Անցած շաբաթ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ֆինանսական բլոկի մի քանի նախարարներ պատրաստվում են հրաժարական ներկայացնել: Տ. Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե նման լուրերի տարածումը «գործիք» է, որը քաղաքական ուժերն օգտագործել են իր դեմ: Մեր տեղեկություններով, այդ լուրը շրջանառության մեջ է դրվել ՀՀԿ մի քանի անդամների կողմից: Մարտի 9-ին ՀՀԿ խորհրդի նիստում հակաճգնաժամային ծրագրերը ներկայացնելու ժամանակ վարչապետը լուրջ տարաձայնություններ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, եւ ՀՀԿ-ականների մի մասը դա ընդունել է՝ որպես Տ.Սարգսյանի հրաժարականի նախերգանք: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում հերքել է լուրերը, թե իրենց կուսակցության խորհրդի նիստում տարաձայնություններ են եղել: «Կարծում եմ, որ այդպիսի ցանկություններ կան, բայց նիստը շատ հանգիստ է անցել»,- ասել է նա: