Թուրքիայի հյուրանոցային գործարարության ներկայացուցիչները զբոսաշրջության նոր սեզոնում խոստանում են ճկուն գնային քաղաքականություն վարել ռուսաստանցի զբոսաշրջիկների նկատմամբ: Այդ մասին հաղորդել է Միջերկրական ծովի հյուրանոցների ներկայացուցիչների միության (ԱԿՏՕՎ) ղեկավար Սուրուրի Չորաբաթիրը: Նրա խոսքով՝ ռուսաստանցիների շրջանում ժողովրդականություն վայելող Թուրքիայի ծովային առողջարանների հյուրանոցներում գները կհավասարակշռվեն այս տարի Ռուսաստանից արտագնա զբոսաշրջության ծավալի 20-25 տոկոս հնարավոր կրճատման առնչությամբ, որի պատճառը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքներն են: Ռուսաստանը Թուրքիայի խոշորագույն տուրիստական գործընկերն է: Անցյալ տարվա արդյունքներով, այն առաջ է անցել Թուրքիային հիմնական զբոսաշրջիկներ «մատակարարողից»՝ Գերմանիայից: Ըստ Ռուսաստանի պաշտոնական տվյալների՝ 2008թ. այդ երկիր է այցելել 2,2 միլիոն ռուսաստանցի, ինչը 15 տոկոսով ավելի է 2007թ. համեմատությամբ:
«Գների կարգավորման» քաղաքականությունը նախատեսում է, որ հյուրանոցները կիջեցնեն սակագները՝ ելնելով դրանցում ազատ տեղերի առկայությունից»,- ասել է Չորաբաթիրը:
«Օրինակ, եթե հուլիսին կամ օգոստոսին հյուրանոցը լեփ-լեցուն է, ապա այդ շրջանում գներն իջեցնելու անհրաժեշտություն չկա: Միեւնույն ժամանակ, եթե հունիսը թույլ է տալիս իջեցնել գները, ապա դրանք կկարգավորվեն»,- պարզաբանել է ԱԿՏՕՎ-ի ղեկավարը: Թուրքիայի զբոսաշրջության ինդուստրիայի ներկայացուցիչները չեն բացառում, որ հյուրանոցներում «հակաճգնաժամային զեղչերը» կարող են միջին հաշվով հասնել նախնական գնի 15 տոկոսին: