Ուր է տանում սահմանադրական ճանապարհը

17/03/2009

Կիրակի օրը Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղաքական խորհրդի եւ կենտրոնական գրասենյակի համատեղ նիստում որոշում է կայացվել, որ Երեւանի քաղաքապետի եւ ավագանիների` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում ՀԱԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նույն որոշմամբ, ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Այս որոշումը որքան տրամաբանական, նույնքան էլ անսպասելի էր: Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններին մասնակցելու որոշումը: Այսինքն` ինչպես անցած տարի նրա մասնակցությունը փոխեց նախագահական ընտրությունների ընթացքը, այնպես էլ մայիսի 31-ի քաղաքապետի ընտրությունների նախընտրական շրջանն ու ընտրությունները կանցնեն միանգամայն այլ պայմաններում, քան կլիներ Լ.Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում: Եվ ակնհայտ է, որ առաջիկա երկու ամիսների ներքաղաքական զարգացումների ու մայիսի 31-ի ընտրությունների հիմքում դրվելու է այն ձեւակերպումը, որով

ՀԱԿ-ում պայմանավորում են Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը. Երեւանի քաղաքապետի ընտրությունը լինելու է 2008 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Դատելով իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների երեկվա` թեկուզեւ ոչ բացահայտ ձեւակերպումներով արձագանքներից, իշխանությունները եւս ընդունել են, որ ընտրություններն ընթանալու են այդ խաղի կանոններով: