Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Վանաձոր-քիմպրոմ» քիմիական կոմբինատ, շրջել արտադրամասերում, ծանոթացել նախկինում քիմիական ոլորտի առաջատար այդ ձեռնարկության ներկա վիճակին, վերագործարկման հնարավորություններին։ Ըստ Կառավարության Տեղեկատվության վարչության, շրջայցից հետո ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների, Լոռու մարզպետի, քիմկոմբինատի գլխավոր տնօրենի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են քիմկոմբինատի վերագործարկման հետ կապված հիմնախնդիրներն ու ռազմավարական ծրագրերը։ Որոշվել է վերսկսել կարբամիտի, սելիտրայի եւ այլ պարարտանյութերի արտադրությունը, ինչպես նաեւ ուսումնասիրել կարբիդի արտադրության ներկա պայմաններն ու հնարավորությունները։ Տ. Սարգսյանն ասել է, որ ձեռնարկության կողմից տեղական հումքով տարբեր տեսակի պարարտանյութերի արտադրության նախատեսվող ծավալները կարող են ապահովել հանրապետության գյուղական տնտեսությունների ամբողջ պահանջարկը, նպաստավոր հիմքեր ստեղծելով գյուղատնտեսական մթերքների արտադրության աճի համար։ Նա նշել է նաեւ, որ կառավարությունը հնարավորինս կաջակցի Վանաձորի քիմկոմբինատի ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես, արտադրանքի իրացմանն ու մրցունակության ապահովմանը։ Երեկ Տ. Սարգսյանն այցելել է նաեւ Մասիսի նորակառույց ոսկու գործարան: Նա ասել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ոսկի արտադրողների համար ստեղծել է լավ միջավայր: «Քանի որ համաշխարհային գները հումքի որոշ տեսակների հանդեպ կտրուկ նվազել են, բնականաբար, այն ձեռնարկությունները, որոնք մասնագիտանում էին մոլիբդենի, պղնձի արտադրության մեջ, ունեցան լուրջ խնդիրներ: Սակայն, միեւնույն ժամանակ, ոսկերչության ոլորտում ակնառու է, որ ստեղծվում են նոր հնարավորություններ, եւ մեր ձեռներեցներն օգտվում են այդ հնարավորությունից»,- ասել է Տ. Սարգսյանը` ավելացնելով, որ կառավարությունն այժմ քննարկում է «Հայաստանի Հանրապետությունում ոսկեգործության զարգացման հայեցակարգը»: Այդ տեսանկյունից, ըստ նրա, կարեւորվում է հայաստանյան ոսկերչական ձեռնարկությունների աշխատանքը, քանի որ դրանք մասնագիտանում են տեղական հումքի վրա: