Մեզանից շատերին է ծանոթ «մրսածություն» շրթունքների վրա երեւույթը, որի առաջացման պատճառը հերպեսի վիրուսն է: Հայտնի է նաեւ, որ օրգանիզմի ցածր դիմադրողականության պատճառով այն ավելի արագ է ախտահարում մարդու օրգանիզմը: Այնպես որ, մրսածությունը կարող է պրովոկացիա հանդիսանալ հերպեսի առաջացման համար:
Ստեղծվում է շատ տհաճ իրավիճակ: Սկզբում մաշկը սկսում է քոր գալ, հետո առաջանում են հեղուկով լի փոքրիկ բշտիկներ եւ մի քանի օր հետո միայն սկսում են չորանալ, ու վերքի վրա թաղանթ է առաջանում: Նման իրավիճակից ազատվելն այնքան էլ հեշտ չէ, բայց հնարավոր է:
Հերպեսի վիրուսը սկզբում ներխուժում է նյարդային հանգույցներ, ապա բշտիկներ են առաջանում: Այն հատկապես զգալի է հերպեսի ավելի լուրջ տեսակների դեպքում: Այս դեպքում հիվանդն ունենում է բարձր ջերմություն: Այդ պատճառով կարեւոր է բուժվել ոչ միայն արտաքին գործածության միջոցներով, այլ նաեւ ընդունել վիտամինային թեյեր ու հակավիրուսային, հակաբորբոքային դեղաբույսեր: Նման դեպքերում շատ լավ օգնում է օրը 2-3 անգամ ուտելուց առաջ 1 թեյի գդալ ալոէի հյութ խմելը, միաժամանակ դրանից քսելով նաեւ վարակված մասերին: Իհարկե, ալոէի թարմ հյութը հակացուցված է երիկամների ու միզածորանի բորբոքումներ ունեցողներին, թութքով ու արգանդի արյունահոսությամբ տառապողներին: Հղիներին եւս այն խիստ հակացուցված է:
Հերպեսի դեմ լավ միջոց է նաեւ թուրինջխոտի թուրմը: 2 ճաշի գդալ դեղատնային թուրինջխոտը լցնել 2 բաժակ եռացող ջրի մեջ ու թրմել 1 ժամ: Այնուհետեւ այն քամել ու խմել օրը 3 անգամ ուտելուց առաջ: Ժողովրդական բժշկության մեջ այս դեպքերի համար շատ ընդունված միջոց է իշառվույտի թուրմը` 1 ճաշի գդալ իշառվույտի խոտի վրա լցնել 300 մլ եռջուր, թրմել 2 ժամ ու խմել օրը 2 անգամ ուտելուց առաջ: Բայց հիվանդությունը երկար տեւելու ժամանակ պետք է սահմանափակել իշառվույտի օգտագործումը, քանի որ այն ինչ-որ չափով թունավոր է:
Դեռ հին ժամանակներում հակավիրուսային ու հակաբակտերիալ միջոց է հանդիսացել ակնամոմը` պրոպոլիսը: Մասնավորապես շատ լավ ազդում է ակնամոմի հիմքի վրա պատրաստված թուրմը, որն անպայման պետք է խմել: Դրա պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել մոտավորապես 1 ճաշի գդալ ակնամոմ եւ լցնել կես բաժակ 70 տոկոսանոց սպիրտի մեջ: Թրմել 8 օր` ամեն օր թափահարելով 6-8 անգամ: Հերպեսի նշաններ նկատելու դեպքում, սկսեք խմել այն օրը 1 թեյի գդալը լուծելով կես բաժակ եռացրած-սառեցրած ջրի մեջ:
Եթե հերպեսի վիրուսն արդեն 1 անգամ ներթափանցել է օրգանիզմ, ուրեմն այն մնում է հավիտյան, նույնիսկ, եթե ոչ մի ձեւով չի արտահայտվում: Այն սիրում է հավաքվել ու մնալ ենթաստամոքսային գեղձում, այդ պատճառով էլ օգտակար է նաեւ խմել լեղուղիները մաքրող միջոցներ` տարկավան (տՌՋՎՈ), անթառամ (ոպրրՎպՐՑվՌՍ), կանթեղախոտ (փՌրՑՏՑպս): Այս դեղաբույսերից պատրաստված թուրմը կարելի է խմել հերթականությամբ: Յուրաքանչյուրն օգտագործեք 20 օր, ապա անցեք ավելի թեթեւ միջոցի, օրինակ` եգիպտացորենի թելիկները, կալենդուլան, կղմուխը: Սրանք եւս կարելի է հերթականությամբ խմել, յուրաքանչյուրը 1 ամիս տեւողությամբ:
Հերպեսից ազատվելու համար՝ զուգահեռ պետք է նաեւ օգտագործել արտաքին գործածության միջոցներ: Այդ միջոցներից մեկը եռագույն մանուշակի հյութն է, որը պետք է քսել բշտիկներին:
Կարելի է վերցնել 1 բաժին կալենդուլայի ծաղիկներ ու խառնել 10 բաժին ձիթապտղի յուղի հետ ու այս ստացված քսուքը քսել վարակված մասերին: Բուժման նպատակով կարելի է օգտագործել նաեւ կալանխոէի հյութը` քսելով այն բշտիկներին:
Հերպեսիկ ստոմատիտի ժամանակ 1 ճաշի գդալ եղեսպակի խոտը լցնել 1 բաժակ եռջրի մեջ ու թրմել 1 ժամ: Հետո քամել ու ստացված թուրմով կատարել ողողումներ: Եթե ձեր մոտ հերպեսը հաճախակի բնույթ է կրում, կարելի է կանթեղախոտի հյութ պահածոյացնել: Կանթեղախոտը թարմ վիճակում արմատներով անցկացնել մսաղացով, քամել, լցնել փոքրիկ սրվակների մեջ ու պահել 6-7 օր: Երբ սկսում է խմորումը, օրը մի քանի անգամ փակել-բացել սրվակը, որպեսզի հավաքված գազերը դուրս գան: Հետո ստացվածը օրը 2-3 անգամ քսել վարակված մասերին:
Հերպեսի դեմ դեղամիջոց կարելի է պատրաստել նաեւ սովորական պայմաններում` շատ հեշտ ու պարզ միջոցներով: Օրինակ` 1 ճաշի գդալ փայտամոխրին ավելացնել 3 պճեղ ծեծած սխտոր եւ 1 թեյի գդալ մեղր: Այս քսուքը օրը 3-4 անգամ քսել բորբոքված մասերին: Հերպեսի համար տնային պայմաններում պատրաստված դեղամիջոցներում սխտորի առկայությունը գրեթե միշտ կա, եւ դա զարմանալի չէ, քանի որ սխտորը օժտված է շատ մեծ հակավիրուսային ազդեցությամբ: Նաեւ հայտնի է, եթե հերպեսի սկզբնական էտապում օրվա մեջ 4-5 անգամ քսեք սխտորի հյութ, ապա այն չի էլ զարգանա:
Եթերային յուղերը եւս մեծ հակամիկրոբային ազդեցություն ունեն, իսկ մի քանիսն ընդհանրապես ընդունակ են պայքարելու վիրուսի դեմ: Դրանց թվին են դասվում փշատերեւային բույսերը` մայրին, գիհին եւ այլն: Շատ մեծ հակավիրուսային ազդեցություն ունեն եղեսպակի, էվկալիպտի, խորդենու եւ նարդոսի յուղերը: Թվարկված եթերային յուղերից ցանկացածից վերցնել 10 կաթիլ ու ավելացնել 2 թեյի գդալ նարդոսի թուրմ եւ 4 թեյի գդալ եռացրած-սառեցրած ջուր եւ վարակված մասերին քսել օրվա մեջ մի քանի անգամ:
Հերպեսի դեմ դեղամիջոցներ կարելի է շատ հեշտ ձեռք բերել դեղատներից: Մինչ վերքի առաջացումը, բշտիկները զգույշ մաքրել 2 տոկոսանոց բորաթթվի լուծույթով թրջած բամբակով, ապա զգուշությամբ չորացնել բամբակով ու թեթեւակի օսլայի փոշի անել: Թաղանթ առաջանալուց հետո քսել ձիթապտղի յուղ:
Ինչպես վերը նշվեց, հերպեսն առաջանում է հատկապես ցածր դիմադրողականություն ունեցող օրգանիզմներում: Այդ պատճառով պետք է աշխատել սնվել այնպես, որ օրգանիզմը ստանա բավարար քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ ու հանքային նյութեր: Շեշտը պետք է դրվի հում բանջարեղենի, մրգերի վրա, ինչպես նաեւ՝ կանաչու եւ թարմ քամած հյութերի: Այս ամենի հետ աշխատեք շատ հանգստանալ, զբոսնել, բայց եւ միաժամանակ պետք է խուսափել արեւի անմիջական ճառագայթներից, քանի որ արեւից կարող է սրվել հիվանդությունը: Գիտնականները պարզել են, որ մթերքներից մի քանիսը հատուկ նպաստում են կանխարգելել հերպեսի զարգացմանը: Դրանք են կարտոֆիլը, կաթը, կաթնաթթվային մթերքները, ձուկը, միսը, լոբին եւ ձուն: Թվարկված մթերքներն իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ լիզին` ամինաթթուներ, որոնք ընդունակ են կանխելու հիվանդությունը:
Մյուս ամինաթթուն` արգինինը` ընդհակառակը, կարող է նպաստել հերպեսի սրացմանը: Այդ նյութերը շատ են ընկույզի, արեւածաղկի եւ մյուս ցորենազգիների մեջ: Հիվանդության սուր էտապում, մրսածության դեպքում եւ սթրեսային իրավիճակներում աշխատեք խուսափել թվարկված սննդամթերքներից: Բայց քանի որ ցորենազգիները նաեւ շատ օգտակար նյութեր են պարունակում, այս էտապում դրանց պակասը փորձեք լրացնել այլ սննդամթերքով եւ ընդհանրապես պետք է չմոռանալ ընդեղենի մասին: Եվ նաեւ պետք է հնարավորինս շատ սխտոր օգտագործել սննդի մեջ: