Կամավոր մահվան կարծրատիպը

19/03/2009

Չափազանց քաղաքակիրթ լինելը գոյատեւման չափանիշ չէ

Քաղաքակիրթի չափազանցը լինո՞ւմ է։ Պարզվում է՝ լինում է, չնայած մեզ հասկանալի չէ։ Հռոմը չափազանց քաղաքակիրթ էր բարբարոսների նկատմամբ՝ հնարավոր է՝ դրա համար կորցրեց իր գերիշխանությունը։ Բյուզանդիան չափազանց քաղաքակիրթ էր քոչվորների նկատմամբ՝ դրա համար վերացավ։ Որքան էլ հիքսոսներին մերը համարենք, պատմագիտությանը մոտ կանգնած մարդիկ լավ գիտեն՝ որքան վայրենի էին նրանք՝ հղկված եգիպտական մշակույթի առջեւ։ Ինչպե՞ս եղավ, որ հաղթեցին։ Դրանից շատ դարեր անց հայերը անհամեմատ քաղաքակիրթ էին թուրքերի նկատմամբ, գուցե դրա համար… Առ այսօր մենք մեր առջեւ չենք դնում այն հարցը՝ ինչո՞ւ մեր կառուցած բոլոր աղոթատները չկարողացան կասեցնել նրանց պրիմիտիվ յաթաղանի առաջխաղացումը։

Նույնը եւ հասարակության ներսում։ Տեսություն կա, որ ազգերը ծնվում են, հասնում իրենց զարգացման գագաթնակետին ու այնուհետեւ ծերանում, զիջում իրենց դիրքերը կամ մահանում։ Այս տեսակետը ձեռնտու չէ մեզ, քանի որ՝ աշխարհիս ամենածեր ազգերից ենք (ի հաճույս մեր թշնամու՝ «մեռնելու թեկնածու» (հազար ներողություն օտարոտի ձեւակերպման համար)։ Եվ երկրորդ եւ ամենակարեւորը՝ սա ենթադրում է ներքին դրդապատճառներ, իսկ մենք ավելի սովոր ենք մշտապես արտաքին հանգամանքներին մեղադրել։ 21-րդ դարում ազգերն այլեւս չեն մեռնում, ընդհակառակը՝ նրանց գտնում են ջունգլիներից ու ջերմոցային-թանգարանային պայմաններ ստեղծում, որ չվերանան։ Երբեք այսպիսի հումանիստական մթնոլորտ չի եղել երկրագնդի վրա, որքան այժմ։ Ընդհանուր առմամբ։ Այսպես էր մտածում դեռ խորհրդային «լեն ու բոլ» տարիներին մեր Հրանտ Մաթեւոսյանը. «Լավը շատանում է, վատը քչանում։ Ինչո՞ւ մենք չհասանք այս օրերին»։ Գուցե դա նաեւ մեր մե՞ջ փնտրենք։ Վերջին անկախությանը, ընդհանուր առմամբ, նույն ստարտային պայմաններից ելնելով, Մերձբալթյան հանրապետությունները շատ առաջ անցան: Սխալ կլինի սա միայն արտաքին հանգամանքներով կամ էլ ղեկավարներով, առաջնորդներով, պետական կարգով բացատրել։ ՈՒրեմն ինչ-որ բան հենց իր՝ ժողովրդով էլ է պայմանավորված։

Իռացիոնալ, առասպելաբանական մտածողություն

Մեր ազգային մենթալիտետն առաջնորդվում է, այսպես կոչված, սակրալ խարիզմայով։ Նայեք հայրենիք հասկացությունը բնութագրող մեր ձեւակերպումները. սուրբ, միակ, պաշտելի, անփոխարինելի եւ այլն։ Իհարկե, սա գեղեցիկ է, ինչպես գեղեցիկ են աստվածները եւ կրոնը։ Բայց չե՞ք գտնում, որ այն զուրկ է կոնկրետ բովանդակությունից, վերացարկումով սրբագործված եւ առասպելացված է։ Համեմատելու համար բերեմ նույն հայրենիքի թյուրքական ձեւակերպումը. «Որտեղ ձիուս կճղակը դիպավ՝ այն իմ վաթանն է»։ Տեսնո՞ւմ եք՝ ինչպիսի ռացիոնալ կոնկրետիկա։ Նաեւ դրանից չէ՞ արդյոք, որ նրանց միայն մի պետությունը շուրջ 800 հազար քառ. կիլոմետր է, մերը… Չենք հասկանում, ապշած մտածում ենք՝ ինչպե՞ս տեխնիկայի ու արվեստի կատարելություն մեր հազարավոր եկեղեցիները չկանխեցին պրիմիտիվ յաթաղանի անցումը իրենց վրայով։ Բայց գործնականում դա միանգամայն պարզ ու հասկանալի է։

Խորհրդանշական պատմություն բերեմ դարձյալ Հ. Մաթեւոսյանից՝ խիստ մոտավոր շարադրանքով։ Սելջուկ, թուրք կամ թաթար-մոնղոլական նվաճող ցեղապետին ասում են, որ քո նվաճած երկրում (իհարկե՝ Հայաստանում) մի ճգնավոր-գիտնական կա, որն իր կուսակրոն կյանքում ընտանիք-երեխա, անձնական, ամեն ինչից հրաժարված, գիտությանն է նվիրվել։ Ընդունում է եւ մեծ հարգանքով լսում գիտնականին։ Ծեր ճգնավորը պատմում է, որ երկարամյա ուսումնասիրությունների ու հաշվարկների արդյունքում կարողացել է մի բարդ բանաձեւ հորինել, որի միջոցով պարզել է, որ մարդու մարմնում 5 լիտր արյուն կա։ Զորավար-ցեղապետը ոգեւորված ըմբռնումով ասում է, որ մի ժամանակ ինքն էլ էր տարվել այդ հարցով, բայց դե՝ չէր կարող ամբողջ կյանքը նվիրել դրան՝ ցեղի խնդիրներ կային։ Ուստի մի օրում կարողացավ հայտնագործել, որ դա ճշմարիտ է։

– Ինչպե՞ս,- հետաքրքրվում է ծեր գիտնականը։

– Կտրեցի 100 գերիների գլուխներ եւ համոզվեցի, որ բոլորի մոտ էլ արյունը 5 լիտրի չափ է։

Ահա այսպես գործնական։ Գուցե սա՛ է պատճառը, որ մեր աչքի առջեւ ծլած-ձեւավորված, մեր իսկ պատմական տարածքներում «օսմանլուն» այսօր 70 միլիոն է, իսկ մենք… էլի դեռ «ածու փոքր»։ Եվ այնքան փոքր, որ Խորենացու մտքով անգամ չէր անցնի այն ժամանակ, երբ հայերին փոքր էր համարում։ Թեպետ դեռ նա էր դա ամբողջ խորությամբ գիտակցում. «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ…»։

Անարդյունավետության մենթալիտետ

Չեմ կարող ժամանակակից զուգահեռներ չբերել, քանի որ նույնը կրկնվում է շարունակ։ Ո՞րն է մեր գիտության ամենաբարձր մակարդակի հասած ճյուղը։ Բոլորովին պատահական չէ, ընդհակառակը՝ խորհրդանշական է, որ 3 միլիոնանոց մեր խեղդվող հանրապետությունում աչքի ընկնող գիտություն է հատկապես աստղագիտությունը։ Ո՛չ կիրառական մաթեմատիկան, ո՛չ միջուկային ֆիզիկան, ո՛չ ինժեներական, փորձարարական, տեխնոլոգիական գիտությունները, այլ հենց՝ աստղագիտությունը։ Սովետական երկրում դա դեռ հասկանալի էր։ Իսկ այսօր նրա գոյության միակ արգումենտն է՝ «պատիվ է բերում»։ Դարձյալ սակրալ խարիզմայի ընդգծված դրսեւորում։ Մեր գերաճ արձանագրած տեսական գիտությունները համալսարանների պատերից այնկողմ հիմնականում անպիտան են։ Պատահական չէ, որ Ռուսաստանում Գիտության եւ արդյունաբերության նախարարություն է, մեզ մոտ՝ Կրթության եւ գիտության։ Մոտեցման տարբերությունը զգո՞ւմ եք՝ նրանց մոտ գիտությունը արդյունաբերության զարգացմանն է միտված, մեզ մոտ՝ կրթություն է համարվում, իսկ գիտնական էլ համարվում է դասախոսը (մենտորը), եւ ոչ՝ գյուտարարը: Այսպիսի նախարարությունն ինչպե՞ս պիտի գնահատի գիտատեխնիկական նորամուծությունը, երբ կրթությունն ինքը բնույթով պահպանողական ճյուղ է։ Այսինքն՝ ոչ թե խթան, այլ արգելակ պիտի հանդիսանա։ Էյնշտեյնը եթե իր դոկտորականը մեր Բարձրագույն որակավորման խորհրդին ներկայացներ պաշտպանության, 100 տոկոսով չէր հաստատվի՝ ոչ ծավալն էր համապատասխան, ո՛չ ավտոռեֆերատն էր պարտադիր շաբլոնով կառուցված, ինչը մեզ մոտ գիտական թեզերի պաշտպանության հիմնական չափանիշներն են։ Հաստա՛տ հետ կուղարկվեր, պարզ բան է։ Մեր մեխանիկայի պրոֆեսորը բավարար աշխատավարձ չի ստանում, սակայն «ձեռքի հետ», փոխարենը ավտովերանորոգման ժամանակակից արհեստանոց պահելուն՝ գերադասում է «ձեռքի հետ» ուսանողներից կաշառք վերցնելը՝ ինքը Կրթության, եւ ոչ թե Արդյունաբերության նախարարության կադր է։ Համակա՛րգն է թելադրում։

Արդյունքում՝ «զարգացած գիտության երկիր» Հայաստանս, այնուամենայնիվ, լուցկի անգամ չի արտադրում ինքնուրույն։ Ներողություն, զուգարանի թուղթն էլ ՈՒկրաինայից ենք ներմուծում։ Որովհետեւ դրանք «ժողովրդին կրթելու հետ առնչություն չունեն»։ Պետությունն էլ տեխնիկական բնագավառում դառնում է «դզող-փչողների» ու ավտոլվացողների, լավագույն դեպքում՝ «մարշրուտկի գիծ աշխատեցնողների» պետություն։ Դե, եկեք ու համոզեք ինձ, որ նանոտեխնոլոգիաները մեր երկրում ապագա ունեն, երբ միջուկային ֆիզիկան, գենետիկան, կիբեռնետիկան կոպեկի օգուտ չբերեցին նախորդ տասնամյակներում եւ այսօր էլ զբաղված են փող մուրալով։ Ինչքա՞ն փող է պետք նանոտեխնոլոգիաներ մշակելու համար, մեր պետական բյուջեն կբավարարի՞։՝ Դրա մասին խոսե՞լ են այս առաջարկը նախագահին ներկայացնողները։

Երբ մի անգամ հեղինակավոր բժշկագետներից մեկին հարցրեցինք՝ 4 քիմիական ինստիտուտ ունենք՝ ինչո՞ւ ենք ամենապարզ դեղերը Բուլղարիայից կամ Լեհաստանից ներմուծում, նա պրոֆեսիոնալ քաջատեղյակությամբ պատասխանեց՝ գիտե՞ք՝ ինչքան դժվար է դեղահաբ արտադրելը։ Իսկ ի՞նչն է հեշտ՝ արտագաղթե՞լը։ Թե՞ դաշտում խոտ հնձելը (հարցրո՛ւ դարձյալ Հ. Մաթեւոսյանին)։ Հենց նշածս բժշկապետը իր կարողությունը կուտակել էր դեղերի ներկրմամբ։ Ո՛չ դրանց արտադրության կազմակերպմամբ։ Իսկ գիտության ասպարեզում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ պրակտիկ հակումներով երիտասարդները մեր գիտության մեջ զարգանալու հեռանկար էլ չունեն՝ նրանց 2-րդ կարգի են համարում մեզ մոտ՝ «ֆունդամենտալների» համեմատ-«մասնագետ», եւ ոչ՝ «գիտնական»։ Այ սա արդեն վտանգավոր է եւ միջամտության շտապ կարիք ունի։

Նույն ոլորտի, բայց բոլորովին այլ կտրվածքի հարց է՝ ո՞վ է մեղավոր մեզ մոտ ստեղծված այն վիճակի համար, երբ բարգավաճում են հիմնականում թերուսները։ Մարդիկ հիվանդանոցներում էլի վճարում են, որ փողով ավարտած ու փողով գործի ընդունված բժշկի դիպլոմով հարուստ ու անբարոյական համբակը չվիրահատի իրենց։ Իսկ ֆինանսների պակասության պատճառով ասպիրանտուրան թողած հեռանկարային երիտասարդ մասնագետը գիշերային հերթապահ դեղատանը «պրեզերվատիվ» վաճառելով է ընտանիք պահում…

Արտադրություն, մանավանդ՝ արդյունաբերություն չի մնացել, բայց սնկի նման աճել են կուսակցություններն ու ԶԼՄ-ները, իսկ նրանց կերակրել է պետք։ Նշե՛ք մի կուսակցություն, որը գոյատեւում է իր անդամների անդամավճարով, կամ լրատվամիջոց, որ ծախսերը փակում է տպաքանակի իրացումով։ Բայց ամենասարսափելին այն է, որ այս աննախանձելի դրության վերաբերյալ չինովնիկի կատարած միակ եզրակացությունն է լինում՝ փակել։ Բնականաբար, քանի որ նյութական միջոցներն էլ (թե՛ պետական, թե՛ անձնական-ստվերային) իր ձեռքում են, այսպիսի գաղափարախոսությամբ նա պետք է ընտրի եւ ֆինանսավորի հատկապես անողնաշարավորներին, պարազիտներին։ Սա կյանքի, պետականության զարգացո՞ւմ է, թե՞ մահվան գործընթաց։

Կոմպլեքսավորված հասարակություն

Ասում են՝ ստեղծագործողը, մտավորականը պիտի ընդդիմադիր լինի։ Ընդհանրապես դրական թեզ է։ Բայց պետք է պատկերացնել, այնպիսի ընդդիմադիր, ինչպես՝ Սոկրատը, Բայրոնը, Տոլստոյը, Մարկ Տվենը, Բրեխտը եւ այլք։ Գաղափարակա՛ն։ Իսկ մեզ մոտ հակառակն է՝ գերակշռում են այնպիսիք, որ համոզմունքներ չունենալով, տեսակետներ չունենալով, չիմանալով ինչը որտեղ է՝ սկսում են քննադատություն խաղալ, որ համոզեն, թե իրենք գրող են, արվեստագետ, առավել եւս՝ մտավորական։ Ինձ ամենեւին չեն ոգեւորում ռուս պրոլետարական հեղափոխության դեմոնական առաջնորդի ցինիկ խոսքերը՝ «Մտավորականը ազգի ոչ թե ուղեղն է, այլ արտաթորանքը», դա թող իր ազգին վերաբերի։ Սակայն խիստ մտահոգ եմ՝ ինչո՞ւ էր մեր Ռուբեն Սեւակը դեռ 100 տարի առաջ գրում. «Ձուկն իր գլուխեն կը հոտի, ազգն իր մտավորականեն»։ Այսօր կան մի քանի վաստակաշատները, սակայն հիմնականում ետին պլան քաշված ու ընկճված, որոնց հեղինակությունը քիչ դեր է խաղում հասարակական գործընթացներում։ Իսկ մեջտեղում են այս խավի տհաճ ակտիվիստները, որոնք մի ժամանակ կոմունիստ էին, հետո՝ ՀՀՇ-ական, երեկ՝ Երկրապահ, այսօր՝ հանրապետական, վաղը՝ չգիտես ինչ, ավելի ճիշտ՝ ինչ ուզես։

Այսօր անկախությունը նույն մտածողության տեր, իսկ հաճախ հենց նույն մարդիկ դարձրել են դրոշակ այնպես, ինչպես ժամանակին սոցիալիստական ինտերնացիոնալիզմն էր կարիերայի ճանապարհ։ Անկախությունը գերագույն նվաճում ենք հայտարարել ու ձեռքներս ծալում, հանգստացած նստում, սեփական հոգսերով ենք զբաղվում։ Ըստ ձեւակերպումների՝ այսօր նույնպես եւ նույնքան անկախ են այնպիսի երկրներ, ինչպես Սվազիլենդը, Լեսոթոն, Վանուատուն, Կիրիբատին… լսած կա՞ք։ Չենք գիտակցում, որ կարեւորը ներքին անկախությունն է, ներքին ազատությունը, որին չենք կարողանում մոտենալ անգամ միջազգայնորեն անկախ ճանաչված երկիր եւ սահմանադրություն ձեռք բերելով։ Զարմանալիորեն, անկախությունը ազատություն տվեց եւ զարգացրեց մեր մեջ 70 (իսկ գուցե 700 եւ ավելի) տարի կուտակված ստրուկի, շողոքորթի, գողի, հարստահարիչի, ճարպկորդու հոգեբանությունը։

Ողորմելի մարդիկ, որոնց ո՛չ ընտանիք, ո՛չ շրջապատ, ոչ ոք բանի տեղ չի դնում, աշխատանքից բազմիցս դուրս են արել, ըստ էության մեկուսացված են հասարակությունից, անհաջողակ, անընդունակ հասարակական արտադրության մեջ տեղ զբաղեցնելու, սրանք՝ իրենց անձնական կոմպլեքսները հաղթահարած լինելու, բնական չբավարարվող ամբիցիաները հագեցնելու համար՝ ամբողջ ատելությամբ հայհոյում են աջուձախ, եւ առաջին հերթին՝ իշխանությանը։ Սա էթիկայի յուրահատուկ կանոն է դարձել։

ՈՒմ ասպարեզ են տալիս՝ իր թերարժեքությունը մոռանալու համար առաջին հերթին բռնանալու տարբերակների մասին է մտածում՝ սկսած գեներալներից ու գողական հեղինակություններից, վերջացրած էկոլոգներով ու լեզվի տեսչությամբ։ Ով մի վարձու «օֆիս» է ձեռք գցում, առավել եւս՝ պետական պաշտոն, նստում է աթոռին ու ասպարեզում մի կոնկրետ գործ անելու փոխարեն՝ սկսում է մտածել՝ հասարակության ի՞նչ շերտ գտնի, որ ենթակա է իր բռնությանը, ո՞ւմ ճնշի՝ ինքնահաստատվելու համար։ Նույնիսկ ողորմություն հավաքողի եմ հանդիպել, որ իշխանական տոնով վրադ գոռում է՝ էս ի՞նչ ես տալիս։ Բոլորը պահանջատեր են։ ՈՒ բոլորն իրենց պարտական են։ Ստեղծում ենք մշակույթի հանձնաժողով, որ դեռ ոչինչ չստեղծած՝ արդեն հրահանգներ է տալիս առանձին մշակույթի ուղղություններ արգելելու մասին։ Պաշտոն է ստանում տեղեկատվությանը աջակցելու խոստումով՝ առաջին իսկ ելույթներից պարզվում է՝ նա իր առաջնային կոչումը առանձին հաղորդումներ արգելելն է համարում։ Ասում են՝ «իմիջով» ենք զբաղվում, նայում ես՝ ամբողջ արածը «սեւ PR» է՝ ուղղված ուրիշներին վարկաբեկելուն։

«Շրջված» հասկացություններ

Մեզ մոտ հասկացությունների բովանդակության հետեւողական շրջում է տեղի ունենում։ Քաղաքակրթությանը նմանվում ենք ձեւով, ոչ բովանդակությամբ։ Ընտրությունների ձեւ ենք անում՝ դրանց կոչումը նշանակություն չունի ու չենք էլ հասկանում։ Կարեւորը՝ անձնական արդյունքը, այն էլ՝ շախմատի մի քայլի հաշվարկով։ Մեկ էլ՝ որ «դրսիններից» հնարավորինս թաքցնենք։ Այդպես չէ՞։ Լավ, չմտնենք քաղաքականություն։ Փողոցում նայում ես՝ գեղեցկուհի, եվրոպական վերջին նորաձեւությամբ հագնված։ Բերանը բացում է՝ ապե, էթա՞նք մեր յան։ Բա լսած երաժշտությունը, նայած ֆիլմերը (կարդալու մասին ավելորդ է՝ անհնար բան)։ Լսած չկա՞ք՝ «Մտա ընենց կուլտուրական խոսեցի՝ աչքները պլշած մնացին»։ Ամբողջովին ձեւ է, իսկ բովանդակությունը՝ սարսափելի ճղճիմ։

Ինչ ասես, երբ մեզ մոտ հերթով, հետեւողականորեն վարկաբեկում ենք աշխարհի բոլոր անկյուններում դրական համարվող համընդհանուր ընդունված հասկացությունները։ «Արհեստավարժ»՝ մեզ մոտ բացասական ու ձեռառնելու նշանակություն է ստացել, «պատասխանատու», «ըմբռնում», «էլիտար»՝ նույնը։ Հարուստ լինելը նույնացվում է հանցագործության հետ։ Շինարարությունը, ժամանակակից շենքերը, նույնիսկ՝ ճանապարհների վերանորոգումը՝ մեզ մոտ մշտական քննադատության ու մերժման առարկա է։ 9 բալանոց սեյսմակայունությամբ շենքեր են առաջին անգամ կառուցվում Հայաստանում, քանի որ մեր ունեցածից լավն է, ասում ենք՝ կփլվի։ Մահվան հոգեբանություն։ Մամուլում ուրախանում ենք միայն վատ բաներով՝ սրան լավ վարկաբեկեցին, սա վատն է եւ այլն։ Միայն այդպիսի թերթերն են վաճառվում։ Նոր տերմին է լայն տարածում ստացել լրագրողների շրջապատում՝ «մորթեցի»։ Ծագում է սեփական անզորության, չնչինության թաքնված կոմպլեքսավորությունից եւ կործանարար ագրեսիվ ձգտումների ուղղակի արտացոլումն է։ Պատկերացրեք, եթե այս կուլտուրայի կրողի ձեռքին գրիչի փոխարեն յաթաղան լիներ…

Մտածողության փոխարեն` կարծրատիպեր

Մեր մտածողության մեջ իրական գաղափարներին ինտենսիվորեն փոխարինում են կարծրատիպերը: Կարծրատիպ է ոչ թե այն, որ ինչ-որ մեկն ինչ-որ գաղափար է արտահայտում, այլ՝ երբ բոլորը ուղեղները անջատած հետեւում են գաղափարին՝ հմայված, հիպնոսացած, անքննադատ, առանց մտածելու։ Դա կարող է ճիշտ լինել, կարող է՝ սխալ, սակայն այն արդեն դատողությունից դուրս է, թեկուզ վնաս բերի կամ նույնիսկ տանի կործանման։ Դրանք կարող են հաճախ որեւէ կապ չունենալ իրականության հետ կամ ուղղակի հակառակը նշանակել։ Սակայն դրանք մտածողության մեջ ու վարքագծում գերազանցում են իրականությանը։ Այսպիսի մտածողությունը մեր ոլորտում հատկապես տարածված է միջակից ցածր հատվածում գտնվող լրագրողների շրջանում, որոնց մոտ քննական մոտեցումները ստորադասված են զգացմունքայիններին։ Հեշտ է՝ քո փոխարեն արդեն որոշել են։ Դատողությունը կարծրատիպերով փոխարինելը նույնպես մեռնող հասարակության հատկանշական խորհրդանիշերից է։

Կարծրատիպերով առաջնորդվելը շատ վտանգավոր հետեւանքներ է ունենում ժողովրդի համար։ Հայտնի է՝ Ստալինը ժողովրդին ղեկավարում էր կարծրատիպեր ստեղծելով։ Նույնը այսօր Հյուսիսային Կորեայում է։ Դա տանում է ժողովրդի բթացման, նրա ինքնուրույն ստեղծագործական ուժի քայքայման, հասկացությունների շրջման եւ այլասերման։ Ընդ որում, սեփական կարծրատիպեր են ստեղծում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Բերենք մի քանի օրինակ, որոնց անվերապահ չընդունելը, դրանց շուրջ դատողություններ անել փորձելը մահացու մեղք են համարվում։ Կարծրատիպ 1. ընդդիմությունը միշտ ճիշտ է։ Կարծրատիպ 2. էկոլոգները միշտ ճիշտ են։ Կարծրատիպ 3. լաց լինողը միշտ ճիշտ է։ Եվ այսպես շարունակ։

Սխալները այս ոլորտներում չեն քննադատվում, չափազանցումները եւ ուղղակի սուտը՝ հեշտությամբ հանդուրժվում, հակաճառողները՝ հետեւողականորեն վարկաբեկվում, պիտակավորվում, «ոչնչացվում են»։

Վերածվելով սեւեռուն մտքերի, սրանք ի վիճակի են վնասակար դարձնել անգամ ամենալուսավոր գաղափարները։ Ամենաարտահայտիչ օրինակը բնապահպանական շարժումն էր 88-90 թվականներին։ Հասան նրան, որ փակեցին «Նաիրիտն» ու ատոմակայանը այնպես, որ առաջինն այլեւս ոտքի չկանգնեց, երկրորդը ամենածանր շրջանում խլեց պետության հիմնական միջոցները՝ վերագործարկվելու համար։ Այսօր ոչ ոք չի ասում՝ որն էր «մութ ու ցուրտ տարիների» իսկական պատճառը։ Իսկ երբ նույն այդ բարձրագոչ գործիչներին պաշտոնների էին նշանակում` որպես կանոն, տապալում էին ոլորտը։

Էկոլոգների երկնագույն երազանքն է, որ վերջնականապես փակվի հանքարդյունաբերությունը (ինչի համար պայքարում են իրենց ստեղծման օրից), իսկ Ալավերդու գործազուրկ ժողովրդին առաջարկում են կերակրվել Թեղուտի անտառի մոշով եւ վայրի տանձով։ ՈՒնենալով բավականին փթթուն եւ պարարտ տեսք (մեծ մասամբ՝ ստացվող միջազգային գրանտների շնորհիվ), նրանք շարունակ հայտարարում են, որ օդ չունեն շնչելու, չնայած գործարանների փակումով վերացել են աղտոտման գերակա աղբյուրները։ Եվ հաստա՛տ համոզված են, որ Հայաստանից արտագաղթի պատճառը մեր անտառներում վարազների գլխաքանակի պակասելու հետեւանքն է։ Եվ այս միտումը միշտ համակիրներ է շահում հանրության մեջ, որովհետեւ չափազանցելով իր հիմքում ընկած առողջ պահպանողականությունը, այն ժողովրդի ներսում թաքնված չկամության, խափանարարության, իշխանատենչության, իր կամքը պարտադրելու, եթե ուզում եք՝ փոքր մարդու արժեւորման ներքին խթանների այլակերպված դրսեւորումն է դարձել, աննկատելիորեն շեղվելով ազգին ծառայելու իր սկզբնական կոչումից կամ առնվազն դրան դեմագոգիկ բնույթ հաղորդելով։

Կառավարման ողբերգություն

Այս պայմաններում մեր ժողովրդի կառավարումը դարձել է սոսկալի դժվար։ Հարմարվելով մտածողության իշխող ստերեոտիպերին՝ ձեւականին ես ստիպված լինում երկար ուշադրություն հատկացնել, ավելի շուտ՝ այն կառավարիչն է ապագա ունենում, որը ձեւամոլ է, շողոքորթ, դեմագոգ։ Շենքեր կառուցելու տեղ ծառ տնկեք՝ տեսեք պատիվներդ որքան բարձր կլինի… Վաղուց է ասվել՝ հաց եւ կատակերգություններ։ Խնդրե՛մ ձեզ՝ կառավարման կանոնը։ Չնայած չեմ կարծում, թե որեւէ բան այսօր մեզ ի վիճակի է բավարարել, երբ նույնիսկ լավն ու վատը չենք կարող ջոկել, ասենք, ժամանակակից առեւտրի կենտրոնին նախընտրում ենք Ֆիրդուսնոցը։ ՈՒ ատամներով պաշտպանում ենք՝ հանկա՛րծ չբարեկարգեն այդ առնետանոցը քաղաքի կենտրոնում։

Անտրամաբանականություն. տրամաբանության հետեւողականության իսպառ բացակայություն։ Ասում են՝ պետական աշխատողների, պատգամավորների աշխատավարձը ինչու է բարձր։ Իջեցնես՝ սկսում են կաշառք վերցնել կամ գողություն անել (ծայրահեղ դեպքում՝ բիզնեսներ պահել, որ մեզ մոտ մահացու հանցանք է)։ Պրոֆեսիոնալ պատգամավորը ռեկետ է պետության գլխին՝ կառավարությունից «նալոգ» կամ «փայ» է ուզում։ Հիմա էլ Երեւանի ավագանի են նստեցնում ժողովրդի հյուծված ուսերին՝ 65 ախորժակավոր պաշտոնյա, որ նաեւ իրենց կուսակցություններին պիտի պահեն։ Անելիքը ո՞րն է` դժվար է պատկերացնել, բայց ինչ ակնկալիքներով են գալիս՝ ակնհայտ է։

Հարցնես՝ ինչպե՞ս վարվել, «հանճարեղ» պատասխան են տալիս՝ ազնիվներին նշանակիր աշխատանքի։ Սա պաշտոնական, հաստիքացուցակային տերմին չէ, ազնվությունը ճակատին գրված չէ։ Փնտրում ես, փնտրում, ու պարզվում է, որ Ազնիվը բարեկամիդ աղջիկն է։ Ո՞րն է չափանիշը՝ այսինչ-այնինչ կուսակցության անդամ լինե՞լը, մեդալնե՞րը, դիպլո՞մը, թե՞ միտինգում կանգնելը։ Եվ եթե հանկարծ դրանցից մեկը չափանիշ ընտրես՝ բոլորը լցվում են այնտեղ՝ հենց որ իմացան։ Մի ժամանակ հոտոտել էին, որ նախագահի մասին գիրք գրելն է հեռանկարային, այսօր՝ սերիալները քննադատելը։ Դե արի որոշիր՝ իշխանամետ Լֆի՞կն է ավելի ազնիվ, թե՞ ընդդիմադիր Լեդին։ Իրականությունն այն է, որ երկուսն էլ նույն… բանն են։ Ասում ես՝ էսինչը մականուն չունի՝ ամբողջ ազգի ինտերնետը լցնում են մականուններով։ Դեռ լավ պրծանք՝ հիշեք, դարձյալ պատմությունից՝ բարենորոգիչ Պապ թագավորին ինչ արատներ էին կպցնում մեր քրիստոնյա պատմիչները։ Կամ ինչ արեցին Արշակ Երկրորդի հետ։ Որ ոլորտում որ շարժ կա՝ պետք է ազգովի համախմբվեն, գլուխն ուտեն կամ գոնե վարկաբեկեն։ Կարծես միտումնավոր ստեղծում ենք պայմաններ, որոնցում չենք կարողանում ո՛չ ապրել, ո՛չ աշխատել, ո՛չ զարգանալ։ Խառնում ենք կարեւորն ու անկարեւորը, արվածը չենք տեսնում կամ զրպարտում ենք, բայց պահանջները միշտ մակարդակի վրա են։ Եվ ամենակարեւորը՝ ջնջում ենք կառավարման չափանիշները։

Իշխանությունը ընկալում ենք տեղական քյոխվայի ու դրսի խանի, սատրապի, նամեստնիկի տիրույթում։ Ժողովրդավարություն ենք պահանջում, բայց հոգու խորքում միայն բռնապետին ենք պատրաստ ենթարկվել։ Եթե քո միջից է, մի քիչ քեզ հավասար է պահում՝ անպայման կստորացնեն, կհեգնեն, կոչնչացնեն։ Ու հաջորդի գալուց անմիջապես հետո կսկսեն նախորդի մասին լալ։ Գնա մեռի՝ արի սիրեմ. մե՛ր ասացվածքն է։

Եվ ինչպե՞ս կառավարել մի ժողովրդի, որն ինքը չի ուզում կառավարվել։ Եվ յուրաքանչյուրը համոզված է, որ ինքը բոլորից ճիշտն է, չնայած որ քննես՝ իր դավանած գաղափարները հիմնականում պարզունակ են եւ անտրամաբանական, մղումները՝ միայն էգոիստական։

Օրվա կտրվածքով

Դարձյալ քաղաքական եռուզեռի մեջ ենք, քանի որ մեզ մոտ ամեն ինչ քաղաքականացվում է։ Փորձագետները քննարկում են՝ եթե Երեւանի քաղաքապետ ընտրվեց անհաշտ ընդդիմադիրը, ինչպե՞ս են նրանք համատեղվելու։ Հակառակորդ կառավարությունն ինչպե՞ս է ֆինանսավորելու այս մեծ հատվածը։ Առաջ ասում էին՝ որ 100 տոկոս ձայն էլ հավաքի՝ չի անցնի։ Այլ կերպ էլ էր նույն միտքը ձեւակերպվում 95-ին՝ «Եթե այդ փաստը վնաս է պետականությանը, ուրեմն այդ փաստը չպիտի կայանա»…

Բայց այսօր ժամանակներն ուրիշ են, ամբողջ աշխարհը նստած է մեր կրնկին։ Ի՞նչ կլինի «հակառակ պարագայում», որքա՞ն եւ ինչպե՞ս կգոյատեւի այդ երկիշխանությունը, եւ ի՞նչ ազդեցություն կունենա պետության վրա։ Ոչ վաղ անցյալի օրինակը աչքի առջեւ է՝ Ելցինը վերցրեց մեծ պետության միջուկը, թե՝ իրար չի խանգարի։ Եվ գերագույն նախագահը մնաց օդից կախված։ Արդյունքում փլուզվեց մի մեծ համակարգ։ Ի՞նչ կմնա տակը, եթե փլուզվի մեր փոքրիկ համակարգը…։ Տակը բան կմնա՞… Ի՞նչ անենք, որ մեզ վերջապես չասեն՝ «Դուք քիչ եք, բայց էդ էլ ձեզ շատ է»։

Անշուշտ, պատասխանը կա։ Ցավալին այն է, որ անդունդի երկու եզրերի՛ն կանգնած բանակները տարբեր կերպ են ընկալում այդ պատասխանը։ Եվ արդյո՞ք երկուսն էլ պատրաստ են ընդունել ժողովրդի ընտրությունը՝ եթե այն իրենց օգտին չլինի։ Հավասարության նշան չի կարելի դնել, ոչ էլ կողմերից մեկին զիջման կոչել։ Ինչպե՞ս պիտի լուծվի այս դրության մեջ Մեծ բանաստեղծի պատգամը ժողովրդին. «Քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։

Մխիթարենք մեզ, որ հակադրությունների պայքարից ի վերջո լույս էլ է բացվում։ Վախենալու բան չկա՞։ Գուցե՝ ինչ որ լինելու է՝ թող լինի՞։

Իսկ կողմնորոշումներն, իհարկե, չափազանց քաղաքականացված են։ Մի մասը՝ 5, 10, թող լինի՝ 100 հազար, գտնում է, որ փոփոխությունը դրական կազդի երկրում թերությունները շտկելու վրա։ Դրանց մեջ շատերի ազդակն այն է, որ այդ դեպքում իրենց «գործն» էլ լավ կդասավորվի։ Մի 5-10 հազարն էլ, թող լինի՝ 100 հազար, գտնում է, որ ձեռքբերածը պահել ու նույն ճանապարհով զարգացնելն է ճիշտ՝ նոր, «սոված» զանգվածի իշխանության գալուն ժողովուրդը չի դիմանա։ Սրանց մեջ էլ շատերին հուզում է իրենց ունեցած դիրքն ու պաշտոնը պահելու գաղափարը։ Սակայն քաղաքականացված այս խմբավորումները բոլորովին հաշվի չեն նստում, որ մնացած մի երկու միլիոնին հետաքրքրում է միայն մոտավորապես սպորտային ազարտը՝ ոնց իրար կջարդեն, ոնց կտապալեն, ոնց գահընկեց կանեն։ Դարձյալ հայտնի գաղափարը՝ «Հաց եւ տեսարաններ»։

Մարդիկ տարված են սպորտային էնտուզիազմով՝ կարծես այստեղ իրե՛նց ճակատագրի հարցը չի լուծվում… Ունե՞նք անհրաժեշտ պատասխանատվության զգացումը։ Թե՞, ինչպես նշեցինք, պատասխանատվությունը մեզ մոտ վերջնականապես մերժված կատեգորիա է, հեգնանքի առարկա։ Այլապես չէր մանրվի 5 հազարանոցներով։

ՈՒ նաեւ՝ երկակի պատասխանատվություն կարո՞ղ է լինել մի ժողովրդի մոտ, որ ուզում է ապրել դարերի մեջ։

Այսպիսի պահերին է որոշվում։ Ես դրա պատասխանը չունեմ։ Պատասխանը պատմությունն է տալիս, որը, ցավոք, անշրջելի է, ինչպես գիտենք։

Վերջաբանի փոխարեն

Սեփական հայրենասիրության մասին բաց խոսելը մոդա է մեզ մոտ դեռ 19-րդ դարից ու հատկապես կոմունիստների իշխանության ժամանակներից՝ երբ այն վերջնականապես իմաստազրկվեց ու դեմագոգիայի վերածվեց։ Դրանից առաջ հայրենասիրությունը վերագրվում էր պետության ղեկավարներին եւ խոշոր դեմքերին, որոնք զոհաբերում էին իրենց այդ գաղափարի համար։ Հետո, երբ այն «դեմոկրատացավ» եւ «պրեստիժի» չափանիշի վերածվեց, սկսեց հաճախ ծառայել նաեւ որպես «ստահակների վերջին հանգրվան»։ Ինչպես բռնաբարման մեղադրանքով երկրից փախածը իրեն «քաղաքական վտարանդի» է հռչակում։ Հիմա կարծրատիպ է դարձել՝ եթե ժողովրդիդ մասին ես խոսում՝ կամ լավը, կամ ոչինչ։ Չէ, կարծեմ՝ ուրիշ դեպքում էին սա օգտագործում։ Միեւնույն է՝ մեզ վրա հարձակվողների, մեզ «ոչնչացնողների» պակաս չի զգացվելու։ «Հայրենասիրական դիրքերից»։ Ազգային վերելքի ձեւավորման շրջանում ռուսները մի հետաքրքիր մտածող ունեին՝ Չաադաեւ, որին բոլորը չէին սիրում, հետապնդում էին, հալածում, պաշտոնապես արգելել էին տպագրվել։ Խելագար էին հռչակել՝ ինչպե՞ս կարելի է սիրելի, պաշտելի, անփոխարինելի, միակ ազգի թերությունների մասին խոսել։

Միայն մահվանից հետո պարզվեց, որ նա, այնուամենայնիվ, իր ժողովրդի իսկական հայրենասերներից մեկն էր։ Նրա խոսքերը մտքիցս երբեք չեն գնում. «Ես չսովորեցի հայրենիքս սիրել գոց աչքով, խոնարհած գլխով, փակ բերանով»:

Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ