Հերթականը

17/03/2009

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի որոշումը` Հայաստանի եւ Նիկարագուայի հետ կորպորացիայի համագործակցության հարցը վերանայելու վերաբերյալ` ելնելով երկու երկրներում առկա կառավարման հարցերի շուրջ եղած մտավախություններից: «Մենք ընդունել ենք այդ որոշումը՝ որպես դրական նշան: «Հազարամյակի մարտահրավերների» նոր խորհուրդը աչալուրջ կլինի, որ իր գործընկեր երկրները հետեւեն կորպորացիայի հետ պայմանագիր ստորագրելուց հետո բարեփոխումներ իրականացնելու բոլոր պարտավորություններին»,- հայտարարել է «Freedom House»-ի գործադիր տնօրեն Ջենիֆեր Վինդզորը: Իսկ կազմակերպության հետազոտական բաժնի տնօրեն Քրիստոֆեր Ուոլերն ասել է. «Բացասական երեւույթները թե՛ ՀՀ-ում, թե՛ Նիկարագուայում, որոնց ականատեսն ենք մենք, ամբողջովին արդարացնում են տնօրենների խորհրդի որոշումը: Հույս ունենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան բովանդակալից երկխոսություն կսկսի 2 երկրների կառավարությունների հետ` ուշադրությունը կենտրոնացնելով հստակ քայլերի վրա, որոնք նրանք պետք է ձեռնարկեն իրենց երկրներում կառավարման մեխանիզմները բարելավելու համար»: «Խորհրդի որոշումը ստիպում է երկրի կառավարությանը հասկանալ, որ մի քանի տարի շարունակ իրենց չի հաջողվել լուծել անհանգստացնող հարցերը, որոնք բարձրացվել էին ոչ միայն կորպորացիայի, այլեւ ԱՄՆ-ի կառավարության այլ վարչությունների, ինչպես նաեւ՝ միջազգային հանրության կողմից: Այժմ ՀՀ-ի վրա դրված է խորհրդի վստահությունը վերականգնելու պատասխանատվությունը՝ ժողովրդավարության եւ ճշգրիտ կառավարման հարցերում: «Հազարամյակի մարտահրավերները» ՀՀ իշխանություններին էական բարեփոխումներ իրականացնելու բոլոր հնարավորություններն ընձեռել է: Կորպորացիան կշարունակի իր անմիջական երկխոսությունը՝ ակնկալելով հետագա առաջընթաց»,- նշել է կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Ռոդնի Բենթը: Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը մարտի 11-ին քննարկել էր կորպորացիայի ծրագրերը, մասնավորապես` ՀՀ-ի եւ Նիկարագուայի հետ համագործակցության հարցերը: Հաշվի առնելով ՀՀ-ում եւ Նիկարագուայում կառավարման բնագավառում առկա խնդիրները` խորհուրդը որոշել է հրավիրել արտահերթ միջանկյալ նիստ՝ հունիսի նիստի նախաշեմին, որի նպատակն է՝ գնահատել այդ երկրների հետ համագործակցությունը: Մինչ այդ ՀՀ-ին տրամադրվող ծրագրերից մեկի ֆինանսավորումը դադարեցվել է: