Հեռացրեց նաեւ պաշտպաններին

17/03/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ «7-ի գործով» դատավարությանը չէին մասնակցում Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը եւ Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Ս.Ոսկանյանը դատարանին տեղյակ էր պահել, որ անբարենպաստ եղանակի պատճառով ճանապարհային խնդիրներ են առաջացել, եւ դատական նիստին կներկայանա 30 րոպե ուշացումով: Հ.Արսենյանն էլ դատարանին տեղեկացրել է, որ Ս.Միքայելյանը հրաժարվում է իր ծառայությունից: Հիշեցնենք, որ Հ.Արսենյանը «7-ի գործով» նաեւ Ալեքսանդր Արզումանյանի ու Մյասնիկ Մալխասյանի պաշտպանն է: Դատավարության առաջին նիստերի ժամանակ` անցած տարվա դեկտեմբերին, Ս.Միքայելյանի պաշտպանությունը պետք է ստանձներ փաստաբան Արթուր Գեւորգյանը, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը մինչեւ հիմա չի անդրադարձել այդ հարցին: ««7-ի գործով» կա 6 մեղադրյալ, եւ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ քաղբանտարկյալներից յուրաքանչյուրն ունենա իր առանձին պաշտպանը: Իմ պաշտպանյալը տեղյակ չէ դատավարության ընթացքից: Դատավորը թույլ չի տվել, որ ես հանդիպեմ Ս.Միքայելյանի հետ: Ես չեմ կարողացել կազմակերպել այդ հանդիպումն ու արդյունավետ պաշտպանությունը, դրա համար էլ Ս.Միքայելյանը հրաժարվել է իմ պաշտպանությունից»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Հ.Արսենյանը: Մ.Մարտիրոսյանը, սակայն, երեկ չընդունեց իր փաստաբանից հրաժարվելու մասին Ս.Միքայելյանի գրավոր հայտարարությունը: Մեղադրող Կորյուն Փիլոյանն էլ ընդդիմացավ, թե Ս.Միքայելյանի` փաստաբանից հրաժարվելու փաստը չպետք է պատճառ դառնա դատավարությունը ընդհատելու համար: «Եթե այսպես շարունակվի, մենք ոչ միայն չենք կարող պաշտպանել մեր պաշտպանյալների շահերը, այլեւ` մեր իրավունքները, եւ ստիպված կլինենք հրաժարվել այս գործից»,- հայտարարեցին «7-ի գործով» քաղբանտարկյալների պաշտպաններն այն բանից հետո, երբ Մ.Մարտիրոսյանը որոշեց Հ.Արսենյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու համար դիմել Փաստաբանական պալատ:

Այնուհետեւ քաղբանտարկյալների փաստաբաններն առանձին-առանձին հիմնավորեցին, որ դատավոր Մ.Մարտիրոսյանի ստեղծած պայմանների պատճառով չեն կարող մասնակցել «7-ի գործի» դատավարությանը: «Ես գտնում եմ, որ չեմ կարող պաշտպանել Մ.Մալխասյանի շահերը: Մենք տարաձայնություններ ունենք: Ես նրա հետ չեմ հանդիպել սեպտեմբերից»,- հայտարարեց Մելանյա Առուստամյանը, ով Հ.Արսենյանի հետ պաշտպանել է Մ.Մալխասյանի շահերը: Նա հայտնեց, որ Մ.Մարտիրոսյանը` «7-ի գործով» քաղբանտարկյալներին դատարանից հեռացնելով եւ ամեն օր դատական նիստ նշանակելով` հնարավորություն չի տալիս պաշտպաններին հանդիպել քաղբանտարկյալների հետ, միջնորդությունների ու հայտարարությունների շուրջ ճշտել նրանց տեսակետները: Սուրեն Սիրունյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանն էլ ավելացրեց, որ առանց քաղբանտարկյալների դատավարությանը մասնակցելով` պաշտպաններն իրենց վրա կրկնակի պատասխանատվություն են վերցնում, դատավորն էլ, օգտվելով քաղբանտարկյալների բացակայությունից` փորձում է հնարավորինս արագ եւ շատ գործողություններ կատարել:

Դատավոր Մարտիրոսյանն անտեսեց փաստաբանների բոլոր հայտարարությունները, ինչը հիմք հանդիսացավ, որպեսզի նրանք հանդես գան համատեղ հայտարարությամբ: Նիստին ներկա փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանը, Մ.Առուստամյանը, Ս.Ոսկանյանը եւ Վ.Էլբակյանը իրենց գործընկեր Հ.Արսենյանի նկատմամբ դատավորի կայացրած որոշումը համարեցին անհիմն, իսկ «7-ի գործի» դատավարությանը իրենց մասնակցելը` անիմաստ: «Ձեր կողմից այս գործով անցնող փաստաբանների նկատմամբ սանկցիա է կիրառվում: Մենք ստիպված կլինենք հրաժարվել այս գործից` այստեղ ընթացող արդարադատության իմիտացիային չմասնակցելու համար: Ձեր կողմից կայացրած որոշումը չի բխում ոչ միջազգային նորմերից եւ ոչ էլ մեր օրենքներից»,- նշված է հայտարարության մեջ:

«7-ի գործով» քաղբանտարկյալների պաշտպանները պատրաստվում են չմասնակցել դատավարությանն այնքան ժամանակ, քանի դեռ դատավոր Մարտիրոսյանը չի գործում օրենքի շրջանակներում: «Այս դատական նիստում մեր մասնակցությունը չի բխում մեր պաշտպանյալների շահերից»,- հայտարարեցին փաստաբանները: Մ.Մարտիրոսյանը դատարանում ներկա քաղբանտարկյալների հարազատների ծափերի ուղեկցությամբ միայն հասցրեց հայտարարել, որ «7-ի գործով» դատավարությունը կշարունակվի այսօր` ժամը 13։00-ին:

Հ.Գ.
Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրությունների շուրջ քննարկումներում վերջին օրերին շրջանառվում էր մի վարկած, ըստ որի՝ Հայ Ազգային կոնգրեսը համամասնական ցուցակում կարող է առաջադրել նաեւ քաղբանտարկյալների անունները: Եվ բացառված չէ, որ անցած շաբաթվանից քաղբանտարկյալներին, իսկ երեկ նաեւ նրանց պաշտպաններին դատարանից հեռացնելով՝ Մ. Մարտիրոսյանը փորձում է կանխել նման հնարավորությունը: Այսինքն` բացառված չէ, որ նրան պատվեր է իջեցվել մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների հաստատումը հրապարակել «7-ի գործով» քաղբանտարկյալների դատավճիռը: Իսկ դա կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե քաղբանտարկյալներն ու նրանց պաշտպանները չմասնակցեն դատական նիստերին: