Մարդիկ, ովքեր արձագանքում են ուրիշի ցավին

19/03/2009

«168 Ժամ» թերթում հրապարակված սոցիալական հրապարակումներն ինչպես միշտ մեր ընթերցողների կողմից անսպասելի արձագանքի են արժանանում:

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված` «Որդի՛ս, ես սիրում եմ քեզ» հրապարակումը «ցրված սկլերոզ» հիվանդությամբ տառապող հաշմանդամ Վահեի մասին էր, որին օգնելու ցանկություն հայտնեցին մեծ թվով մարդիկ: Հրապարակմանը նախ անմիջապես արձագանքեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանը եւ Վահեի ընտանիքին օգնելու պատրաստակամություն հայտնեց: Վահեի մայրը` տիկին Սուսաննան, այնքան ցնցված էր Ա. Պետրոսյանի վերաբերմունքից, որ մեզ փոխանցեց` «Մարտի 8-ի հետ համընկավ պրն Պետրոսյանի կողմից ուղարկված մարդկանց այցը: Նա նույնիսկ ինձ ծաղկեփունջ էր ուղարկել: Գիտե՞ք քանի տարի է, որ ես չգիտեմ, թե ինչ բան է Մարտի 8-ը, ծաղիկը… Պրն Պետրոսյանը Վահեի համար մեծ քանակությամբ տակդիրներ եւ գումար էր ուղարկել: Նա մեզ առաջարկեց ցանկացած խնդիր ունենալու դեպքում դիմել իրեն: Ասաց, եթե Վահեին տեղափոխելու հարց լինի` անմիջապես մեքենա կուղարկի: Մի խոսքով` ես ապշած եմ…»: Բացի Ա. Պետրոսյանից՝ Վահեի ընտանիքին ձեռք մեկնեցին բազմաթիվ մարդիկ, ովքեր չցանկացան իրենց անունը նշել եւ խնդրեցին թերթում չհրապարակել իրենց կատարած «բարեգործության» մասին: Ոմանք էլ գալիս էին խմբագրություն եւ ծրարով գումար հանձնելով՝ խնդրում էին փոխանցել Վահեի մորը:

«168 Ժամում» տպագրված մեկ այլ` «Սուրենի կյանքն արժե մեկուկես միլիոն դրամ» հրապարակումը նույնպես մեծ արձագանք ունեցավ: Հիշեցնենք, որ հրապարակումը Վարդենիսի բնակիչ 24-ամյա Սուրենի մասին էր, որի մոտ բժիշկները հայտնաբերել էին միջնապատային նախասրտի դեֆեկտ: Հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդին անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն, որի արժեքը կազմում էր 1մլն 500.000 դրամ: Սուրենը մոր` տիկին Զեփյուռի հետ եկել էր խմբագրություն` խնդրելու միջամտել այս հարցում: Հրապարակմանն անմիջապես արձագանքեց մեր մտավորական պաշտոնյաներից մեկն, ով խնդրեց անունը չհրապարակել եւ պատրաստակամություն հայտնեց վիրահատության գումարը տալ: Մինչ այդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող ՀՀ Առողջապահության նախարար (ԱՆ) Հարություն Քուշկյանը եւ ԱՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանը մեզ տեղեկացրել էին, որ 300.000 դրամ էլ նախարարությունը կհատկացնի Սուրենի վիրահատությանը: Այսպիսով, մտավորական բարձրաստիճան պաշտոնյան Սուրենի վիրահատության համար տրամադրեց 1մլն 200.000 դրամ: 24-ամյա երիտասարդը մի քանի օրից կվիրահատվի: Ի դեպ, եւս մեկ քաղաքացի զանգահարելով խմբագրություն՝ ասաց, որ պատրաստ է 1մլն 500.000 դրամն անմիջապես փոխանցել հիվանդանոցին, սակայն քանի որ վիրահատության հարցը լուծվել էր` մենք նրան առաջարկեցինք Սուրենին օգնել ետվիրահատական շրջանում: