Վերջապես մենք հասել ենք այն սահմանագծին, երբ ԱՄՆ նախագահը, փոխնախագահն ու պետքարտուղարը միանշանակ արտահայտվել են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը ճանաչելու մասին: Այս հոդվածն այն մասին է, թե ինչ պետք է անենք մենք, որպեսզի նրանք վերջապես ճանաչեն այս փաստը: Իսկ եթե դա տեղի չունենա, ի՞նչ պետք է մտածենք մենք: Եթե նրանք չճանաչեն ցեղասպանությունը, դա կնշանակի, որ մենք` հայերս, դեռ շատ թույլ ենք եւ ի վիճակի չենք այս գործն ավարտին հասցնելու, իսկ մեր հակառակորդը ուժեղ է: Իրականում սա չի նշանակելու, թե պաշտոնական Ամերիկան չգիտե, որ Օսմանյան Կայսրությունում այսինչ թվականներին ցեղասպանություն է տեղի ունեցել, որին զոհ են գնացել մոտ 2 մլն անմեղ մարդիկ, չգիտե, որ մենք սփռված ենք ողջ աշխարհով, քանի որ մեզնից խլել են մեր տները, սարերը, գետերն ու հովիտները, մեր անհոգ մանկությունն ու իմաստնացած ծերությունը: Բայց որ ավելի կարեւոր է, մենք` հայերս, 20-21-րդ դարերում անվերադարձ կորցրել ենք մեր ազգային մշակույթի մի հսկայական սեգմենտ` մեր վերին հիշողությունը… Իսկ այդ նույն ժամանակ ԱՄՆ-ի չափանիշներով փոքրաթիվ հայկական գաղութը, որը ցեղասպանության շնորհիվ է հայտնվել Ամերիկայում, առաջին մեծության աստղեր է պարգեւել ամերիկյան մշակույթին` Վիլյամ Սարոյան, Արշիլ Գորկի, Ալան Հովհաննես, Լյուսի Ամարա, Քեթի Բերբերյան, Ռուբեն Նակյան, Ռուբեն Մամուլյան եւ շատ ու շատ ուրիշներ: Նրանցից յուրաքանչյուրը կարող էր փառք բերել ցանկացած ազգային մշակույթի, եւ առաջին հերթին` հայկականին, սակայն նրանք հայտնվել են Ամերիկայում եւ նոր էջ բացել նրա մշակույթի պատմության մեջ: Իհարկե, հայերը քիչ օգուտ չեն բերել նաեւ այլ բնագավառներում` հասնելով մեծ հաջողությունների: ԱՄՆ-ի հայերը սիրում են իրենց նոր հայրենիքը, նրան բարգավաճում են ցանկանում եւ միաժամանակ խորապես կապված են իրենց պատմական հայրենիքի հետ:
ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում կարող էր կարեւոր նշանակություն ունենալ, սակայն վճռորոշ հանգամանքներ կային: ԱՄՆ-ի ղեկավարությունը այս հարցն անգամ քննարկման առարկա չէր դարձնում, քանի որ այդ ժամանակ Թուրքիան (ֆաշիստական Գերմանիայի գրկից ԱՄՆ-ի գիրկը նետվելով) Վաշինգտոնի կարեւոր դաշնակիցն էր եւ իր տարածքներն էր տրամադրել ամերիկյան ռազմաբազաների համար, որոնք ուղղված էին ԽՍՀՄ-ի դեմ: Սա անվիճելի փաստարկ էր`ամեն անգամ թեթեւ քմծիծաղով նայելու հայ ժողովրդի դեմքին եւ ասելու, որ դեռ ժամանակը չէ ցեղասպանությունը ճանաչելու. ավելի լուրջ խնդիրներ կան… Սակայն այդ ժամանակներն արդեն անցյալում են, ԽՍՀՄ-ը փլուզվել է, Թուրքիայում տեղակայված ռազմակայաններն արդեն այնքան էլ ակտուալ չեն, իսկ անկախ Հայաստանը, որը փլուզվող խորհրդային կայսրության պայմաններում կարողացավ պահպանել Լեռնային Ղարաբաղը, ծանրագույն հանգամանքների բերումով ստիպված եղավ իր տարածքում տեղակայելու ռուսական ռազմաբազաները: Իսկ ծանրագույն հանգամանքները շատ էին` Թուրքիայի կողմից Հայաստանի անկախությունը չճանաչելը, տրանսպորտային շրջափակումը, Ադրբեջանի շահերի քաղաքական ու դիվանագիտական լոբբինգը բոլոր մակարդակներում եւ բոլոր միջազգային ատյաններում, Ադրբեջանին ցուցաբերվող մեծամասշտաբ ռազմական օգնությունը, ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական նախագծերում Հայաստանի շրջանցումը եւն: Հայաստանն այս դժվարին պայմաններում (գրեթե ամբողջովին փլուզված տնտեսությունն առաջին հերթին) պետք է ոչ միայն գոյատեւեր, այլեւ իր հակառակորդին հասկացնել տար, որ իր հետ հարկ է հաշվի նստել: Եվ հույս ունենանք, թե Թուրքիան, որը բավականին երկար ժամանակ վերլուծում էր Հայաստանի քայլերը, հասկանում է մի կարեւոր բան` Երեւանի հետ ուժի դիրքերից խոսելը շահավետ չէ: Առավել եւս, որ միջազգային հանրությունը (որի մի մասն արդեն ընդունել է ցեղասպանության փաստը, իսկ այդ երկրների մեջ քիչ չեն ազդեցիկ երկրներն ու կազմակերպությունները) համակրանքով է վերաբերվում Հայաստանին եւ հանուն արդարության ու արժանապատվության մղվող նրա պայքարին: Չենք թաքցնում, որ կան նաեւ հակառակորդներ, որոնց շահերը սերտորեն կապված են իրենց թուրք գործընկերների շահերի հետ: Իսկ որտե՞ղ է ԱՄՆ-ը: Մի՞թե նա այնքան կախված է այսօրվա Թուրքիայից, որ ոչ մի կերպ չի կարող ճանաչել ցեղասպանության փաստը եւ իր դեմքից մաքրել երեսպաշտության խայտառակ խարանը: Որտե՞ղ է ԱՄՆ-ի նոր մտածելակերպը: Մենք հույս ունենք, որ Բարաք Օբաման հասկանում է եւ կկարողանա այս տարածաշրջանում մոդելավորել ավելի հավասարակշռված հարաբերություններ, որտեղ Հայաստանին արժանի տեղ կտրվի:
Մի՞թե մենք այնքան անկազմակերպ ենք, որ չենք կարողանալու այս նոր, ավելի նպաստավոր պայմաններում հասնել մեր նպատակին:
Տարածաշրջանում Հայաստանի եւ հայ ժողովրդի դերի մասին շատ է գրվել եւ խոսվել: Շատ է խոսվել նաեւ հայերի հնարավորությունների մասին: Խոսվում էր, որ մեր հնարավորությունները չնչին են: Ասվում էր եւ հակառակը` որ հնարավորություններն անսահման են, սակայն նշվում էր մեր լոբբինգի ոչ արդյունավետ կազմակերպման մասին: Անընդհատ խոսվում էր բավարար կամք եւ համբերություն չունենալու, ինչպես նաեւ՝ ինտելեկտուալ ներքին ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու մասին: Չափազանց վատ է կազմակերպված հզոր ազդեցություն ունեցող ինֆորմացիոն բազան, որը գրեթե ձրի անցնում է հակառակորդի ձեռքը: Եվ իշխանությունների, մեր բոլոր երեք նախագահների արած բացթողումներն ակնհայտ են: Մի՞թե կարելի է իբրեւ խորհրդատու վերցնել մարդկանց, որոնց չես ուզում ո՛չ տեսնել, ո՛չ լսել: Հայերը մեծ խնդիրներ ունեն նաեւ ցեղասպանության հարցում իրենց փաստարկները, հարցերն ու պատասխանները ճիշտ ձեւակերպելու, ինչպես նաեւ՝ ժամանակի համատեքստում այդ հարցերը խիստ մակերեսորեն ներկայացնելու առումով: Ազգն ու իշխանությունները չեն կարողանում արժանավայել կերպով սակարկել վերը նշված հարցերի շուրջ: Եվ սա գալիս է դարերի խորքից: Մենք պաշտոնների համար ընտրում ենք մարդիկ կամ ձգտում ենք պաշտոն ստանալ` առանց հասկանալու, թե ինչ լավ բան կարող ենք անել այդ պաշտոնում, հատկապես, երբ խոսքը պետական կարեւոր ոլորտներին է վերաբերում: Եվ պատճառն այն է, որ ոմանց համար պաշտոնը ոչ թե երկրի եւ ազգի առաջ պարտավորություն է, այլ շահավետ տեղ, որտեղ կարելի է մեծ փողեր վաստակել` սեփական ինքնասիրությունը շոյելով: Եվ մեր չինովնիկները թքած ունեն, որ մենք պարտություններ ենք կրում: Սակայն այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք այլ կերպ են մտածում (այդպիսին են ցինիկներն ու տգետները). նրանց թվում է, թե ամեն ինչ հրաշալի է:
Մի ուրիշ պարտություն եւս կա` ԱՄՆ-ի հայ համայնքի` այսպես կոչված, հայկական լոբբիի պարտությունը. երկրում հզոր կազմակերպություններ ունենալով` մենք պետք է որ ամենամոտը լինեինք ԱՄՆ-ին: Սակայն անհասկանալի է, թե ինչով են զբաղված ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները: Սակայն այժմ եկել է ժամանակը` ցույց տալու ազգի ողջ ուժն ու արժանապատվությունը: «Ամերիկայի հայկական ասամբլեան», Հայ դատն ու մյուս կազմակերպությունները պետք է ավելի հաստատակամ լինեն: Եվ ցեղասպանության ճանաչումից հետո ազգն ու երկիրը կհայտնվեն միանգամայն այլ, ավելի նպաստավոր իրավիճակում, որը հեռուն գնացող հետեւանքներ կարող է ունենալ:
Սակայն խնդիրն այսօր օրակարգում է, եւ այն պետք է լուծել այսօր: Պետք է վճռական լինել, քանզի մենք առանց այդ էլ կորցրել ենք ութ տարի. կրտսեր Բուշի պաշտոնավարման տարիներին ԱՄՆ-ի ղեկավարությունը չէր ցանկանում Հայաստանի նախագահին տեսնել Սպիտակ տանը (չհաշված 2001թ. Բուշի միջնորդական հանդիպումը Քոչարյանի եւ Ալիեւի հետ): Ես պատկերացնում եմ, թե ինչպես է հայերին ներկայացրել Վրաստանի նախագահը Բուշի հետ անձնական հանդիպումների ժամանակ: Անկասկած է, որ այդ տարիները եղել են ոչ ճիշտ վերլուծությունների, երբեմն նույնիսկ ԱՄՆ-ին ապակողմնորոշելու տարիներ այն մեծ տարածաշրջանում` սկսած Լիբանանից, Իրանից ու Իսրայելից մինչեւ Վրաստան, Ռուսաստան, որտեղ ապրում են հայերը, եւ որտեղ գտնվում է նաեւ Հայաստանը:
Շուտով ողջ աշխարհի հայությունը նշելու է Օսմանյան Կայսրությունում հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը: Եվ յուրաքանչյուր հայի հետաքրքրում է` կկատարի՞ արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական խոստումը, իր բարոյական պարտքը ողջ հայության առջեւ, թե՞ կրկին կհիասթափեցնի հայ ժողովրդին` հանուն Թուրքիայի հետ ինչ-ինչ շատ կարեւոր գերակա խնդիրների: Մենք արդեն այն չենք: Անգամ ինքներս մեզ քննադատելով` մենք հասկանում ենք, որ ուժեղ ենք եւ ուզում ենք ավելի հզորանալ, գոնե կարեւոր հարցերում: Իսկ հայոց ցեղասպանությունը հենց այդպիսի կարեւորագույն հարցերից է: Եվ շատ քիչ ժամանակ է մնացել: Սակայն մենք կորստի ՑԱՎ ունենք, իսկ այդ ցավն անցյալից է գալիս, եւ նա անպայման կհասնի իր նպատակին: