«Վա՞յ… աղջիկ ջան, դու որտեղի՞ց իմացար, որ ստեղ մարդիկ են ապրում: Ո՞նց ես գտել մեզ»,- հարցնում է «մարդ» տեսած շների վայրահաչոցից դուրս եկած ցեխոտ «կալոշներով» կինն ու քարացած նայում է ուղիղ աչքերիս մեջ: Ասում եմ` «Պատահաբար…»: Սարի գագաթին տեղակայված խրճիթի բնակիչը պլշած, տարօրինակ մեկ նայում է ինձ, մեկ էլ` ինձ ուղեկցող ցեխակորույս մեքենային: Ասում է` «Աղջիկ ջան, էս մեքենայով ո՞նց եք բարձրացել, ո՞նց եք հետ գնալու: Շատ վտանգավոր ա, լավ ա` շուռ չեք եկել: Էս եղանակին մեքենաները ցեխի մեջ խրվում են, չեն կարողանում էս տարածք բարձրանան: Վախենամ, որ չկարենաք իջնեք»: Կնոջ տագնապ առաջացնող խոսքերն իմ մեջ աստիճանաբար արթնացնում են այն վախը, որն անգիտակցաբար հաղթահարել եմ մեր քաղաքի անմարդաբնակ, անշունչ այս տարածք ոտք դնելու ճանապարհին: Ու որքան խոսում է` այնքան արագ ուզում եմ ետ վերադառնալ: Բայց հետդարձն ավելի վախենալու է. «Զարմանում եմ, թե ո՞նց ա մեքենան բարձրացել, բայց հետ գնալուց պիտի խաչակնքվելով իջնեք»,- մեզ զգուշացնում են: Այդ կինը Ամալյա Կեսոյանն է, ով այդ տարածքում լրագրողի հայտնվելը համարում է ոչ թե օրինաչափություն, այլ Աստծո կամք, քանի որ ուղիղ 10 տարի այնտեղ անծանոթ մարդ չի եկել: Տիկին Ամալյան իր տուն հրավիրելուց առաջ առաջարկում է սպասել, մինչեւ ինձ համար ռեզինե «կալոշ» կբերի: «Վայ, չէ…»,- ասում եմ «կալոշ» հագնելու հեռանկարից «խրտնած»: Ասում է` «Ո՞նց չէ, հետո պիտի քաղաք գնաք, չէ՞: Ուրիշ ձեւ չկա, խրվելու եք մինչեւ տուն հասնեք»: Հարցնում եմ` «Ինչի՞, էս տարածքը քաղաքի մեջ չի՞, գյո՞ւղ է»: Տիկին Ամալյան հեգնում է` «Քաղաքի մեջ ա, բայց կղզի ա, մեր տեղը ոչ ոք չգիտի: Ռոբինզոնի պես ենք ապրում»: Քաղաքի մեջ գտնվող այս կղզին իրականում գտնվում է Էրեբունի համայնքի վարչական տարածքում, որը, սակայն, սարերի առկայության, կավահող տարածության պատճառով անապատի տպավորություն է թողնում: Մարդիկ այստեղ ապրում են վայրի ցեղերի կենսակերպով, ու այս բնակլիմայական պայմաններում տարածքը մասնավորապես հարմարավետ է կարիճների ու օձերի համար: «Գյուրզա էլ ենք սպանել, թունավոր կարիճ էլ: Սովորել ենք…,- ասում է տիկին Ամալյան, ով չի հավատում իմ այն հորդորներին, որ պատահաբար եմ իրենց գտել, որովհետեւ պատահաբար այս տարածք ոտք չեն դնում,- Աստված ա քեզ ուղարկել, աղջիկ ջան»: Անհասցե, անանուն այս թաղամասում ծնված տիկին Ամալյայի թոռնիկը` Լաուրան, վեց տարեկան է եւ, արդեն 6 տարի է, ինչ լողանում է ձյան հալոցքի եւ անձրեւաջրերից հավաքած ջրով: Լաուրայի տատիկը վստահեցնում է` «Ծնված օրից ձյունը վեդրոներով բերել, փեչի վրա հալացրել ու նորածնին լողացրել եմ: Առանց պամպերս, առանց մաքուր ջրի: Լվացքն էլ էդ ջրերով ենք անում: Ամիսը մեկ ենք լողանում` էն էլ երկնքից թափված ջրերով: Ամառն ենք շատ նեղվում, իսկ երբ անձրեւ կամ ձյուն ա գալիս` մեր համար տոն ա»: Ասածն ապացուցելու համար տիկին Ամալյան մատնացույց է անում տանիքից հոսող ժանգոտ ջրերին ուղղահայաց դրված դույլերն ու տարաները, որոնք լցվելուն պես պետք է ամանները լվանա: Սարի գագաթին տեղակայված այս տարածքում ապրում են մի քանի ընտանիքներ, որոնց գոյությունը մեր պետության փաստաթղթերում իսպառ բացակայում է, հետեւաբար՝ Հայաստանի Հանրապետությունում նրանք եւ՛ ապրում են, եւ՛ չեն ապրում: Մեր պետությունն այս քաղաքացիներին չի ճանաչում, քանի որ որպես ՀՀ քաղաքացիներ՝ ոչ գրանցում ունեն, ոչ էլ սեփականության իրավունք: Դրա վառ ապացույցն այն հանգամանքն է, որ նույնիսկ համապետական ընտրությունների ժամանակ այստեղ ոտք չեն դնում եւ տեղյակ էլ չեն, որ այս թաղամասում «ձայներ» կան:
Տիկին Ամալյան ասում է, որ հաց գնելու համար օրական հաղթահարում են 2-3կմ հեռավորություն, քանի որ խանութը գտնվում է Մուշականում (Շորբուլաղ): Խմելու ջուրը դույլերով ամեն օր բերում են Թոխմախգյոլից, քանի որ ջրատար խողովակաշար գոյություն չունի: Մի խոսքով` այս տարածքում 21-րդ դարի քաղաքակրթության նշույլ անգամ չկա, քանի որ մարդիկ ապրում են վայրի ցեղերին հատուկ կենսապայմաններում: Ամալյա Կեսոյանը որդու հետ կատարված պատմությունից հետո հայտնվել է այս կղզում: Ղարաբաղյան պատերազմին մասնակցելու կամավոր մեկնած որդուն որոշ ժամանակ անց գործուղել են Ղափանի նավթաբազայի պահեստում աշխատելու: «Կամանդիրն ասել էր` նա էլ նավթ, յուղ, բենզին էր վաճառել: Ջահել տղա էր` ինչ ասել էին` արել էր»: 1 տոննա 800 լիտր բենզին, 750 լիտր յուղ, 700 լիտր նավթի վաճառքի համար տիկին Ամալյայի որդու դեմ հարուցվել է քրեական գործ, եւ ամբողջ պատասխանատվությունն ընկել է նրա վրա: Մինչդեռ նա վստահեցնում է, որ վառելիքի վաճառքի հրահանգը որդուն տվել են հրամանատարները: Այս ամբողջ պատմությանը ծանոթ է եղել Պաշտպանության այն տարիների նախարար Վազգեն Սարգսյանը, ում մոտ տիկին Ամալյան գնացել է ճշմարտությունը ներկայացնելու համար: Ասում է` «Նրան խնդրեցի, բացատրեցի, ասեցի` լավ, իմ տղան գողացել ա, բայց նա կարա՞ր տոննաներով վառելիքն ինքնագլուխ վաճառել: Էդ հսկայական դարպասներից ո՞նց կարար հաներ՝ մինչեւ կամանդիրի հրաման չլիներ»: Այդուհանդերձ, հարուցվել է քրեական գործ, եւ պատասխանատվության է ենթարկվել տիկին Ամալյայի որդին: Նորքի 7-րդ զանգվածի բնակարանը, ոսկեղենը, ունեցվածքը, հարազատների ունեցվածքը, եղած-չեղածը վաճառելով՝ 1994թ.-ին 7000 դոլար տիկին Ամալյան «բաժանել» է քննչական եւ դատական մարմիններին, որպեսզի որդին քրեակատարողական հիմնարկում կալանք կրի ընդամենը 2 տարի: Հակառակ դեպքում սպառնում էր 8-12 տարվա ազատազրկում: «Ունեցվածքս բաժանեցի էդ անօրեններին»,- ասում է նա, ով կարողացել է 2000 դոլարով 2001թ.-ին գնել սարի գագաթին տեղակայված այս տունը, որն ինչ-որ մեկի ամառանոցն է եղել: Ասում է` «Ճիշտն ասած` հասցեն չգիտեմ, երեւի Էրեբունի 3-րդ նրբանցք: Հիմա էլի լավ ա, մի քանի ընտանիք են եկել, իսկ էն առաջին 3 տարին սարսափելի էր: Էն ձմեռվա բքին էս սարի գագաթին ես, տղաս, հարսս էինք երկու երեխու հետ: Սոտըվի էլ չկար, որ մի բան լիներ՝ օգնություն կանչեինք»: Տարածքում երթեւեկող մեքենա կարելի է հազվագյուտ դեպքերում տեսնել, իսկ շտապօգնության կարիք լինելու դեպքում մարդիկ ահազանգելու փոխարեն փորձում են ավանդական մեթոդներով միմյանց օգնություն ցուցաբերել: Մահ արձանագրելու դեպքում նույնպես մեքենա են բերում եւ դիակը տեղափոխում են: Տիկին Ամալյան վստահեցնում է, որ թվով 7-8 դպրոցական երեխաներն ամեն օր Մուշականի դպրոց հասնելու կավահող ճանապարհը հաղթահարում են «կալոշներով», որոնք դպրոցի շենք հասնելուն պես կոշիկներով փոխելով՝ ի պահ են տալիս դպրոցի անկյունի մի թաքստոցում: Ասում է` «Խեղճ երեխեքն էս ճանապարհից էնքան են հոգնում, որ դաս սովորելու հալ-հարաքյաթ չի մնում: Ո՞նց ստիպես երեխուն էդ տանջանքներից հետո սովորել»:
Տիկին Ամալյան իսկական բախտավորություն է համարում այն հանգամանքը, որ 2001-ից այս կողմ ինչ-որ մեկն այցելել է իրենց ու, փաստորեն, Հայաստանում իմանալու են, որ կպչուն կավահողի այս «կղզյակում» հայեր են ապրում, սերունդ է մեծանում: Ասում է` «Մենք շատ էինք ուզում ժուռնալիստ գտնել, բայց չգիտեինք՝ ո՞նց: Ում էլ պատմեինք՝ չէին հավատա, մեր տեղը չէին գտնի: Էնքան զարմացած եմ, որ ձեր ոտքով եկել մեզ գտել եք»: Հրաժեշտ տալիս «կալոշներով» ինձ ճանապարհող կինն ասում է` «Աստված ձեզ հետ, ես կաղոթեմ, որ անվնաս իջնեք», ու ոտքով մեքենային ուղեկցում է այնքան, մինչեւ մեքենայով «առանց շուռ» գալու հատում ենք հարթ ճանապարհը: