Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով թերեւս վերջին դատավարությունը` դատավճռի հրապարակումից առաջ: Նա երեկ նախ հայտարարել է, թե պաշտպանական ճառի կարիք չունի եւ անձամբ կընթերցի մեղադրական ճառ: Այնուհետեւ ուղիղ 2 ժամ ընթերցել է իրավական-քաղաքագիտական վերլուծություններ պարունակող իր 50 էջանոց ելույթը, որով ամբողջովին եւ վերջնականապես մերկացրել է ոչ միայն իր, այլեւ մարտի 1-ին առնչվող բոլոր քրեական գործերի, այդ թվում` «7-ի գործի»` շինծու լինելը: Իսկ իր ծավալուն ելույթը Գ. Ջհանգիրյանը եզրակացրել է հետեւյալ կերպ. «Վերը նշվածը Սահմանադրության խախտմամբ, պետական իշխանությունը յուրացնելու, ապա զավթած իշխանությունը բռնությամբ պահելու ռեժիմի պարագլուխների ապագա մեղադրական եզրակացության ֆաբուլայի համառոտագիրն է` ոսկորն ու կմախքը, որը հետագայում քննության արդյունքներով, ձեռք բերված ապացույցներով, ներգրավված մեղադրյալներով միս ու արյուն կստանա եւ կդառնա ամբողջական ու ավարտուն մեղադրական եզրակացություն: Բոլոր ճգնաժամերից առավել ՀՀ-ում արդարության ու արդարադատության ճգնաժամ է: ՀՀ-ի համար ինչքան էլ վնասակար ու ավերիչ լինի միջազգային տնտեսական ճգնաժամն ու նրա հետեւանքները, հայ մարդու որպես քրիստոնեական արժեքների հինավուրց կրողի համար հասարակական ու պետական կյանքում կարեւորագույնը արդարության պակասն է, արդարադատության բացակայությունը: Բարոյալքված ու ծախված քաղաքական, պետական ու իրավական մեր համակարգում բազմիցս արժեզրկված ընկերային ու հասարակական հարաբերություններում, հայ մարդը, ամենից առավել ու առաջ արդարություն, արդարադատություն է որոնում, սակայն չի գտնում: Ճիշտն ու հաղթողը միշտ իշխանավորն ու զոռբան է դուրս գալիս կամ էլ փողատերը: Սա է ամենից շատ փոթորկում հայի ներաշխարհը, խաթարում նրա հավատը հանդեպ մեր պետության, որպես մեր իրավունքների ու շահերի պաշտպանի: Արդարության կենսական պահանջն ու իրական կյանքում դրա փնտրտուքն է մարդկանց հանում փողոց ու հրապարակ: Եթե կուզեք՝ մնացած բոլոր ճգնաժամերի պատճառների պատճառը ՀՀ-ում արդարության ու արդարադատության ճգնաժամն է: Պարոնայք քննիչներ, դատախազներ ու դատավորներ, քաղաքական բանտարկյալ-պատանդներիս նկատմամբ արդեն մեկ տարուց ի վեր շարունակվող, Ձեր բազում անիրավությունները, մոգոնած ապացույցները, հորինած մեղադրանքներն ու պատճենահանած-հաստատած դատական ակտերն արձակված բումերանգի նման շատ շուտով վերադառնալու են, վերադառնալու են դեպի Ձեզ ու Ձեր հանցակիցները: Խորտակելու ու հիմնահատակ ավերելու են Ձեր երեւութական պատնեշներն ու ամրոցները, Ձեր կողմից այսպիսի ջանադրությամբ, ինքնազոհողությամբ պաշտպանվող Ձեր բարօրությունն ու անձեռնմխելիությունը, արժանին հատուցելով Ձեզ, Ձեր հաճկատարության, անբարո ու անաստված վարքի համար, ինչի ականատեսն ու վկան ենք, հալածյալն ու անբաստանվողը: Ձեզանից ներողամտություն չեմ հայցում: Կրած բոլոր զրկանքներից ու ունեցած կորուստներից հետո իմ ակնկալածն արդարադատություն է: Հանիրավի ամբաստանվողիս առանց որեւէ նախապայմանի արդարացումը: Հակառակ դեպքում Ձեր ոչ մի բացատրություն ու զղջում չեմ ընդունելու ոչ հիմա, ոչ հետագայում»: