Ամուկի լռելուց հետո ծնվում է արվեստը

19/03/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Պայմանականություններով ու կեղծիքով լի մեր կյանքում խաղաղ ու ստեղծագործ ապրելու համար ներքին ազատություն է հարկավոր: Իսկ իսկական ազատությունը աղմկոտ ու ինտրիգներով լի չի լինում, այն ավելի լուռ ու գիտակցված երեւույթ է: Ներքին ազատությունը մի արժեք է, որը պարտադիր է արվեստով զբաղվող յուրաքանչյուր մարդու համար, եւ որն ավելի ու ավելի քիչ է հանդիպում հանրությանը հայտնի արվեստի մարդկանց կերպարներում։ Արվեստի գործերը ներգործում են միայն այն ժամանակ, երբ խաբեություն (կամ, որ ավելի սարսափելի է՝ ինքնախաբեություն) չեն։

Նկարչուհի Մարինե Դիլանյանի կտավների հետ հանդիպելով` հասկանում ես, որ գործ ունես իսկական` շատ փխրուն ու ինքնաբավ արվեստի հետ, քանի որ նրա աշխատանքների հետ կարողանում ես զրույցի բռնվել, որսալ այն լուռ ու խորհրդավոր պահը, երբ նկարի «բնակիչները» քեզ իրենց պատմություններն են պատմում: Մարինե Դիլանյանի աշխատանքներն իրոք «բնակեցված» են մեզանով, մեր քաղաքով, մեր ժամանակակից միֆոլոգիայով, մեր երազներով, մեր երաժշտությամբ («Քաղաքը», «Դաշնակահարը», «Երաժիշտը», «Թռչունները»):

Մ.Դիլանյանի նկարների մասին խոսելն անիմաստ է, կարելի է խոսել միայն նկարներից ստացած տպավորության մասին: Իսկ այդ տպավորությունը շատ երկար է մնում հոգում, այն կարծես խթան է դառնում` սեփական ճանապարհը գտնելու համար: Տարեց ու լուսավոր մի կին թեյ է լցնում բաժակի մեջ, նրա մազերը գեղեցիկ` արիստոկրատ կերպով կապված են, իսկ պարանոցը` փոքր-ինչ ծուռ: Կինն իր էությամբ կարծես գեղեցիկ խոնարհում է խորհրդանշում: Թեյ լցնելը նրա համար մի ամբողջ ծիսակարգ է, ծառայում` հարազատներին, ավանդույթներին: Մարդը ոչ թե իրեն է ծառայեցնում շրջապատը, այլ՝ ինքն է խոնարհ ծառայում շրջապատին:

«Կատարողի մեջ շատ ազնիվ բան կա։ Եվ հիմա մեր միջից կատարողն է կորել, ճիշտ կլինի ասել՝ կորել է կատարելության ձգտող կատարողը»,- նկատում է Մարինեն: Ու ավելացնում է. «Երբ փորձում եմ անկեղծորեն խոսել իմ նկարների մասին, սկսում եմ ամաչել: Ես փիլիսոփա չեմ, եւ չեմ կարող բացատրել ո՛չ իմ նկարները, ո՛չ էլ կյանքը, ես պարզապես նկարում եմ այն։ Իսկ ո՞ւր է «տանում» նկարը, արդեն դիտողն է որոշում: Եվ հենց նա է ընտրում ճանապարհը»:

Մ.Դիլանյանն ասում է, որ իրեն հոգեհարազատ է հին, արխաիկ արվեստը։ Նա կարծես անցնում է այն նույն ճանապարհն, ինչ անցել են միջնադարի ու վաղ Վերածննդի վարպետները. «Այն գեղագիտությունը, որը քեզ հոգեհարազատ է, ուզես թե չուզես, անպայման պետք է միջիցդ դուրս գա։ Ես երբեք միջնադարյան կերպարները չեմ բերում մեր օրեր ու հատուկ մեր կյանքով չեմ ապրեցնում նրանց։ Պարզապես ինձ այդպես է հուշում իմ մտածելակերպը, լեզվաբանությունը»: Մ.Դիլանյանի նկարները` իրենց ներքին տրամաբանությամբ, ազատությամբ, կուլտուրայով՝ դասավորված են այնպես, ինչպես թատերային բեմադրությունները, որտեղ կան դադարներ, մանր ու խոշոր դետալներ, ուրույն մի լեզու, որը կապում է դիտողին հնագույն միֆերի ու էմոցիաների հետ: Այդ էմոցիաները կիսատ-պռատ չեն, նրանք իսկական են ու ներքին կամք ունեն։

«Նկարչությունն ինձ համար առաջին հերթին լեզու է։ Պոետներ կան, որոնք շատ գեղեցիկ են գրում, հատուկ գեղեցիկ բառեր են ընտրում, եւ կան պոետներ, որոնք նոր բառեր են փորձում հորինել։ Նույնն էլ նկարչության մեջ է։ Փայլուն նկարիչներ կան, որոնք նոր լեզվաբանություն են ստեղծում, եւ այդ լեզվաբանությունը շատ մոտ է արխաիկային։ Նկարիչը մի մարդ է, որը խոսել չգիտե, ու արտահայտվելու իր միակ միջոցը նկարելն է, գույնով ու գծով միտք փոխանցելն է։ Իսկ միտքը միշտ շատ պլաստիկ է, այն տարբեր «բառերի» կարիքն ունի»,- ասում է Մ.Դիլանյանը:

Ինտրավերտ ու խորաթափանց նկարիչ լինելով՝ Մ.Դիլանյանը ակնհայտորեն ու ճակատային չի արձագանքում արդիականությանը, նրա ստեղծած արդիականությունը շատ ավելի նուրբ ու բնազդային է։ «Հազար ու մի բան է մտքում անցնում, բայց առօրեական մտքերը երբեք որպես թեմա չեմ օգտագործում։ Ինձ հետաքրքիր են մարդն ու մարդու հետ կապված ամեն ինչը»,- ասում է նա։ Թող վերամբարձ չհնչի, բայց նա միշտ կարծես հավերժի շուրջն է պտտվում։ Եվ ակամայից ծագում են «կնճռոտ» հարցերը` ովքե՞ր ենք մենք, ո՞ւր ենք գնում, ո՞ւր է տանում մեզ հոսանքը: «Բնակիչները» նկարում մարդկանց ու երեւակայական էակների մի խումբ թռչնի մեջ տեղակայված` առաջ է ընթանում: Ոտքի տակից հողը փախել է, բնակիչները նախընտրել են առասպելական տրանսպորտով անցնել իրենց կանխորոշված ճանապարհը: Միգուցե դա փախուստ է, միգուցե առաջընթաց է։ Եվ կարծես հենց այս երկընտրանքն էլ դարձել է այսօրվա մեր ազգային դիմանկարը, նույնիսկ, եթե նկարի հեղինակն այդպես չի կարծում: Չէ՞ որ յուրաքանչյուր արվեստի գործ իր սեփական ուղին է ունենում:

Մարինե Դիլանյանի համար ազգայինն առարկայական տարրերը՝ կարպետը, տարազը չեն: «Իսկական ազգայինը տեմպերամենտն է, աշխարհագրությունը, արյունը, գենետիկան։ Օրինակ, ռուսական սրբապատկերների մեջ ազգայինը` մինիմալիստական արտահայտչամիջոցներով փոխանցված խորը հոգեւոր իմաստն է։ Մեր մանրանկարներում էլ կա խորը դրամատիզմ, որի մեջ մտնող ամեն ինչն էլ ինձ համար ազգային է»,- ասում է նա:

Մարինե Դիլանյանը զարմանալի ներդաշնակ մարդ է, ու թեեւ նրա հոգում էլ փոթորիկներ ու ալեկոծումներ են լինում, նա, միեւնույն է, ունի մի ելակետ, որն օգնում է հավասարակշռել ներսն ու դուրսը ու «մաքուր» արվեստի լեզվով խոսել մարդկանց հետ։ «Մենք շատ բաներով բեռնված ենք անցնում մեր կյանքով։ Բազմաթիվ հանդիպումներ, խոսակցություններ ենք ունենում, որոնցից հետո մեզ մոտ մնում են դիալոգների պատառիկներ, մարդկանց դեմքեր, ուրախությունների կամ բարկությունների հուշեր։ Այդ ամենը գումարվում են մեր ստացած դաստիարակությանը, կրթությանն ու փորձին ու այդպես սկսում է ձեւավորվել մեր անձը, որն աղմուկի մեջ սուզվելով՝ ինքն էլ է դառնում աղմկոտ։ Բայց երբ հանկարծ անձը լռում է, սկսում է երեւալ մարդու էությունը։ Իսկ էությունը լուռ բան է, ավելի խորն ու ավելի… աստվածային։ Լինում են, չէ՞, պահեր, երբ զգում ենք, որ մաշկազերծ ենք եղել, որ մաշկի տակից բաց նյարդերն են երեւում, ու այդ պատճառով էլ դառնում ենք չափազանց զգայուն։ Այդ պահերին է երեւում մեր էությունը։ Իսկ մաշկը մեր պաշտպանիչ «ես»-ն է, եւ երբ «ես»-ը ետ է քաշվում, բացվում է մեր էությունն, ու մենք պատրաստ ենք լինում այնպիսի քայլերի, որոնք սովորական կյանքում անել պատրաստ չենք։ Պատրաստ ենք լինում նկատել այն, ինչին մինչ այդ ուշադրություն չէինք դարձնում։ Պարզ օրինակ բերեմ, կարող ենք տարիներ շարունակ նայել պատառաքաղին, բայց չտեսնել այն։ Բայց մի վայրկյան է գալիս, երբ կարծես արթնանում ես ու մտածում ես՝ օ, ինչ սիրուն է այս պատառաքաղը, հետաքրքիր է, ովքե՞ր են դիպչել այս պատառաքաղին, ինչպիսի՞ մարդիկ են դրանք եղել։ Այսինքն՝ քեզ համար հանկարծ ամեն ինչը դառնում է կարեւոր։ Բայց այդ պահերը հազվադեպ են լինում, քանի որ սովորական կյանքում մեզ վրա պատյան կա, որի մեջ թաքնվում ենք կրիայի նման, որպեսզի «չկոտրվենք» ու հոգեկան խանգարում չստանանք»։

Երբ նկարը հանդիպում է իր դիտողին, երբ հանկարծ ծագում է ճանաչման, իսկ հետո ինքնաճանաչման կայծը, դա միշտ նման է լինում հրաշքի։ Դա մագնետիկ հրաշք է, որը բացատրել չես կարող։ Մարինե Դիլանյանի կտավներն իրենց խիտ ու լուսավոր մագնետիզմն ունեն։ Նկարչուհին հաճախ է ցուցադրվում Եվրոպայում, նրա կտավները կան տարբեր թանգարաններում ու անձնական հավաքածուներում։

Նկարչի համար սեփական անունը ճանաչելի այցեքարտ դարձնելը հաճախ բարդ գործ է դառնում։ Ժամանակակից հայ նկարիչներ կան, որոնք մրցողունակ են իրենց արվեստով, սակայն քիչ ճանաչելի են աշխարհում։ Մ.Դիլանյանը կարծում է, որ արվեստի արժեւորումը նույնքան կարեւոր է, որքան եւ արվեստը. «Շատ բան կախված է նկարչի մեջքին կանգնած «տիրոջից», կամ պետությունից, կամ կոլեկցիոներից։ Բոլոր ժամանակների կոլեկցիոներները՝ հավաքելով ոչ այնքան հայտնի նկարիչների գործերը՝ միաժամանակ արժեւորում էին դրանք։ Իսկ հիմա այդպես չէ։ Ի՞նչ արած՝ մեր մեծահարուստներն արվեստով չեն հետաքրքրվում»։

Ժամանակակից Հայաստանում չխաբող ու ինքնաբավ արվեստի մարդիկ փոքրամասնություն են կազմում: Որպես կանոն՝ նրանք չեն ձգտում գովազդել իրենց արածն ու իրենց անձը` խուսափելով «չինովնիկական», «սանդղակային» մշակույթի մաս դառնալ: Պարզապես իրենց մարդկային տեսակով նրանք հույս են տալիս, որ ամեն բան դեռ կործանված չէ, որ մեր հանրապետությունում ի հեճուկս բոլոր ջանքերի` արվեստ է ծնվում: Մ.Դիլանյանն ասում է. «Խորը, նուրբ, զգայուն, բարձր որակի մարդիկ կան, բայց նրանք որոշողներ չեն, նրանց քանակն է քիչ»։ Նա նկատել է, որ վերջերս շատ են կազմվում տարբեր ցուցակներն ու աստիճանավոր սանդղակները, օրինակ, որոշվում են ամենաթանկ նկարիչները, ամենալավ վաճառվող կտավները։ Այսինքն՝ հայտարարվում է, որ այս մարդը համար 1-ն է, սա՝ 2-ը, եւ այսպես շարունակ։ «Երբեմն մտածում եմ՝ ինչ լավ է, որ ես այս սանդղակներում չկամ, ուրեմն ես մարգինալ եմ»,- ժպտում է նա։ Ազնիվ պրոֆեսիոնալ լինելը հիմա մարգինալություն է համարվում, ուրեմն արվեստն ինքնին էքստրեմալ դերակատարություն է ստացել։