Բոլորս՝ դեպի Եղեգնաձոր

19/03/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Տնտեսական վիճակագրության ընթերցանությունն առանձնահատուկ հմայք ունի: Հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի օրերին: Բոլոր երկրներում խոսում են տնտեսության կրճատման ու ֆինանսական կառույցների ձախողումների մասին: Իսկ Հայաստանում խոսվում է ընդամենը աճի տեմպերի դանդաղման մասին: Պաշտոնական դեմքերի հատընտիր ճառերը լսելուց հետո ցանկացած քաղաքացու հոգին հարկավ փառավորվում է: Այ, եթե կարողանայինք ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիներին ստիպել քնելուց առաջ մի քանի րոպե ընթերցել մեր պաշտոնական վիճակագրությունը, նրանք կարող է իրենց համարեին բախտավոր աստղի տակ ծնվածներ: Բոլորն անխտիր: Անկախ արեւելյան կամ արեւմտյան աստղագուշակներից, ծննդյան տարվանից ու ամսաթվից: Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումը բավական երկար վերնագիր ունի` «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2009թ. հունվար-փետրվարին»: Այս հրապարակումը կարելի է մտցնել բնակչության համար պարտադիր ընթերցանության նյութերի ցանկ: Պատկերացրեք, որքան ճիշտ կլինի, եթե խանութից վերադարձած մարդը կարդա այդ հաշվետվության հետեւյալ տողը. «2009թ. հունվարին ՀՀ սպառողական շուկայում արձանագրված 1.2% գնաճին փետրվարին հաջորդել է 1.8% գնանկում»: Թե ինչ ապրանքների գծով են մեր վիճակագիրները գնանկում արձանագրել, դեռ կդիտարկենք։ Հիմա ավելի կարեւոր է նշելը, որ մեր վիճակագիրներն ամեն տարի ձմռան ամենացուրտ ամիսներին` հունվար-փետրվարին, «գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի» մի քանի տոկոսանոց աճ են նկարում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամին զուգընթաց աճն այս տարի շատ համեստ է` ընդամենը 0,4 տոկոս: Մարդիկ Հայաստանը երեւի շփոթել են մերձհասարակածային կլիմա ունեցող բանանային որեւէ երկրի հետ: Այլապես դժվար է պատկերացնելը, թե բարեխառն գոտում գտնվող որեւէ երկրում ձմռան ամիսներին կարելի է գյուղատնտեսական բերք ու բարիք ստանալ: Դժվարը դժվար է, բայց ոչ անհնար: Որովհետեւ, պարզվում է՝ Հայաստանում փետրվարին պարենային մթերքների գնանկում է արձանագրվել հունվարի համեմատ: 2,8 տոկոսի չափով ու միջին հաշվով: Երեւի արժանահավատություն հաղորդելու նպատակով նշվում է, որ տարբեր բնակավայրերում տարբեր գնանկումներ են արձանագրվում: Մայրաքաղաքում այն կազմել է 1,6 տոկոս: Գնանկումը, պարզվում է, ապահովվել է հիմնականում բանջարեղենի հաշվին: Փետրվարին Հայաստանում էժանացել է կարտոֆիլը, գազարը, կաղամբը, սխտորը: Սովորական տրամաբանությամբ՝ պիտի որ հակառակը լիներ: Տեղական արտադրության գյուղմթերքները Հայաստանում ամենաէժանն են բերքահավաքի պահին: Աշնանից դրանք թանկանում են մինչեւ հաջորդ գյուղատնտեսական տարի: Գարնան վերջում պտուղ-բանջարեղենի գինը սովորաբար ամենաբարձրն է: Բայց մեր վիճակագիրներն այլ բան են պնդում: Ավելին, նրանք արձանագրել են, որ պարենային ապրանքների գնանկման ամենահաճելի ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Փետրվարի գնանկման ցուցանիշն այստեղ կազմել է 7,7 տոկոս: Գնանկման ընդհանուր 2,8 տոկոսն ապահովվել է մրգի գների նվազմամբ: Ըստ պաշտոնական վիճակագիրների՝ Հայաստանում միրգն էժանացել է երկնիշ թվերով: Թե՛ տեղականը, թե՛ ներկրվողը: Այ այսպես: Ամենօրյա գնումներից հետո կարելի է զայրացած գալ տուն ու հաշվել, թե որքան ավելի վճարեցիք նախորդ օրվա համեմատ: Հաշվելուց հետո կարելի է կարդալ պաշտոնական հաղորդագրությունները գնանկումների մասին ու խաղաղվել: Վերը նշված երկար վերնագրով հաշվետվության մեջ կա մի հատված, որն արժանի է տիրաժավորել: Խոսքը «սպառողական գների հավելաճը 2000-2009թթ. փետրվարին» կոչվող հատվածի մասին է: Այստեղ ցանկացողը կարող է համոզվել, որ 2008թ. համաշխարհային ճգնաժամն անցել է Հայաստանի կողքով: 2008-ի գնային հավելաճը 3,4 տոկոս է: Այն ամենեւին համադրելի չէ նախաճգնաժամային 2001թ. հետ` 3,6 տոկոս: Կամ ռեկորդային 2005թ. հետ` 4,7 տոկոս: Եթե հիշում եք, նախաճգնաժամային այդ տարիներին մեր տնտեսությանը «կովկասյան վագր» էին անվանում ու երկնիշ աճ վերագրում: Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունն ընթերցողի մոտ կարող է նաեւ հաճելի հուշեր արթնացնել:

Ըմբոշխնեք, օրինակ, հաշվետվության եզրափակիչ նախադասությունը` «2009թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 305.43 դրամ, ինչը 1.1%-ով ցածր է 2008թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից (308.72 դրամ)»: Ինչպես ասվում էր հին ու տափակ գովազդում՝ «Միայն հաճելի հուշեր», որովհետեւ 2009-ի փետրվարին հաջորդեց մարտի 3-ը: