Զրո
Ես հրաժարվեցի ձեռքի ժամացույցից մի անգամ միջօրեից հետո 1988 թվականին: Ավելի ճիշտ, ապրիլյան ամպամած մի օր, անմիջապես, հենց ավարտեցի ինչ-որ մեկից վերցրած Կորտասարի գիրքը խրոնոպների` մարդկային ժամանակով սնվող մակաբույծ էակների մասին: Հիմա էդ ամենն ինձ հորինվածք է թվում, մտահնար մի բան, բայց այն ժամանակ ես երկար ու մանրակրկիտ հետազոտում էի, թե արդյոք ձախ դաստակիս վրա, կաշեգոտու տակ չկա՞ն կծածի մանր հետքեր: Եվ թեպետ ես թեթեւ շունչ քաշեցի, երբ պարզեցի, որ ոչինչ էլ չկար, հաջորդ տասներկու տարին ես ժամացույցը ձեռքիս չէի կրում:
– Մենք ժամացույցը ձեռքին ենք կապում հենց այն պատճառով, որ դա գրպանում չեն կրում,- հայրս ուսուցանում էր ինձ, ասես երեխայի, թեեւ այն ժամանակ ես մոտ երեսուն տարեկան էի:
– Դու Կորտասար չես կարդացել, այնտեղ, նրա պատմվածքներում, ասվում է այն մասին, թե ինչպես են խրոնոպները մեզ քամում, մարդիկ լոկ երբեմն են նկատում օձի խայթոցին նմանվող նրանց կծածի հետքերն իրենց մաշկի վրա, իսկ հետո, վաղ թե ուշ, մնում են առանց ժամանակի:
– Չեմ կարդացել,- խոստովանում էր հայրս, բայց, միեւնույն է, չէր դադարում ինձ կարգի հրավիրել, երբ տեսնում էր, որ ես ժամացույցը գրպանս կամ պայուսակս եմ դնում, կամ, որ ավելի վատ է, ընդհանրապես հետս չեմ վերցնում:
Այդուհանդերձ, մի անգամ նա ինձ իր պաշտպանության տակ առավ: Դա տեղի ունեցավ միեւնույն 1988 թվականին, այն բանից հետո, երբ պարզվեց, որ մայրս ջինսի հետ լվացել էր նաեւ իմ այն ժամանակվա, գրպանումս մոռացած ձեռքի ժամացույցը:
– Ոչ միայն ժամացույցը կորավ, դու կարող էիր նաեւ լվացքի մեքենայի գլուխն ուտել:
Ի զարմանս ինձ՝ հայրս հաշտարար տոնով ասաց.
– Տեր Աստված, դե հանգիստ թող նրան, չէ՞ որ նա Կորտասար է կարդացել:
Մայրս շփոթվեց: Դրանից քիչ անց, տնտղելով տան գրադարանի գրքերի շապիկները Կորտասարի որոնումներում, նա վերցրեց «Սյունակախաղը»: Գիրքն այնքան նրան դուր եկավ, որ անմիջապես դրանից հետո նա բարեխղճորեն ուսումնասիրեց նաեւ լատինաամերիկյան վեպի երկու հայտնի շարքերը, որոնք հրատարակվում էին «Լուսանցքում»:
Իմ շնչահեղձ ձեռքի ժամացույցը հայրս երկար ժամանակ պահում էր սանդղավանդում, երեւի թե, որ այն չորանար, ժամանակ առ ժամանակ նա բացում էր այն, փչում էր մեխանիզմի վրա, որպեսզի չորանա` այդպես ջրահեղձին են արհեստական շնչառություն տալիս: Բայց այն բանից հետո, երբ երկու շաբաթ անց սադափե փչուկը կենդանության ոչ մի նշույլ չցուցաբերեց, նա հաշտվեց կորստյան մտքի հետ, ժամացույցը նետեց սեղանի դարակը, այն տուփի մեջ, որտեղ ավելի վաղ անշտկելիորեն փչացած ժամացույցներն էին: Նա հավատում էր, որ կգա այն օրը, երբ դրանցից բոլորից թեկուզ մեկը կհավաքի, որը կաշխատի:
Մեկ
Հաջորդ՝ 1989 թվականին ես մեկնեցի ԽՍՀՄ: Ըստ էության, ինչպես եւ նախորդ տարիներին, ես որոշեցի ծովափ ամառային ուղեւորության փոխարեն ավելի մոտիկից ծանոթանալ որեւէ քաղաքի կամ երկրի` տասը օր Լենինգրադում, Մոսկվայում եւ Կիեւում կենալն ինձ խոստումնալից թվաց: Սահմանն անցնելուն պես, երբ հատուկ ամբարձիչի օգնությամբ Բուդապեշտ-Լվով կազմը տեղափոխեցին ավելի մեծ առանցք ունեցող ակերի վրա (գծերի միջեւ ընկած սովետական լայնությունը տարբերվում է եվրոպականից), ես նույն սխալն արեցի, ինչը որ եւ շատ իմ համերկրացիները, այսինքն՝ ռուբլու փոխեցի չափազանց շատ արեւմտագերմանական մարկ. լպստած «վալյուտչիկը» դժվարությամբ էր ձեռքերի մեջ պահում թղթադրամները, որոնք ինձ տվեց ընդամենը երկու թղթադրամի դիմաց: Ըստ էության, գումարն առասպելական չէր, սակայն, հազիվ քնապարկից դուրս գալով, ես համոզվեցի, որ այդչափ սովետական փող ծախսելը պարզապես անհնարին է: Երեւի թե, հատկապես այդ պատճառով իմ ուղեկիցներից ոմանք հաճախ զատվում էին մեր խմբից եւ սկսում էին խուճապահար խանութ փնտրել, ցանկացած խանութ, որը դատարկ չլիներ, որպեսզի գոնե մի բան գնեիր, որպես կանոն, միանգամայն անպետք մի բան: Մոսկվայում, կայսերական Լենինգրադից հետո, մեր գիդը փսկեց, նա ստիպված էր մշտապես արդարանալ, թե այս պատկերասրահը փակ է, թե թանգարանը չի աշխատում, իսկ վաղեմի Նովոդեւիչիի վանքում հենց հիմա սկսվել էր վերանորոգումը, եւ թեթեւացած շունչ քաշելով՝ տուրիստների մեծամասնությունը ճապաղվեց վիթխարի, կիսադատարկ հանրախանութներով մեկ, անասելի քանակությամբ գնելով այն ամենը, ինչ որ դրված էր վաճառասեղանների վրա: Բացառություն էին կազմում երկու ամուսնական զույգերը ու մի պառավ, ով այդ ողջ ուղեւորությունը ձեռնարկել էր մեն-միակ նպատակով` թոռնիկի համար թավջութակ հայթայթելու, քանի որ մենք համարում էինք, որ Ռուսաստանում պատրաստված երաժշտական գործիքներն առանձնանում են հնչողության նրբագեղությամբ եւ, անշուշտ, մեր գրպանին հարմար գնով:
Այնպես որ, երեք օրվա ընթացքում ես գործնականորեն միայնակ զննում էի գահանիստ Մոսկվան: Ղեկավարվելով քաղաքի պլանով, ես ջանում էի հնարավորինս շատ բան տեսնել, ափսոսանքով մեկ-երկու ակնթարթ կրճատելով Տրետյակովկայի որեւէ նկարի հայեցումը, որպեսզի մեկ-երկու պահ ավելի անցկացնեի Կրեմլի պատերով շրջապատված հանրահայտ տաճարներում. բուլվարները ութանակի հատելով, ինչ-որ մի մուտքից ներս հայացք նետելու համար, ուր դեռեւս հեղափոխության տարիներից կարող էր պահպանված լինել հինավուրց բույրը կամ պատի վրա որեւէ մակագրություն, մտնելով տների ստվերների տակ, որովհետեւ այդ բաները երբեմն կարող են ավելին ասել, քան հենց շինությունները: Աստված իմ, ամեն ինչ այստեղ պարզապես վիթխարի էր, իսկ ժամանակն այնքան քիչ էր: Մի՞թե, մտածում էի ես, այս քաղաքը կանգնեցվել է, եւ լայն փողոցները գցված են, եւ շքեղ ճակատամասերը կառուցված են միմիայն այն բանի համար, որ յուրաքանչյուր մարդ, ամեն մի անձ իրեն փոքր զգա՞: Այնպիսին, ում կարելի է քամահրել: Աննշան:
Այդուհանդերձ, Մոսկվայից մեկնելուց առաջ ես էլ դեմ առա այն հարցը լուծելու անհրաժեշտությանը, թե ինչպես ծախսեմ գրպաններումս մնացած անասելի քանակությամբ ռուբլիները` Մուսորգսկու եւ Ռիմսկի-Կորսակովի ձայնասկավառակները, հին փորագրանկարների վերատպությունները, ուղեցույցները, կատալոգները եւ այլն, համարյա ոչինչ չարժեին: Կարմիր հրապարակի վրայի հանրախանութից ես ելա դահուկորդային չորս գլխարկներով, դա միակ ապրանքն էր ողջ երկրորդ հարկում: Երբեք չեմ մոռանա գանձապահուհու թեթեւակի քամահրանքը, ով, դատելով ամեն ինչից, համերկրացիներիս հետ շփվելու փորձ ուներ, եւ գիտեր փողերը շաղ տալու եւ ամբարտավան լինելու նրանց հունարը: Ինչ-որ մի այլ, տուրիստների համար նախատեսված խանութում, տրտում մատրյոշկաների շարքերում, գտա երկուսը փայտից, ձեռամբ նախշազարդած սուրբ Սողոմոն արքայի պատկերով Զատկի ձվեր: Արբատի վրայի անտիկվարիատի խանութում ճաքած ճենապակյա գավաթ գնեցի, արծաթյա գդալների թերի կոմպլեկտ եւ լուսանկարի շրջանակ` արծաթանման լուսաշող ձուլվածքից: Իսկ մետրոյի անցուղում, «Մարքսի պողոտա» մոխրա-մարմարյա կանգառում, երեք անգամ թանկ առա ինչ-որ ինքնաշեն մի գրքի օրինակ` մի բանաստեղծից, ով հարբել էր օղուց եւ իր բանաստեղծություններն արտասանելուց: Բայց առաջվա պես շատ փող էր մնում: Աշխատանքային ժամը մոտենում էր ավարտին, Կիեւում մենք մնացինք ընդամենը երկու օր, եւ ես արդեն մտածում էի, որ ռուբլիները զգալիորեն կլրացնեն իմ մանկական դրամագիտական հավաքածուն, եւ մեկ էլ հանկարծ դեմ առա ժամացույցների խանութին:
Սկզբում ես որոշեցի, որ հազիվ թե հասցնեմ ինչ-որ բան առնել, որովհետեւ նեղ շինությունում տեղի բնակչությունից տեղ-դադար չկար: Հետո ես տեսա, որ իրականում նրանք բոլորը համբերատար կանգնած են միեւնույն հերթում, վաճառասեղաններից մեկի մոտ, ուր ցուցադրված էին միատեսք քրոմե էլեկտրոնային ժամացույցներ, արտասահմանյան, Արեւմուտքում դրանք վաղուց արդեն հասանելի էին, իսկ այստեղ, ինչպես եւ ուզածդ ապրանք «այն կողմից», շատ թանկ էր: Ռուսական արտադրության ժամացույցների վրա ոչ ոք ուշք չէր դարձնում, այդ պատճառով ես հանգիստ ընտրեցի դրանցից երեքը, եւ մեկն էլ` գրպանի, ծախսելով բոլոր մնացած փողերս: Հիշում եմ, որ բոլոր ժամացույցներն էլ անսպասելիորեն հետաքրքիր դիզայն ունեին. քրոջս համար նախատեսված «Զենիթը» անսովոր մեծ թվահարթակ ուներ` քսանչորս հռոմեական թվանշաններով, երկրորդը «Սլավա» մակնիշի էր, երրրորդը, սպորտայինը, նման էր ժամանակակից «Սվոթչին», իսկ այն, որը ես ուզում էի նվիրել հորս` ուղղանկյուն, պճնագեղ «Պոլյոտը», ոսկեջրած տուփով էր: Հիշում եմ նաեւ այն, որ ես շատ գոհ դուրս եկա խանութից մի մոսկվացու հետ, ով մեկ էլ կանգնում եւ երեխայի պես սեղմում էր իր նոր էլեկտրոնային ժամացույցի կոճակները՝ զարմանալով դաստակի վրա պեծկլտացող լույսի քառակուսուց:
Իմ նվերներն ուրախացրին բարեկամներիս եւ ընկերներիս, հայրս սրտառուչ հպարտանում էր իր «Պոլյոտով»: Նա կրում էր այն առանձնահատուկ հանդիսավոր դեպքերում, երբեմն հանգիստ տալով իր դասական, մեխանիկական, տասնյոթ սուտակներով կլոր «Թեքնոսին», որը նա նվեր էր ստացել վաթսունական թվականներին ծառայության տասնամյա հոբելյանի առթիվ:
– Հիանալի է աշխատում…,- ժամանակ առ ժամանակ ասում էր նա՝ լեզուն ճպպացնելով եւ «Պոլյոտի» վայրկյանաչափը ստուգելով հեռուստատեսային լուրերի երկրորդ թողարկումից առաջ: Իմ «գրական» հիմնավորումներն այն բանի, թե ինչու ես երբեք ժամացույցս ձեռքի վրա չեմ կրում, նա առաջվա պես չէր ընդունում:
Երկուս
Մոտավորապես մեկ տարի անց ընկերս, ում հետ ես ճամփորդում էի Հունաստանում, ծովափին կորցրեց «Օմեգա» մակնիշի ձեռքի ժամացույցը: Մենք նստել էինք ընտանեկան փոքրիկ ռեստորանի մի փոքրիկ սեղանի շուրջ, մինչիրիկնային Դելփիքի ստորոտին, սառեցված ռեցին էինք ըմպում, ակռատելով հորած այծի պանրի պատառիկներով եւ մեծ կուտերով կանաչ ձիթապտուղներով, եւ զրուցում էինք այն մասին, թե ինչ էինք արդեն հասցրել տեսնել Սալոնիկում, Մետեորում, Սպարտայում, Էպիդադուրուսում, եւ մեկ էլ նա հիշեց, որ ցերեկը, ներքեւում, ափին հանել էր ժամացույցը եւ դրել էր սրբիչի կողքին: Ծովափ վերադառնալն անիմաստ էր ոչ միայն հեռավորության պատճառով, այլ նաեւ այն բանի համար, որ մենք, երեւի թե, չէինք կարող գտնել այն տեղը անծայրածիր ավազների մեջ, առավել եւս, որ մոտենում էր մակընթացությունը: Բացի դրանից, արդեն սկսվել էր մթնշաղը, արեւից մնացել էր սոսկ շառագույն հետքը եւ տաճարների վերնաճակատներից շողարձակող ջերմությունը, նոճիները վերածվել էին մուգ-կանաչավուն ուրվապատկերների, օրը ծղրիդների ճռոցով մարում էր, ռեստորանի տերը թոռանն ուղարկել էր սեղանների վրա անտիկ լամպի վառված պատճենները դնելու: Պեծկլտացին յուղով ներծծված կանեփե պատրույգները: Բայց չէ՞ որ դեռ գոյություն ուներ ստատիստիկան…
– Պատահում է… Շվեյցարական ժամացույցների պալատը եւ ժամացույց արտադրողների շվեյցարական ֆեդերացիան հետազոտություն էին պատվիրել, որի արդյունքներից հետեւում է, որ ամեն տարի յուրաքանչյուր հիսուներորդ մարդը կորցնում է ժամացույց,- ասաց ընկերս, հավանաբար, մխիթարվելու համար:
– Այո, պատահում է… Բայց այդ դեպքում, ուրեմն, յուրաքանչյուր հարյուրերորդը պիտի որ տարին մեկ անգամ գտներ ինչ-որ մեկի կորցրած ժամացույցը… Իսկ դա, ինչպես ինձ թվում է, տեղի չի ունենում…,- Ես նայում էի զրուցակցիս դաստակին, այն տեղին, ուր բոլորովին վերջերս ժամացույցն էր,- այն ինչ-որ այտուցված տեսք ուներ, ասես հյուսվածքն այդտեղ ծավալվել եւ կլլել էր մեխանիզմը:
– Այո, դա չի պատահում,- կրկնեց նա եւ, ինչպես ինձ թվաց, ձախ ձեռքը դիտավորյալ սեղանի տակ տարավ:
– Իսկ ի՞նչ է պատահում կորցրածի ու գտնվածի միջեւ,- հարցրի ես՝ զննելով ռեստորանի դարաթափի վրայի խաղողի որթը:
Բանն այն է, որ, ինչպես սովորաբար լինում է ծովափնյա վայրերում, տերը, ստվեր ստանալու համար, խաղողի թփերը շղթայել էր սյուներ հիշեցնող բարձր վանդակավոր մետաղյա սյունակների մեջ: Աճող բունը որոշ տեղեր անցքերից սպրդում էր, մետաղը, միախառնվելով հանգուցավոր ոստերին, պալարներին, հաստակոշտուկներին, շատ տեղերում ներաճել էր նրանց մեջ, այնպես որ, դրանք չէին երեւում:
– Ստատիստիկան այդ մասին ոչինչ չի ասում,- ընկերս ուսերը թոթվեց եւ թեման կտրուկ փոխեց, սկսելով խորհրդածել այն միստիկական ժամանակների մասին, երբ Դելփիք էին գալիս մարգարեությունների ակնկալիքով: -Այստեղ, Պառնասի տակ երկրի պորտն էր…
Նա խոսում ու խոսում էր, իսկ ես մտածում էի այն մասին, որ, նա հիմա, երեւի թե, իր մեջ օտար մարմին է կրում, որ հենց այն նույն, Կորտասարի նկարագրած խրոնոպը գտնվում է ինչ-որ տեղ նրա ներսում, որ այն տկտկում եւ ղեկավարում է նրա զարկերակի ռիթմերը, ճիշտ նույնպես էլ ցանցերը խաղողի որթի ներսում ստիպում են ծիլերին չծռվել, այլ ուղիղ աճել, օտար մտահղացմանը համապատասխան:
Թեպետ հորս հետ ես հազվադեպ էի խոսում, մեր ուղեւորության այդ դրվագը նրան մանրամասն վերապատմեցի: Նա մի պահ մտորեց այդ պակասի, այդ տարբերության մասին, հետո վճռաբար գլուխը տարուբերեց, ասես կամենալով անդուր մտքերը վանել:
– Էդ ինչ պարապ բաներ են գլխումդ… Չէ՞ որ ընդհանուր գումարը չի փոխվում… Մաթեմատիկա` դա մաթեմատիկա է, այդտեղ ոչ մի կամայական բան չկա,- ասաց նա ավելի բարձր, քան սովորաբար, ինչպես մի մարդ, ով առաջին հերթին ուզում է ինչ-որ բանում համոզել կամ խաբել ինքն իրեն:
Երեք
Փոքրիկ ճանապարհային «Բրաուն» զարթուցիչը` (նրա թվատախտակը փակվում էր հատուկ կափարիչով) ես բերել էի Գերմանիայից 1991 թվականի մայիսին։ Ես կարծում էի որ այն իմ համեստ ճամփորդությունների ժամանակ պետք կգա, ես ոչ մի կերպ չէի կարող ենթադրել, որ մոտակա տասը տարիներին ես չեմ կարողանա որեւէ տեղ գնալ, որ ես չեմ կարողանա երկրիս սահմաններից դուրս գալ, եւ ոչ մի պետություն չի կամենա ընդունել իմ համերկրացիներին: Հայրս լուռ զննում էր «Բելգրադ-Ֆրանկֆուրտը Մայնի վրա-Բելգրադ» ավտոբուսի տոմսը, ուղեբեռների պիտակները, պատկերասրահների տոմսերը, Զենկենբերգի բնապատմական թանգարանի կատալոգը, Ռուբենսի, Դյուրերի, Բոսխի, Շագալի վերատպություններով տասնյակ բացիկները եւ Յան վան Էյկի «Ֆրանկֆուրտի Աստվածամոր» մեծ արտատպությունը, սերբերեն-գերմաներեն գրպանի բառարանը, երկար էջանիշն այն տանից, ուր ապրել է Գյոթեն, մի այլ էջանիշ մեծ գրողի դաջված ստորագրությամբ, «Մանրակերտ հնագույն քանդակի թանգարանի» հավաքածուի կատալոգը, թեյավաճառ խանութի հաշվեթուղթը եւ չինական ռեստորանի հաշիվը, անվճար բուկլետը Հոլոքոստի դահլիճից՝ տվյալներով առ այն, թե որքան զոհեր էին տվել տեղի հրեաները պատերազմի ժամանակ, բրոշյուրներ Հեռավոր Արեւելքի եւ սրբապատկերների թանգարաններից, նկարազարդ ուղեցույց Բուսաբանական այգու արեւադարձային տաղավարից, Բախի երգեհոնի համար գրված, ռե մինոր տոկատա եւ ֆուգայի, սուրբ Բարդուղիմեոսի տաճարում կատարվող համերգի տոմսը, ծավալուն մի մենագրություն Հայդելբերգի մասին, շվաբական պանրով յուրահատուկ տորթի բաղադրատոմսը «Ռիտեր» հրուշակարանից, Գուտենբերգի հուշարձանի մոտ իմ լուսանկարները Զամստանբերգի գեղակերտ տների ֆոնին, ռոմանտիկ անվանումներով տների, «Մեծ եւ փոքր հրեշտակները», «Ոսկե գրիչը», Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահի հատընտիր ցուցադրանմուշների պլակատը, Լեոնարդո դա Վինչիի «Ավետման» հատվածի պլակատը, գինու շշերի մի քանի պիտակներ, գարեջրի գավաթների կարտոնե կլորակները եւ այլ հրատարակչական եղանակով տպագրված իմ ճամփորդության ապացույցները: Ես հավաքում էի այդ ամենը, մտածելով այն մասին, որ, վաղ թե ուշ, շատ բան կարող է ինձ պետք գալ պատմվածքների վրա աշխատելիս: Այսպես, հայրս բավական երկար զննում էր իմ հավաքածուն, բայց ամենից երկար նրա ուշադրությունը սեւեռվեց հենց այն ճանապարհային ժամացույցի վրա, որին կից կար մանրագույն տառատեսակով տպված երաշխավորագիրը:
– Լավ ձեռքբերում է… Շատ լավ ձեռքբերում է,- կրկնեց նա մի քանի անգամ:
– Պատկառելի բան է… «Բրաուն»` հիանալի ֆիրմա է… Հուսալի արտադրող… Մենք «Բրաուն» մազերի ֆեն ունեինք, տասնութ տարի ծառայեց,- հավելեց նա, ստուգելով, թե ներսում ինչ մարտկոցիկ է:
– Ալկալինե է, դա լավ է, դու էլ միշտ դրանցից դիր, մյուսները կարող է փսկեն… Գերմանացիք չափազանց կարգապահ ժողովուրդ են… Ամեն ինչում սիրում են ճշգրտությունը… Հիմա արդեն գործից չես ուշանա,- ավարտեց նա, գոհ, որ ես վերջապես, թեկուզ եւ երեսուն տարեկանում, դադարել եմ պարապ բաներ առնել եւ սկսել եմ տնտեսություն կուտակել:
Իսկ հետո խնդրեց, որ ես թեկուզ ինչ-որ կերպ իր համար թարգմանեմ ճնշում չափող էլեկտրական ապարատի ուղեցույցը, միակ իրը, որ նա խնդրել էր բերել իմ ճամփորդություններից: Ի վերջո, երեք անգամ փորձարկելով այդ գործիքը, նա հայտարարեց, որ կասկածում է փոքրիկ էկրանի վրա փայլկտող թվանշանների ճշգրտությանը.
– Ինչ-որ չափազանց շատ է ցույց տալիս, ես ինձ հիասքանչ եմ զգում:
Չորս
1992-ի հունվարին ես զորահավաքի ծանուցում ստացա: Այն բերեցին գիշերը, ժամը երեքին մոտ, կարծես պատերազմը նոր էր սկսվել, թեեւ, հնարավոր է, այն երբեք չէր էլ դադարել: Կինս հեշտությամբ հավաքեց բոլոր անհրաժեշտ բաները, մենք վերջերս էինք սկսել միասին ապրել, եւ պուճուրիկ ծածկապատշգամբում, որը մենք վարձակալել էինք, իրերի համար պարզապես տեղ չկար… Սակայն, երբ առավոտյան հինգի մոտ ես ժամանեցի հավաքակայան, որը քաղաքից դուրս էր, պարզվեց, որ աճապարելու բան չկա: Կեսօրին հանկարծ հայտնվեց հայրս, քամահրելով ոլորապտույտ ճանապարհը, քայլեց ուղիղ, ասես վախենալով, որ ինձ համար պատրաստված ժպիտը երկար չի մնա իր դեմքին, ձեռքին մի ծանրոց էր, որ մայրս էր ինձ ուղարկել, եւ իմ ձեռքի ժամացույցը:
– Ես այն գտա պահարանի վրա,- սկսեց նա ասես հանդիմանանքով, թեպետ պարզ երեւում էր, որ իրականում ինձ լրիվ այլ բան էր ուզում ասել:
– Շատ շնորհակալություն,- ասացի ես եւ ժամացույցը խրեցի գրպանս:
Մի ինչ-որ պահ թվաց, թե հայրս ահա-ահա կարտաբերի այն ինչ-որ այլ բանը, բայց նա մտափոխվեց: Կարեւոր չէ: Չոր սառցակալած օդում ամենայն խոսք դառնում էր գոլորշի, տաք ամպիկ:
– Բոլորը քեզ բարեւներ են ուղարկում:
Դրանից քիչ անց մենք հարձակման հրաման ստացանք: Եվ արդեն ավտոմայրուղու վրա, շնորհիվ մեր գերաչալուրջ պահեստային կապիտանի հնարամտության, ճամփից շեղվեցինք: Ավելի ուշ պարզվեց, որ մեր ողջ զորաբաժանմունքը սխալմամբ էր գործի դրվել, այնպես որ, մենք մարտնչեցինք ընդամենը մի քսան օր, սկզբում մենք պարեկություն էինք անում ինչ-որ խաղաղ գյուղում, իսկ հետո նույնատիպ հանձնարարությամբ մեզ ուղարկեցին մի այլ տեղ, որը ժամանակ առ ժամանակ գնդակոծվում էր ականանետերից: Սուլոցից մինչեւ պայթյունը մի քանի ակնթարթ էր անցնում: Հենց վերադարձից առաջ, իմ վերջին գիշերային հերթապահության ժամանակ, դիպուկահարի փամփուշտը մեջքից, ինչ-որ տեղից մեխվեց կեչու բնի մեջ, իմ գլխի կողքին: Ես բերանքսիվայր նետվեցի կեղտի մեջ: Նեխած տերեւների հոտ էր փչում: Կես ժամ հետո, երբ ես ոտքի ելնելու համարձակություն հավաքեցի եւ ցուցամատով շոշափեցի տամուկ բացված կեղեւը, ցցված տաշեղները, կեչու մածուցիկ հյութը, ցաքուցրիվ եղած բնափայտի մազաթելերը եւ խորքում, ամենահատակին՝ պաղ փամփուշտը, ինձ թվաց, թե ես դիպել եմ սեփական ծոծրակիս անցքին:
Ամենամեծ հրաձգությունը սկսվեց արդեն մեր վերադարձից հետո: Հորս ես գտա ծխախոտը ձեռքին: Այդ ընթացքում նա դարձյալ սկսել էր ծխել: Չեմ հիշում այն ամենը, ինչ նա ինձ ասում էր, բայց դեմքի այն արտահայտությունը, թե կարծես ինչ-որ բան է ուզում ասել եւ չի զորում ասել, հավերժորեն մնաց:
Հինգ
«Լոնժինը» կինս նվեր էր ստացել իր հորից դեռեւս ուսանող ժամանակ, Իրանա-իրաքյան պատերազմն ազդարարելուց անմիջապես հետո: Ապագա աներս այն ժամանակ ընդհարման սկզբին նախորդող մի քանի շատ տոթակեզ ամիսներ անցկացրեց Մոսուլի շրջակայքում, ուր նա աշխատում էր ստորգետնյա ռազմական օբյեկտում, երբ այս ամենը սկսվեց, շինարարությունը կանգ առավ: Ողջ հարավսլավական խումբը տեղափոխեցին մայրաքաղաք, իսկ աներս իր վերջին օրն Իրաքում բավական անսովոր անցկացրեց, միանգամայն ոչ այնպես, ինչպես մյուսները: Նրա աղջիկը ուսանում էր հնէաբանության բաժնում, եւ մեկնելուց առաջ աներս կամեցավ իր աչքերով տեսնել Հին Բաբելոնի մնացուկները, որպեսզի թարմ հետքերով, արդեն հաջորդ օրը նկարագրեր դրանք աղջկան: Ինքնաթիռի տոմսը կորցնելու վտանգին ենթարկվելով, նա տաքսի վարձեց, որը, ռազմական իրադրության պատճառով, տեղ էր սողում հինգ ժամվա ընթացքում, այնտեղ նա կարողացավ մնալ ընդամենը մեկ ժամ, իսկ վերադառնալու վրա եւս յոթ ժամ ծախսեց՝ երկրորդ անգամ հաղթահարելով տասնինը վերահսկողական-անցագրային կետերը, ուր նրան երբեմն հաջողվում էր բացատրել իր ճամփորդության պատճառները, իսկ երբեմն չէր հաջողվում, եւ այդ ժամանակ ստիպված էր լինում Ռազմական ոստիկանությանը կաշառելու: Զարմանահրաշ գեղեցկության կանացի ժամացույցը նա ձեռք էր բերել Բաղդադի օդանավակայանում, վերջին քաղաքացիական չվերթից տասը րոպե առաջ, վճարելով ունեւոր հաճախորդների համար նախատեսված խանութում բավական պատկառելի գումար: Դա բարալիկ նրբագեղ ժամացույց էր, եւ նրանցից, որի շատ ու շատ բարձր գինը արդարացվում է, եւ համարյա հարթ մակերեսով էր եւ «հավերժական» դիզայնով եւ այն շատ բաներ ներող փաստով, որ դրանք արտադրվում են շատ քիչ քանակությամբ: Եվ բացի այդ՝ պարզվեց, որ իմ կնոջ նուրբ դաստակին այդ «Լոնժինը» պարզապես հիանալի տեսք ունի:
Ժամացույցը տասը տարի անթերի աշխատում էր: Իսկ հետո, հավանաբար այն պատճառով, որ կինս նրանից չէր բաժանվում «դաշտում», այսինքն՝ պեղումների ժամանակ, եւ հնէաբանական փոշին այդուհանդերձ կարողացել էր ներթափանցել նրա նրբին ընդերքը, սլաքները կանգնել էին: Հաստատ չեմ հիշում, թե ինչու մենք որոշեցինք այն վերանորոգման տալ 1993 թվականին, այն գարնանը, երբ տիրում էր համընդհանուր անփողությունը: Գուցե թե այն պատճառով, որ մնացած բաները շտկել անհնար էր: Կարճ ասած, թե աներս, եւ թե հայրս միաձայն սատարում էին մեր մտադրությանը, ճիշտ է, որպես տեխնիկային մոտ կանգնած մարդիկ, նրանք պնդում էին, որ «Լոնժինը» չի կարելի տալ «սովորական» ժամագործի ձեռքը, այլ հարկ է գտնել ֆիրմայի լիազորված ներկայացուցչի։ Այդպիսինը, ինչպես ես պարզեցի, մեկն էր, ոնց որ թե Աբրամովիչ ազգանունով, կամ դրա նման մի բան, եւ նրան պետք էր փնտրել Իշխան Միխայիլի փողոցի ծայրին:
Այսպիսով, ես տարա ժամացույցը վերանորոգման ապրիլին կամ մայիսին: Դույզն-ինչ կասկած չէր հարուցում այն, որ արհեստանոցի տերը խնամված մորուսով մի տարեց մարդ էր, ով տառացիորեն ախորժանք էր ապրում այն բանից, որ իրեն է վստահված այդպիսի նմուշօրինակը: Նա հանդիսավոր տեսքով խոշորացույցն աչքին դրեց, թեքվեց սեղանի վրա, հետո երկար տնտղում էր իր քրոմավոր երկաթաթիթեղները, փնտրելով ետեւի տուփը բացելու հարմար մի գործիք, իսկ հետո համատարած լռության մեջ մոտ տասը րոպե զննում էր նուրբ մեխանիզմը:
– Ձեր կնոջ… դուք ասացիք, որ ժամացույցը նրան է պատկանում, հազվագյուտ, հիասքանչ, բացառիկ,- սկսեց նա հաճոյախոսությունների շարանը, մանրակրկիտորեն ընտրելով արտահայտությունները եւ ազդեցիկ դադարներ տալով, ասես թե ինչ-որ պոեմ էր արտասանում, այնժամ, ինչ ես խորհրդածում էի, թե ինչով է հարուցված այդչափ թատերական վարքը` այն բանով, որ «Լոնժինը» իրոք որ նրա վրա այդպիսի տպավորություն էր թողել, թե ինձ ազդեցիկ գումարից ազատվելուն նախապատրաստելու ցանկությամբ:
Արդյունքում նա փողի մասին նույնիսկ չհիշատակեց, եւ ես որոշեցի, որ վերանորոգման գնի մասին հարցնելը, հավանաբար, պատշաճ չէ: Պարզապես ենթադրվում էր, որ համանման դեպքերում մանրուքների ետեւից չեն ընկնում, եւ այդ ենթադրությունը հաստատվեց, երբ կինս եկավ ժամացույցի ետեւից: «Լոնժինի» միակ ներկայացուցիչը երկրում նրան սիրալիր գլխապտույտ գումար հաղորդեց, անշուշտ՝ արտարժույթով, որով այն ժամանակ մի երեք ամիս կարելի էր ապրել: Եվ դրանից զատ նա համոզել էր կնոջս փոխել մաշված կաշեգոտին:
– Չէ՞ որ այդպիսի ժամացույցը պահանջում է,- նա հանեց եւ նրա առջեւ ալ կարմիր թավշով պատված մի տուփ բաց արեց,- ինչ-որ անսովոր մի բան, ես կասեի՝ տարաշխարհիկ, ինչպես այս պոլինեզյան մողես-վարանից պատրաստած կաշեգոտին…
Կնոջս այդ ոչ այնքան անհրաժեշտ ծախսը վշտացրեց: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես առանձնապես չէի ափսոսում: Քանի որ մենք այլ բան անել չէինք կարող, ապա գոնե վերանորոգեցինք այդ թանկարժեք ժամացույցը: Միակ բանը, ինչից ես երկյուղում էի, խրոնոպներն էին, եւ ես կնոջս ուշադրությունը հրավիրում էի այն բանի վրա, որ հարկ է ժամացույցն անմիջապես հանել, եթե նա թեկուզ աննշան եռուքոր կամ այրոց զգա:
Այդ տարի «Լոնժինի» վերանորոգումը մեր տան խոսակցությունների համարյա թե միակ հաճելի թեման էր: Աներս, իհարկե, ոչ մի կերպ դրանք չէր մեկնաբանում, բայց եւ չէր թաքցնում իր գոհունակությունն այն բանից, որ մենք կյանքի ենք կոչել իր նվերը, եւ, ի դեպ, նա առիթից օգտվեց, որպեսզի մի անգամ եւս պատմի դեպի Բաբելոն իր ճամփորդության եւ հետդարձի մասին ռազմական պայմաններում, չմոռանալով տասնինը վերահսկիչ-անցագրային կետերից եւ ոչ մեկի մասին` ինչպես գնալիս, այնպես էլ ետդարձի ճամփին: Հայրս երբեմնակի հետաքրքրվում էր՝ արդյո՞ք ժամացույցը լավ է աշխատում, եւ հավելում էր.
– Ճիշտ արեցիր: Անկասկած: Նրան սազում է…
Ութ տարի անց, իսկ դա այնպիսի երկար ժամկետ է, որ այդ ընթացքում ողջ կատարվածը կարելի էր վերածել պատմվածքների մի ամբողջ ժողովածուի, «Լոնժինը» դարձյալ կանգ առավ: Այս անգամ մենք այն ոչ մի տեղ չտարանք: Կինս առաջարկեց այդ անել այն օրը, երբ մեր դուստրը չափահաս կդառնա, նա որոշեց այդ առթիվ ժամացույցը նվիրել նրան: Ես համաձայնեցի, առավել եւս, միեւնույն է, այդպես էլ կլիներ, եթե ես նույնիսկ դեմ լինեի: Մի անգամ օրվա երկրորդ կեսին մենք գնացինք «Սավիչ» խանութ, որտեղ կինս իր համար ընտրեց ոչ այնքան թանկ ուղղանկյուն «Սիթիզն»: Այն շատ լավ նայվում էր նրա ձեռքին:
(Շարունակելի)