռական փոփոխություններ իրականացնելու կոչ է արել՝ ճգնաժամի կրկնությունը կանխելու նպատակով: