Պատրանքներ չունեն

19/03/2009

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը Ճգնաժամերի կանխման միջազգային խմբի փոխնախագահ Ալան Դելատրոզի եւ այդ կազմակերպության անդրկովկասյան բաժանմունքի տնօրեն Լորենս Շիթսի հետ նախօրյակին կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Աբխազիան մտադիր չէ մտնել ՌԴ-ի կամ որեւիցե այլ պետության կազմի մեջ: «Մենք կառուցում ենք անկախ, իրավական, ժողովրդավարական պետություն եւ մտադիր չենք ընկրկել այդ ճանապարհից, ինչ ջանքեր էլ որ մեզանից պահանջվեն»,- ասել է Բաղապշը: Նա ընդգծել է, որ «երկրի ղեկավարությունը բանակցություններ չի վարի Սահակաշվիլիի ռեժիմի հետ»: Նա հանդես է եկել Աբխազիայում ՄԱԿ-ի առաքելության ներկայությունը պահպանելու օգտին, բայց դեմ է արտահայտվել Եվրամիության դիտորդների ներգրավմանը: Նրա խոսքով` «Եվրամիությունը միանշանակ աջակցում է վրացական կողմին»:

Դրա հետ մեկտեղ՝ Բաղապշը հայտնել է, որ «Աբխազիան պատրաստ է համագործակցել բոլոր այն երկրների հետ, որոնք կցանկանային բնականոն հարաբերություններ հաստատել նրա հետ»: «Մենք պատրանքներ չենք տածում այն կապակցությամբ, որ վաղն ամբողջ աշխարհը կճանաչի մեզ, բայց կարեւոր է, որ մեզ ճանաչել է աշխարհի ամենախոշոր երկիրը` Ռուսաստանը»,- նշել է նա: